Ինչու՞ է Ադրբեջանն ահաբեկված Մինգեչաուրով


Ինչու՞ է Ադրբեջանն ահաբեկված Մինգեչաուրով

  • 13-04-2016 15:58:08   | Արցախ (ԼՂՀ)  |  Հարցազրույցներ

ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը երեկ պատասխանել է armtimes.com-ի հարցերին:
 
- Պարոն Բաբայան, ԼՂՀ ՊԲ-ն երեկ հաղորդագրություն տարածեց, որ զորքերի տեղաշարժ է նկատվում ադրբեջանական կողմից, սա ի՞նչ է նշանակում, արդյոք այս զինադադարից հետո իրենք հավաքում են իրենց ու կարող է նոր հարձակո՞ւմ լինի:
 
- Կտեսնենք՝ այդ տեղաշարժը ագրեսի՞վ տեղաշարժ է, ինչ-որ նպատակներ ունի՞, ժամանակը ցույց կտա: Մենք՝ բանակը, հայությունը, պատրաստ ենք ցանկացած պահի, եթե այդպիսի եւս մեկ փորձ կատարվի, կասեցնել: Բայց եթե այս անգամ որեւէ փորձ կատարվի, սա պարզապես կնշանակի միջազգային հանրության կարծիքի հանդեպ խորը անտարբերություն, դա ցույց կտա, որ Ադրբեջանը իր պահվածքով չի հարգում միջազգային հանրությանը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ավելին, նաեւ հարված է հասցնում նրանց միջնորդական ջանքերին:
 
- Այս ընթացքում մեղադրանքներ են հնչել, որ հայկականկողմի հետախուզությունը լավ չի աշխատել, հակառակ պարագայում հնարավոր կլիներ խուսափել այսքան զոհերից,համաձա՞յն չեք:
 
- Իհարկե, համաձայն չեմ: Այդ գնահատականները տալիս են մարդիկ, ովքեր ընդհանրապես զինված ուժերի հետ որեւէ առնչություն չունեն: Այս պահին պետք է շատ զգույշ լինել նման հայտարարություններ անելիս, եւ եթե հայտարարություն արվում է, դա լինի պրոֆեսիոնալ: Եվ միշտ պետք է մտապահել, որ հակառակորդը այդ ամենին է առաջինը ուշադրություն դարձնում: Ինչքան մենք պառակտված լինենք, այնքան ավելի լավ իրենց  համար: Իհարկե, ամեն ինչ իդեալական եւ փայլուն չի եղել, պետք է լուրջ հետեւություններ արվեն եւ դա արվում է, բայց դա չի նշանակում, որ ոմանք պետք է «հանճարեղ» հայտարարություններով հանդես գան:
 
- Գեներալ Վիտալի Բալասանյանը Արցախ TV-ի եթերումհայտարարեց, որ մեր անօդաչու սարքերը վաղուց նկարել էին Ադրբեջանի դիրքերը, եւ մեր ոչ մի կրակոց փուստ չի անցել, բայց այսօր էլ ԼՂՀ ՊԲ-ի կողմից հայտարարություն եղավ, որէլի անօդաչու սարքեր են թռել Արցախի օդային տարածքով:Հիմա էլ իրե՞նք են փորձում մեր դիրքերին ծանոթանալ:
 
- Հակառակորդը, իհարկե, չի դադարեցնում զինադադարի խախտումները եւ սա էլ է զինադադարի խախտում: Պարտադիր չէ, որ անպայման կրակ արձակի տարբեր տիպի զենքերից: Մենք պետք է պատրաստ լինենք: Այս կարճատեւ պատերազմը ցույց տվեց նաեւ մի շարք նոր զարգացումներ, որ առանձնակի կարեւորվում է սպառազինությունը եւ ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործումն ու կիրառումը:
 
- Հիմա իրենք ի՞նչ կարող են անել այդ նկարահանումների հետ:
 
- Եկել են, նկարահանել են եւ տեսել են, որ բանակը պատրաստ է, եւ կարծում եմ, տեսնելով իր դիմաց կանգնած ուժը, սա նաեւ սթափեցուցիչ ազդեցություն կունենա իրենց վրա:
 
- Բայց Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե Արցախում 88 թվականի զենքերով են կռվում:
 
- Իմ կարծիքով, դա փոխաբերական իմաստով է ասել, այն առումով, որ մենք զենքերի մրցավազք չենք անում, ագրեսիվ պահվածք չեք ցուցաբերում, որովհետեւ այն զենքը, որ մենք ունենք... իհարկե, 80-ականներից մնացած զենք էլ կա, այդ թվում՝ նաեւ Ադրբեջանում:
 
- Հիմա հայկական կողմը քանի՞ զոհ ունի, կա՞ հստակ թիվ,այստեղ արդեն 74 են հաշվում:
 
- ՊԲ-ից ճշտեք, ես չեմ ուզում այնպիսի թիվ ասել, որ հանկարծ մեկ-երկու հոգու տարբերություն լինի:
 
- Կտրված գլուխների մասին է խոսվում, քանի՞սն են:
 
- Կան այդպիսի դեպքեր, դժբախտաբար, եւ ադրբեջանական կողմը եւս մեկ անգամ ապացուցեց, որ ինքը ահաբեկիչ է: Սա ընդհանրապես մարդկային պահվածք չէ, սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ ադրբեջանական բանակում մեր դեմ կռվում են համաշխարհային համբավ ունեցող մարդասպանները՝ իսլամական պետության գրոհայինները, թուրքական «գորշ գայլերը», մնացած հանցագործ ահաբեկչական կազմակերպությունների ներկայացուցիչներ, եւ ընդհանրապես նման պահվածքը մարդուն բնորոշ չէ: Եթե մարդը մարդուն ատում է, ուրեմն, ինքը ի վերջո ատում է Աստծուն: Եթե իրենք այդ ճանապարհն են ընտրել, ուրեմն, իրենք անպայման կկործանվեն: Նման պահվածք ընդունող մարդը չի կարող լինել խիզախ, պատերազմել տարբեր գաղափարների համար, այդպիսի մարդը կամ հիվանդ է, կամ թմրանյութերի ազդեցության տակ է: Իսկ այս ամենը անխուսափելի ձեւով բերում է ջախջախման, ուշ թե շուտ:
 
- Տեսակետներ ու պնդումներ կան, որ հայկական կողմը չպետքէ գնար զինադադարի ու հիմա էլ պետք է առաջ գնա ու նորտարածքներ վերցնի, որպեսզի ավելի ամուր դիրքերից հանդեսգա:
 
- Մենք զավթիչներ չենք, մենք պաշտպանելու ենք մեր ազատությունն ու անկախությունը: Եթե այս անգամ եւս սկսվի, արդեն բոլորովին այլ ռազմավարություն ու մարտավարություն է լինելու: Բնական է, որ մենք չենք կարող կանգնել ու սպասել հակառակորդների հարվածներին: Մենք չենք ուզում պատերազմ, ոչ թե նրա համար, որ վախենում ենք, միայն աննորմալը կարող է պատերազմ ուզել: Միայն այդ գլուխ կտրողները, որ կարող էին սպանել ծերերին, ականջ կտրել կամ գերի ընկած եւ իրեն պաշտպանելու հնարավորություն չունեցող մարդուն խոշտանգել, կարող է ուզել: Դա շատերը կարող են անել, բայց ուրիշ բան է հայրենիքը պաշտպանելը: Կրկնում եմ, մենք զավթողական նպատակներ չունենք, բայց եթե թշնամին փորձ անի այսպիսի նենգ ձեւով պատերազմ հրահրել, դա արդեն կլինի լրիվ այլ իրավիճակ, եւ այստեղ արդեն պետք է լինի պատերազմ մինչեւ հաղթական ավարտ:
 
- Հայտնի դարձավ, որ Սարսանգի ջրամբարում խիստ ուժեղացված հսկողություն է իրականացվում, այնտեղ ի՞նչվտանգ կա՝ թունավորման, պայթեցման:
 
- Ընդհանրապես, երբ իրավիճակը լինում է լարված, ռազմավարական կարեւորագույն օբյեկտները պետք է վերահսկվեն: Այստեղ որեւէ տարօրինակ բան չկա: Իսկ այն, որ թշնամին փորձ կարող է կատարել մեր ջրային ռեսուրսների վրա, սա միանշանակ է, նման բաներ եղել են նաեւ պատերազմի ժամանակ: Մենք գործ ունենք աննորմալ ահաբեկչական երկրի հետ եւ պետք է պատրաստ լինենք ցանկացած քայլի ու հանկարծ չմոռանանք՝ ով է մեր դիմացը կանգնած:
 
- Իրենք կարծես թե ահաբեկված են Մինգեչաուրի համար ումտավախություն ունեն, որ հայկական կողմը կարող էպայթեցնել այդ ջրամբարը, Սեյրան Օհանյանն էլ կարծեսհեռավոր ակնարկ արեց օրերս:
 
- Պատերազմը ունի իր օրենքները, եթե սկսվում են պատերազմական գործողություններ, արդեն այնպես է զարգանում, որ անհնարին է կանխատեսել որեւէ բան:
 
- ԵԱՀԿ ՄԽ համանախագահները եկան, գնացին, ի՞նչ էին առաջարկում ու հնարավո՞ր է հիմա հարցի համապարփակլուծում:
 
- Չէ, հարցի համապարփակ լուծում կարծում ենք, շատ շուտ է, որովհետեւ այս պատերազմը ցույց տվեց, որ Ադրբեջանը անկանխատեսելի է եւ դեստրուկտիվ, հետեւաբար, պետք է դրա ժամանակը գա, որպեսզի նրանք պատրաստ լինեն ողջամիտ գոնե քննարկումների: Իսկ համանախագահները հիմնական շեշտը դրել են խաղաղության եւ կայունության պահպանման վրա, ուրիշ նոր առաջարկ, նոր ուղղություններ չկան, որովհետեւ այս իրավիճակում անիմաստ է խոսել համապարփակ կարգավորման մասին: Այս իրավիճակում պետք է թույլ չտալ նոր անկանխատեսելի զարգացումներ:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ