Հայաստանից վերջին 10 տարիներին անօրինական կերպով դուրս է բերվել 9,8 միլիարդ դոլար


Հայաստանից վերջին 10 տարիներին անօրինական կերպով դուրս է բերվել 9,8 միլիարդ դոլար

  • 15-04-2016 04:20:17   | Հայաստան  |  Տնտեսություն

Global Financial Integrity ամերիկյան հասարակական կազմակերպությունը, որը զբաղվում է կապիտալի անօրինական արտահոսքերի ուսումնասիրությամբ, զեկույց է հրապարակել, համաձայն որի՝ Հայաստանից վերջին 10 տարիներին անօրինական կերպով դուրս է բերվել 9,8 միլիարդ դոլար: Ըստ որում՝ տարեցտարի այս ցուցանիշի տարեկան մասնաբաժինն ավելացել է:
 
Պատկերացնելու համար, թե ինչ է 9.8 միլիարդ դոլարը, բավական է այն համեմատել Հայաստանի արտաքին պարտքի հետ, որը 2016 թվականին կհասնի արդեն 5 միլիարդ դոլարի: Այսինքն՝ վերջին տասը տարում Հայաստանից դուրս է բերվել Հայաստանի արտաքին պարտքը երկու անգամ գերազանցող գումար:
 
Հայաստանից դուրս է բերվել 9,8 միլիարդ դոլար, իսկ Հայաստանի քաղաքացիները ստիպված են Հայաստանից դուրս տարիներ անցկանել Հայաստանում իրենց ընտանիքը պահելու համար: Այսինքն՝ 9,8 միլիարդ դոլարը խթանել է արտագաղթը, որովհետև եթե այդ գումարը մնար Հայաստանում և ներդրվեր Հայաստանի տնտեսությունում, կամ ուղղակի չխլվեր Հայաստանից և մի քանի մարդկանց անձնական ունեցվածքի տեսքով դուրս չբերվեր երկրից, ապա Հայաստանի հարյուր հազարավոր քաղաքացիներ կունենային Հայաստանում ապրելու, աշխատելու, ստեղծելու և արժանապատվորեն իրենց ընտանիքը պահելու հնարավորություն և ստիպված չէին լինի հաց վաստակելու համար մեկնել Ռուսաստան արտագնա աշխատանքի:
 
Այսինքն՝ 9,8 միլիարդ դոլարը զուտ տնտեսական ռեսուրս չէ, որ դուրս է բերվել Հայաստանից: 9,8 միլիարդ դոլարը ազգային անվտանգության սպառնալիք է, որն արտահայտվել է և տնտեսական տեսքով՝ Հայաստանը դնելով արտաքին 5 միլիարդ դոլարի արտաքին պարտքի տակ, և ժողովրդագրական տեսքով՝ Հայաստանից հեռացնելով մի քանի հարյուր հազար քաղաքացու:
 
Փաստացի, ամերիկյան կազմակերպության զեկույցը պետք է հիմք լինի Հայաստանի իրավապահների, ազգային անվտանգության կառույցների համար՝ սկսել հետաքննություն, թե ովքեր, ինչ ճանապարհով, ինչ աղբյուրներից են դուրս բերել 9,8 միլիարդ դոլարը, պետք է պարզել, թե ինչ աղբյուրների, ինչ տվյալների հիման վրա է կազմվել ամերիկյան կառույցի զեկույցը:
 
Թեև խոսքը հասարակական կառույցի մասին է, այդուհանդերձ այն հնչեցրել է Հայաստանի համար բոլոր առումներով չափազանց կարևոր մի տեղեկատվություն, հետևաբար Հայաստանի իրավապահ համակարգը, անվտանգության համակարգը պարտավոր են արձագանքել այդ տեղեկատվությանը, առնվազն դիմել այդ կազմակերպությանը, զեկույցի հեղինակներին:
 
Միևնույն ժամանակ, սակայն, պարզ է, որ այդ քայլը չի կատարվի, որովհետև հազիվ թե Հայաստանի իրավապահ համակարգի համար այստեղ որևէ գաղտնիք լինի: Վերջին հաշվով, Հայաստանում ամեն ինչ բոլորի աչքի առաջ է, թեկուզ մի շարք մարդկանց դղյակների, մեքենաների, կյանքի այլ շքեղությունների տեսքով, նրանց պատկանող բիզնեսների տեսքով: Ու, մեծ հաշվով, ոչ մի գաղտնիք չկա, թե ով կարող էր Հայաստանից այդքան ռեսուրս դուրս բերել:
 
Ինչպես քրեագետներն են ասում, փնտրիր նրան, ում ձեռնտու է հանցանքը: Տվյալ դեպքում կարող ենք մի փոքր խմբագրել այդ ձևակերպումը և ասել՝ փնտրիր նրան, ով շահել է Հայաստանի նման ռեսուրսային դատարկությունից, և ով՝ կորցրել: Ամեն ինչ պարզ կլինի:
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն