Անվտանգության միջավայրի փոփոխությունը պետք է զուգորդվի հայեցակարգային նոր լուծումներով
13-04-2016 18:03:01 | Հայաստան | Հայտարարություններ
Անվտանգության միջավայրի փոփոխությունը պետք է զուգորդվի հայեցակարգային նոր լուծումներով:
ՀՀ և ԼՂՀ 25 տարվա պաշտպանողական հայեցակարգը մեզ տվեց ոչ ավելին, քան գնալով քաջալերվող սադրիչ գործողություններ, ինչը հանգեցրեց պատերազմի:
Հայեցակարգային լուծումները հետևյալն են.
-Ճանաչել ԼՂՀ-ն, առաջին հերթին նրա համար, որպեսզի Արցախը դառնա բանակցությունների լիիրավ կողմ, ինչը նաև հնարավորություն կստեղծի խորը դիվանագիտական գործընթացներ իրականացնել:
-Հայաստանը և Արցախը պետք է վերանայեն «պասիվ-ստատիկ պաշտպանության» հայեցակարգը և անցնեն «սանձահարման/զսպման» հայեցակարգի, ինչը հնարավորություն կստեղծի զինված հարձակումները և ապագա պատերազմի վտանգը նվազեցնել:
-ԵԱՀԿ-ի կրակի դադարի մոնիտորների տեղադրում ադրբեջանա-արցախյան սահմանի ողջ երկայնքով:
-Կրավորական և չափից դուրս հանդուրժողական վարքագծի փոփոխություն: Մենք չպետք է հանդուրժենք հրադադարի ահագնացող խախտումները (ցույցեր, բողոքներ, փաստաթղթեր, ելույթներ և այլն):
-Մենք չպետք է ընդունենք այն հանգամանքը, որ մեղադրում են հավասարապես երկու կողմերին: Խախտումներ նախաձեռնողները պետք է պատասխանատվության կանչվեն:
-Պատասխանատվության կանչումը պետք է բաժանել երկու մասի: Չորսօրյա պատերազմ (ագրեսիա, տարածքների զավթում, քաղաքացիական զոհեր և վիրավորներ, խոշտանգվածներ, ներքին տեղահանվածներ, գույքային վնաս, խոշտանգված և սպանված զինվորներ, արգելված զենքերի օգտագործում): Մինչ չորսօրյա պատերազմի նախորդող և հաջորդող ժամանակաշրջանում զինադադարի ռեժիմի խախտում: Բոլոր փաստերը մարդու իրավունքների խախտման և հակահումանիզմի դրսևորումների, որոնք հակասում են պատերազմի օրենքներին ու սովորույթներին և կոպտորեն ոտնահարում միջազգային մարդասիրական իրավունքը (1950թ. Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիա, 1989թ. Երեխաների իրավունքների մասին կոնվենցիա, 1949թ. Գործող բանակներում վիրավորների և հիվանդների վիճակի բարելավման մասին Ժնևյան 1-ին կոնվենցիա, 1949թ․Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին Ժնևյան 3-րդ կոնվենցիա և 1977թ․Միջազգային զինված ընդհարումների զոհերի պաշտպանության մասին 1949 թվականի օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիաների 1-ին արձանագրություն և այլն)
- Հայ-ռուսական ճգնաժամային հարաբերությունների վերանայում:
- Հայաստան-ԵՄ հարաբերությունների վերանայում անվտանգության գծով համագործակցության տեսանկյունից:
- Հայաստան-Իրան հարաբերությունների վերանայում անվտանգության գծով համագործակցության տեսանկյունից: