ԵՄՀ-ն աշակերտների համար կստեղծի գիտական հոդված գրելու մեթոդական ձեւաչափ


ԵՄՀ-ն աշակերտների համար կստեղծի գիտական հոդված գրելու մեթոդական ձեւաչափ

  • 18-04-2016 13:20:11   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Ապրիլի 16-ին Եվրասիա միջազգային համալսարանում տեղի ունեցավ «Կիլիկյան Հայաստանի դերը հայկական  պետականության կայացման գործում» թեմայով աշակերտական գիտաժողով:
 
Գիտաժողովին ներկա էին ԱԺ պատգամավոր,  «Ջավախք» հայրենակցական միության նախագահ, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս Շիրակ Թորոսյանը; ԵՊՄՀ հայոց պատմության ամբիոնի դոցենտ Էդիկ Գեւորգյանը եւ ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հասարակագիտական առարկաների եւ լեզուների ամբիոնի ցիկլի պետ Արշակ Առաքելյանը:
Գիտաժողովին հայաստանյան  հանրակրթական դպրոցներից ներկայացվել էր մոտ յոթ տասնյակ հոդվածներ, որոնցից ընտրվել էր շուրջ 30-ը, որոնք  ներկայացվեցին գիտաժողովին: Լավագույն 2 տասնյակ գիտական զեկուցումները կհրատարակվեն:
Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը կարեւորեց գիտաժողովի դերը, հատկապես մատնանշելով այն փաստը, որ նմանատիպ միջոցառումներն աշակերտների մոտ զարգացնում են վերլուծական, հետազոտական-նախագծային հմտությունները. «Գիտաժողովը ստացվեց, քանի որ ընտրված էր հոգեհարազատ թեմա, որն իր մեջ ներառում էր հայրենասիրություն, նվիրվածություն: Աշակերտների մոտ նկատեցի բացառիկ մոտիվացվածություն»:
ԵՄՀ-ն նախաձեռնում է ստաղծել խմբագրական խորհուրդ, որն աշակերտների համար կմշակի եւ կկազմի գիտական հոդված գրելու մեթոդական ձեւաչափ. այն կներառի բովանդակային եւ կառուցվածքային բաղադրիչները: Գիտական հոդված գրելիս աշակերտների համար ուղեցույցը կդառնա  օգտակար գործիք:
 
Ցանցային ուսուցման միջոցով էլ աշակերտները համալսարանից պարբերաբար կստանան իրենց հարցերի պատասխանները եւ հնարավորություն կունենան նախապատրաստվել հաջորդ գիտաժողովին: Նպատակն է աշակերտներին գիտական համակարգի մի մասը դարձնել, նրանց մշտապես պահել հետազոտական դաշտում
«Հյուրընկալելով տարիքային այս խմբի երեխաներին` ԵՄՀ թիմը մանկավարժորեն եւ ջերմությամբ ստեղծեց մի միջավայր, որտեղ աշակերտները չհուզվեցին, գեղեցիկ մատուցեցին իրենց պատրաստած նյութը: Աշակերտները յուրօրինակ ոգեւորությամբ հանդես եկան, որովհետեւ ցուցաբերում էին հատուկ վերաբերմունք գիտական-հետազոտական աշխատանքին», - ասում է Երեւանի Դ.Դեմիրճյանի անվան հ. 27 հիմնական դպրոցի տնօրեն Սուսաննա Սարգսյան: 
Գիտաժողովն անցկացվեց Երեւանի քաղաքապետարանի աշխատազմի հանրակրթության վարչության աջակցությամբ:
 
ԵՄՀ-ի մասին.
Եվրասիա միջազգային համալսարանը (ԵՄՀ) բարձրագույն կրթական հաստատություն է, որը հաջողությամբ համադրում է ավանդույթն ու նորարարությունը. հավատարիմ մնում հայ ազգային կրթության լավագույն սկզբունքներին, բայց նաեւ մատուցում արդի հասարակության պահանջներին համապատասխան կրթություն, արժեւորում ինչպես երիտասարդ մասնագետների գործնական հմտություններն ու գիտական ներուժը, այնպես էլ փորձառու մասնագետների ակադեմիականությունը: ԵՄՀ-ն իրականացնում է ուսանողական փոխանակման եւ հետազոտական դրամաշնորհային բազմաթիվ ծրագրեր,  ունի հեղինակային վարժարան, որտեղ իրականացվում է նախամասնագիտական ուսուցում:
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ