Դավիթ Տոնոյանը հանդիպել է ԵԱՀԿ գերմանական նախագահության Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ, դեսպան Գյունտեր Բեխլերի հետ


Դավիթ Տոնոյանը հանդիպել է ԵԱՀԿ գերմանական նախագահության Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ, դեսպան Գյունտեր Բեխլերի հետ

  • 19-04-2016 17:17:42   | Հայաստան  |  Քաղաքական
Ապրիլի 19-ին ՀՀ պաշտպանության  նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հանդիպել է ԵԱՀԿ գերմանական նախագահության Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ, դեսպան Գյունտեր Բեխլերի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԼՂՀ դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ հարձակողական գործողություններին և շփման գծում ներկայիս իրավիճակին առնչվող հարցեր: 
Դավիթ Տոնոյանը դեսպան Բեխլերին ներկայացրել է ապրիլի 2-ից 5-ն ընկած ժամանակահատվածում ռազմական գործողությունների ընթացքը, շփման գոտում ներկայումս ստեղծված իրավիճակը, ինչպես նաև հայկական կողմի զինծառայողների և քաղաքացիական անձանց դեմ ադրբեջանական զինուժի գործած ռազմական հանցագործությունների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն, նշելով, որ հայկական կողմը ձեռնամուխ է լինելու վերոնշյալ հանցագործությունների միջազգային իրավական գնահատական տալու գործընթացին: 
Հատուկ ընդգծվել է, որ հրադադարի վերականգման մասին բանավոր պայմանավորվածությունները Ադրբեջանի կողմից չեն պահպանվում և վերոնշյալ պայմանավորվածությունից հետո հակառակորդի կրակից և հրետակոծությունից ԼՂՀ կողմն ունի զոհեր և վիրավորներ, ինչին ԼՂՀ պաշտպանական բանակի ստորաբաժանումները ստիպված են կտրուկ արձագանքել:
ՀՀ  ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից հայտնում են,  որ այս առումով կարևորվել է ԵԱՀԿ-ի դերը շփման գծում լարվածության թուլացման, ինչպես նաև մոնիտորինգային և միջադեպերի հետաքննության մեխանիզմների շուտափույթ ներդրման միջոցով հրադադարը ամրապնդելու գործում:
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play