Բոլորը պետք է կանգնեն դատաստանի առաջ


Բոլորը պետք է կանգնեն դատաստանի առաջ

  • 12-04-2016 18:54:06   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Lragir.am-ի զրուցակիցն է տնտեսագետ Վարդան Բոստանջյանը

 

Պարոն Բոստանջյան, քառօրյա ռազմական գործողություների ընթացքում ակնառու դարձան Հայաստանի կառավարման համակարգի թերությունները, պարզվեց, որ տնտեսական ոլորտում ապիկար քաղաքականությունն անմիջական կապ ունի երկրի անվտանգության հետ, որ կոռուպցիան ուղիղ հարված է հասցրել ազգային անվտանգությանը: Ինչպե՞ս սա կմենկաբանեք:

 

Այդ քաղաքականությունը մեծապես, ուղղակի ու ընդգծված հարված է հասցրել մեր երկրի անվտանգությանը: Անգամ անզեն աչքով կարելի է տեսնել, թե ինչի հանգեցրեց այս ամենը: Մենք սարսափելի թանկ են վճարել այս ամենի համար, մեր 18-20 տարեկան տղաների արյունը թանկ է, փառք նրանց, բայց դա մեզ չի սփոփում: Այս ամենի պատասխանատուն կառավարման համակարգն է: Բոլորը պետք է կանգնեն դատաստանի առաջ՝ դա կլինի մարդկային, թե աստվածային դատաստան: Թող չկարծեն, թե իրենք վայելում են, իրենք էլ են մեղք, իրենք էլ են դժբախտ ու անիծված, այդ ամենը տեղափոխում են իրենց զավակների ու զավակների զավակների վրա: Չի կարելի ուրիշի քրտինքն ուտել այսպիսի անշնորհք ձևով, ինչի պարագայում մեր երիտասարդները հանուն հայրենիքի ու հանուն մեզ նահատակվեցին:

 

Պարզվեց, որ մեր բանակի համար անհրաժեշտ սպառազինությունն ու գումարը չկա, հասարակությունն է դրամահավաք սկսել, արդեն մոտ 3 մլն դոլար է հավաքվել: Ո՞ւր են գնացել անվտանգությանն ուղղված միջոցները:

 

Բոլոր որոշում ընդունողներն ու կառավարողներն իրենց քայլերը հիմնավորելու համար,- իսկ իրենց քայլերը ոչ այլ ինչ են, քան հնարավոր մեր սուղ միջոցները փոշիացնելն ու գողանալը, - ասում են՝ բանակ ենք պահում: Սա՞ է ձեր պահած բանակը: Երբ ասում ենք՝ կառավարման համակարգ, դա զուտ բառակապակցություն չէ, իր մեջ հազարավոր անսահմանափակ բաղադրիչներ ունի՝ զենքի արդիականացում, կառավարման մակարդակի բարձր արդյունավետության ապահովում, արտաքին քաղաքականության իրականացում: Իսկ մեզ մոտ ի՞նչ է տեղի ունենում՝ բոլորին հավասարաչափ փչացնում են: Այսօր արդեն սկսել են խոսել տնտեսելու մասին: Այսօր էինք մտածո՞ւմ: Ամեն մեկիդ մեկ ավտոմեքենան մեկ անօդաչու թռչող սարքի գին արժե: Այս որտե՞ղ է գրված այդ ճոխությունը: Բոլորդ մանուկ հասակում եղել եք շատ տանջված ապրողներ, այս ո՞նց է նստում եք այս թանկարժեք ավտոմեքենաները, վարորդներ եք պահում, բենզին եք ծախսում, վոյաժներ եք անում, ո՞ւմ հաշվին: Եթե այս ձևի տոտալ ու ֆրոնտալ գողություն է գնում, դեռ լավ է, որ ասում են՝ 80-ականների զենքով ենք կռվում, դա էլ կարող էր չլինել: Պանամայում, օֆշորային գոտիներում մեր փողերով հաշիվներ են բացվում: Փող հասկացության տակ միայն չպետք է հասկանանք թղթադրամ, որի վրա նկարներ են, դա մարդու քրտինք է, մարդու աշխատանք: Եթե դրանք դու գողանում ես ու օտարում երկրից, այդ պարագայում երկիրը ո՞նց կարող է ապրել: Դրա համար էլ բոլոր այն երկրները, որոնք ունեցել են ճիշտ կառավարում, նրանք պատմականորեն հասել են մեծ հաջողությունների: Ինչո՞վ պայմանավորված մենք պետք է հաջողություն ունենայինք, ես չեմ կարողանում մի լույս տեսնել:

 

Կա տեսակետ, որ, որ երկրի անվտանգության և բոլոր խնդիրները լուծելու գումարը կա, ուղղակի պետք է չգողանալ, որ հատկացումներն իրենց նպատակին ծառայեն:

 

 

Այո, ես ինքս երկար տարիներ գտնվել եմ մեր բյուջեի ֆինանսական ռեսուրսների տիրույթում: Բոլոր պարագաներում, մինչև անգամ, ոչ ահավոր ձգելով մեր գոտիները, մենք կարող ենք մինչև անգամ տան պայմաններում դնել գերակա ու անհետաձգելի խնդիրներ: Դրանք կարող ենք լուծել, հետո անցնել այլ խնդիրների: Միշտ ես տեսել եմ մեր՝ գոյություն ունեցող փողերը: Հիշո՞ւմ եք, որ Վերահսկիչ պալատի նախագահն ասաց՝ պետական բյուջեի 70 տոկոսը ռիսկային է: Այսինքն՝ ինքը վախեցավ ասել՝ գողանում են: Պատկերացնո՞ւմ եք, եթե մենք 3 մլրդ դոլար բյուջե ունենք, դրա 70 տոկոսը դա 2 մլրդ է: Եթե այդ գումարը դնեինք, մենք ամբողջ Հայաստանը կծածկեինք անօդաչու սարքերով, հատուկ զենքերով:

 

Տարիներ շարունակ նաև մեր տեղեկատվական տեխնոլոգիաների ներուժի մասին են խոսել մասնագետները, բարձրացրել են ՏՏ ոլորտի արդադրանքը տնտեսությունում ու բանակում օգտագործելու հարցը, բայց իշխանություններն անտեսել են, ինչո՞ւ:

 

Հայ մարդիկ միշտ էլ պոտենցիալ ունեցել են: Ես չեմ ուզում վերամբարձ բաներ ասել, բայց ցանկացած պարագայում հայ մարդը ունի մեծ պոտենցիալ ու կարող է այդ պոտենցիալը պետության քաղաքականության իրականացմամբ ներդնել հանուն մեր հաջողության: Տեղեկատվական տեխնոլոգիաների մասով մենք ունենք մեծ պոտենցիալ, ունենք մասնագետներ, որոնք անօդաչու թռչող սարքեր են նախագծել, և ոչ մեկը տիրություն չի արել դրան: Մտածողին, գիտության ասպարեզի մարդուն դու ընդհանրապես որևէ հանձնարարություն տվե՞լ ես: Եվ այս պարագայում, այո, մենք պետք է հայտնվեինք սարսափելի կոտրված տաշտակի առաջ, ինչը տեղի ունեցավ:

 

Հասարակությունը չի կարողանում այսօր իր շահերը պաշտպանել: Խեղճացած, նսեմացված, արհամարհված քաղաքացին իր մինուճար երախային ուղարկել է սահման, և այսօր չկա այդ երեխան: Այդ մարդիկ չեն կարողանում իրենց իրավունքները պաշտպանել, իսկ նման իրավիճակում նորից կշարունակվի այս ամենը, որովհետև բոլոր գողերն ու ավազակները որևէ բանից չեն վախենում: - See more at: http://www.lragir.am/index/arm/0/interview/view/130980#sthash.CvCk2m7S.dpuf

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play