Հմայակ Հովհաննիսյանն «ընկերաբար» է շփվում «Գրիբոյեդով» ակումբի անդամների հետ. «Առավոտ»


Հմայակ Հովհաննիսյանն «ընկերաբար» է շփվում «Գրիբոյեդով» ակումբի անդամների հետ. «Առավոտ»

  • 19-04-2016 14:46:24   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
«Առավոտ». Թեեւ Կրեմլի քաղաքականության քարոզիչ, ռուս հայտնի հեռուստամեկնաբան Դմիտրի Կիսելյովի հիմնադրած երեւանյան «Գրիբոյեդով» ակումբի կայքում  նաեւ Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի անունը եւս կա, սակայն նա լրիվ այլ կարծիքի է այդ մասին:
 
«Ասել, որ Հայաստանի քաղաքագետների միության նախագահը կարող է ինչ-որ վերազգային կազմակերպությունների անդամակցել՝ լուրջ չէ: Եթե դուք նկատի ունեք իմ ընկերական ազդեցիկ շրջապատը Մոսկվայում, որտեղ ես գերազանցությամբ ավարտել եմ Մ.Լոմոնոսովի անվան պետհամալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը և ասպիրանտուրան, պաշտպանել եմ գիտական թեզեր, 1994 – 1996 թթ աշխատել եմ ՝ որպես հրավիրված փորձագետ, ՌԴ ՊետԴումայի խորհրդին կից՝ Անդրկովկասի գծով գլխավոր փորձագետի պաշտոնում, 1995 թ նախապատրաստել եմ Դումայում խորհրդարանական լսումներ ղարաբաղյան կարգավորման թեմայով, մշակել եմ Դումայի կողմից միաձայն ընդունված Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման մասին հայտնի բանաձևը, ապա ես դա հաստատում եմ: Հաստատում եմ նաև այն, որ եթե վերջին հինգ տարիների ընթացքում հանրապետականների ներկայիս վարչախումբը ծանր հարվածներ չհասցներ ինձ և ՀՔՄ-ին, ինձ անողոքաբար քարշ չտար դատարաններով, ապա ես կկարողանայի կենտրոնանալ իմ կապերը և հնարավորությունները Մոսկվայում ի նպաստ Արցախի օգտագործելու խնդրի վրա, ինչպես դա արել եմ 90-ական թվականներին: Իսկ հիմա ես ստիպված եմ իմ թանկարժեք ժամանակի առյուծի բաժինը վատնել անարդար, ռեկետի գործիքի վերածված դատարանների ու հարկադիր կատարողների հետ կռիվ տալով: Եթե դուք հայտնաբերեք մի նոր Գրիբոյեդովի, որը ինձ այդ գործում կօգնի, ես ձեզանից շատ շնորհակալ կլինեմ: Բայց, հավատացեք ինձ, պարսկական տիրակալի զոհերին փրկելն ավելի հեշտ գործ է, քան մեր քրեաօլիգարխիկ իշխանություններից եւ նրանց կամակատար դատարաններից քաղաքացուն ազատելը»,- Aravot.am-ին ասաց քաղաքագետը: Երբ կրկին հիշեցրինք, որ իր անունը որպես անդամ «Գրիբոյեդով» ակումբի կայքում կա, Հովհաննիսյանը նեղսրտեց` մեզ մեղադրելով ստալինա-բերիական ավանդույթին տուրք տալու մեջ, նշելով, որ «ընկերներով պարբերաբար հավաքվելը» կազմակերպության անդամ լինել չէ: «Դուք նույնպես կարող եք ձեր ֆեյսբուքյան էջում կամ ձեր թերթի կայքում տեղադրել իմ լուսանկարը և գրել, որ ես պարբերաբար շփվում եմ ձեր էջի կամ թերթի հետ: Բայց դա, իհարկե, չի նշանակում, որ ես ձեր թերթի կամ էջի «անդամն եմ»: Անդամության ինստիտուտը վերաբերվում է գրանցված կազմակերպություններին, այլ ոչ թե ընկերական շփումներին»,- ասաց Հմայակ Հովհաննիսյանը: Նա այդպես էլ չպատասխանեց այն հարցին՝ արդյոք, իր ձեւակերպմամբ, «ընկերներով հավաքվելիս» երբեւէ քննարկվել են Ռուսաստանի՝ Ադրբեջանին զենք վաճառելը կամ ասենք Արցախյան խնդրին վերաբերող հարցեր: 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play