Հայտնի են «Ական փնտրող ռոբոտներ» մրցույթի հաղթողների անունները


Հայտնի են «Ական փնտրող ռոբոտներ» մրցույթի հաղթողների անունները

  • 18-04-2016 11:51:16   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության  (ԻՏՁՄ)  և «Յուքոմ» ընկերության աջակցությամբ իրականացված «Ական փնտրող ռոբոտներ»  մրցույթում առաջին տեղ է զբաղեցրել «Ականավոր» թիմը, որի կազմում ընդգրված են «ՖայմԹեք» ընկերության անդամներն ու Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ուսանողները: Երկրորդ և երրորդ տեղ են զբաղեցրել Գյումրիից «Անդրոիդ» և «Դիջիթալ քլաուդ» թիմերը: Հաղթողները «Յուքոմ» ընկերության կողմից արժանացել են համապատասխանաբար 600 000, 400 000 և 260 000 դրամ պարգևի: Խրախուսական մրցանակի՝ 100 000 դրամի է արժանացել Վանաձորից «Ականազերծողներ» թիմը:
 
Մրցույթն ավանդաբար անցկացվում է «ԱրմՌոբոտիքս» ռոբոտաշինության զարգացման ծրագրի շրջանակներում: Այն նպատակ ունի խրախուսել և հանրայնացնել ռոբոտաշինության նկատմամբ հետաքրքրությունը,  զարգացնել  ռոբոտաշինության ոլորտը Հայաստանում և նպաստել ազգային անվտանգություն ապահովող ռազմական կիրառության սարքերի արտադրությանը:
 
«Ռազմական կիրառության նշանակություն ունեցող այս մրցույթների օգնությամբ մենք ցանկանում ենք հայ երիտասարդների շրջանում ռոբոտաշինության նկատմամբ հետաքրքրություն առաջացնել: Սա առավել արդիական է, քանի որ պրակտիկ խնդիրներ լուծելով՝ նրանք կարող են համալրել նաև Հայաստանի ռազմաարդյունաբերության ոլորտը», - նշել է «Ական փնտրող ռոբոտներ» մրցույթի կազմակերպիչ՝ ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
 
«Ական փնտրող ռոբոտներ»  մրցույթի աջակից՝ «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը նշել է, - «Արդեն երկար ժամանակ է, ինչ համագործակցում ենք ԻՏՁՄ-ի հետ «ԱրմՌոբոտիքս» ռոբոտաշինության զարգացման ծրագրի շրջանակներում: Համոզված եմ, որ մեր երիտասարդներն ունեն մեծ ներուժ և կարող են հաջողությունների հասնել այս բնագավառում: Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառը շատ արագ և դինամիկ զարգացող բնագավառ է և ամբողջ աշխարհում շատ կարևոր նշանակություն ունի մի շարք հիմնախնդիրներ լուծելիս: Հուսով եմ, որ այստեղ ներկայացված լուծումները կգտնեն իրենց հետագա օգտագործումը»:
 
«Ական փնտրող ռոբոտներ» մրցույթի մեկնարկը տրվել էր 2015 թ. նոյեմբերին: Այս ընթացքում մասնակիցներից պահանջվում էր պատրաստել այնպիսի ռոբոտներ, որոնք խոչընդոտները շրջանցելով, կգտնեն մինչև 3 սմ խորության վրա արհեստական խոտածածկի տակ պահված ականները, ֆիզիկապես կնշեն դրանց գտնվելու վայրը և ականների դասավորվածությամբ էլեկտրոնային քարտեզ  կուղարկեն համակարգչին:
 
Մրցույթին ներկայացված են եղել նաև Գորիսի, Վանաձորի, Սիսիանի, Թալինի, Վեդիի և Երևանի այլ թիմեր: Մինչ եզրափակիչ փուլը մրցույթի մասնակիցները խորհրդակցել են ոլորտի մասնագետների հետ և բարելավել իրենց նախագծերը: Ռոբոտների պատրաստման դետալները տրանադրվել են կազմակերպիչների կողմից:
 
«Ական փնտրող ռոբոտներ» մրցույթի մասնագիտական ժյուրիի կազմում ընդգրկված են եղել Պատվական Հախինյանը (Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն), Տիգրան Զաքարյանը (Ռադիոֆիզիկայի և կապի ինստիտուտ), Փայլակ Ղուկասյանը («Վենժ»),  Հրաչյա Մակարյանը («ՓՈՒԼ»), Արամ Քերյանը (Հայաստանի Ամերիկյան Համալսարան), Արման Պողոսյանը («Ինստիգեյթ») և Հրաչ Խաչատրյանը («Սայմոտեկ»): 
 
Հավելենք,  որ «ԱրմՌոբոտիքս» ռոբոտաշինության զարգացման ծրագրի շրջանակներում ԻՏՁՄ-ն և «Յուքոմը» իրականացնում են նաև «Անօդաչու թռչող սարքեր» մրցույթը, որի եզրափակիչ փուլը տեղի կունենա մայիս ամսին:
 
Հիշեցնենք, որ «ԱրմՌոբոտիքս» ռոբոտաշինության զարգացման և աջակցման ծրագիրը իրականացվում է ԻՏՁՄ-ի կողմից 2008 թ. սկսած: Հայաստանում ռոբոտաշինության ոլորտը զարգացնելու նպատակող բացի վերը նշված «Ական փնտրող ռոբոտներ» և «Անօդաչու թռչող սարքեր» մրցույթներից ԻՏՁՄ-ն ՀՀ Կառավարության աջակցությամբ և մի շարք աջակից ընկերությունների շնորհիվ ՀՀ դպրոցներում ներդնում է ռոբոտաշինության և ինժեներական խնբակ-լաբորատորիաներ: Լաբորատորիաները ներառում են բարձրակարգ եռաչափ տպիչներ, մինի համակարգիչներ, ռոբոտաշինության ուսումնական հավաքածուներ և այլ սարքեր: «ԱրմՌոբոտիքս» և «ՀՀ կրթական համակարգում ինժեներական լաբորատորիաների ներդրման» ծրագրի շրջանակներում այսօր Հայաստանում և Արցախում արդեն գործում է 86 խմբակ, որոնցից 26-ը համալրված են ժամանակակից սարքերով: ԻՏՁՄ-ն պլանավորում է ինժեներական լաբորատորիաներ հիմնել հանրապետության բոլոր դպրոցներում:
 
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ