Թուրքիայի նախագահը Ադրբեջան կայցելի ապրիլի 25-ին


Թուրքիայի նախագահը Ադրբեջան կայցելի ապրիլի 25-ին

  • 19-04-2016 18:21:42   | Հայաստան  |  Վերլուծություն
Ադրբեջան-Թուրքիա. Տեղի է ունեցել Ադրբեջան-Թուրքիա բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի հինգերորդ նիստը երկու նախագահների մասնակցությամբ:
 
Ստորագրվել է 6 փաստաթուղթ, այդ թվում՝ նիստի հռչակագիրը, մշակութային և կրթական նպատակներով ռազմական և քաղաքացիական անձնակազմերի փոխանակության, դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսությունների աշխատակիցների ընտանիքների անդամների վարձատրվող աշխատանքային գործունեության, դատական փորձաքննության ոլորտում համագործակցության, վարորդական իրավունքի վկայականների փոխադարձ ճանաչման և տեխնիկական համագործակցության մասին միջկառավարական համաձայնագրերը: Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Թուրքիայի նախագահը Ադրբեջան կայցելի ս.թ. ապրիլի 25-ին:
 
Ադրբեջանի և Թուրքիայի ռազմաօդային ուժերը (ՌՕՈւ) մարտի 7-25-ը, ռազմական համագործակցության տարեկան պլանի համաձայն, համատեղ «TURAZ Şahini-2016» զորավարժություններ են անցկացրել Թուրքիայի «Anadolu Kartalı» օդային գոտում: Դրանք ադրբեջանցի օդաչուների մասնակցությամբ առաջին զորավարժություններն էին Ադրբեջանի սահմաններից դուրս: Զորավարժություններին, որոնց Ադրբեջանը ներկայացել է 6 ինքնաթիռներով, մասնակցել են МИГ-29, F-16 կործանիչներ, СУ-25 գրոհային ինքնաթիռներ, Ми-17 և «Терминатор» ուղղաթիռներ: Իրականացվել են ճանաչողական բնույթի թռիչքներ, թուրք օդաչուները թռիչքներ են իրականացրել ռուսական արտադրության, իսկ ադրբեջանցիները՝ ամերիկյան ինքնաթիռներով, ոչնչացվել են պայմանական հակառակորդի ռազմական օդանավակայանը և ռազմավարական նշանակության օբյեկտները: Զորավարժությունները ողջունել է ԱՀ-ում Ռումինիայի դեսպան Կ.Չոբանուն, որը ՆԱՏՕ ռեզիդենտ-համակարգողն է Ադրբեջանում։ Վերջինս վերահաստատել է Հյուսիսատլանտյան դաշինքի համար Ադրբեջանի շատ կարևոր և արժեքավոր գործընկեր լինելու հանգամանքը:
 
Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, մարտական պատրաստվածության և ստորաբաժանումների փոխգործակցության բարձրացման նպատակով Ադրբեջանի և Թուրքիայի ԶՈւ ղեկավար կազմերը փոխադարձության սկզբունքով այսուհետև կարճաժամկետ ծառայություն կիրականացնեն միմյանց զինված ուժերում:
 
Ռուս-թուրքական լարվածության հետևանքները Թուրքիայից Կենտրոնական Ասիա իրականացվող թուրքական բեռնափոխադրումների վրա մեղմելու նպատակով իրականացված Ադրբեջանի քայլերի շնորհիվ 2016թ. հունվար-փետրվար ամիսներին նշված երթուղով բեռնափոխադրումներ է իրականացրել մոտ 1500 բեռնատար, ինչը 5 անգամ ավելի է անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
 
Ադրբեջան-Ռուսաստան. Ս.թ. մարտին ՌԴ փոխվարչապետ Դ.Ռոգոզինի գլխավորած պատվիրակությունը (որի կազմում են եղել նաև «Рособоронэкспорт», Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության (ФСВТС) ղեկավարության ներկայացուցիչները) Բաքու էր ժամանել նախկինում կնքված սպառազինությունների վաճառքի պայմանագրերի հետ կապված խնդիրները կարգավորելու նպատակով։
 
Ռուսական աղբյուրների համաձայն, էներգակիրների վաճառքից ստացվող եկամուտների կտրուկ նվազումն Ադրբեջանի համար դժվարություններ է ստեղծել սպառազինությունների գնման նախկին պարտավորությունները կատարելու առումով: «Կոմերսանտ» պարբերականի համաձայն, վճարումների ուշացման հետևանքով պատվիրված տեխնիկան պատրաստված և տեղ է հասցված, սակայն կանգնած է նավահանգստում՝ սպասելով իրավիճակի հստակեցման: Հայտնի է, որ 2010-2014թթ. Բաքուն Մոսկվայի հետ կնքել է ընդհանուր $4մլրդ-ի սպառազինության գնման համաձայնագրեր, որոնց մեծ մասն արդեն իրականացված է: Մնացել է որոշ քանակությամբ տանկերի, հետևակի մարտական մեքենաների և հրետանային համակարգերի մատակարարումը, որոնք էլ, հավանաբար, դարձել են քննարկման առարկա նշված բանակցությունների ընթացքում: Ի.Ալիևի հետ հանդիպման ժամանակ Դ.Ռոգոզինը հայտարարել է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա, և, չնայած համաշխարհայինն տնտեսական ճգնաժամին ու էներգակիրների գների անկմանը, Ռուսաստան-Ադրբեջան միջպետական հանձնաժողովին հաջողվել է էլ ավելի ընդլայնել համագործակցությունը տնտեսական, մշակութային, կրթական և այլ ոլորտներում:
 
Հարկ է նշել, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Է.Մամեդյարովը հերքել է Բաքվի և Մոսկվայի միջև առկա ֆինանսական չլուծված հարցերի մասին լուրերը: Ըստ նրա, գոյություն ունեցող խնդիրները կապված են կնքված պայմանագրերում ամրագրված և փաստացի ստացվող սպառազինության տեխնիկական պարամետրերի անհամապատասխանության հետ: ԱՀ ԱԳ նախարարը նշել է, որ Դ.Ռոգոզինը եկել էր հասկանալու առկա խնդիրների էությունը և ստացել լիարժեք պարզաբանումներ։
 
Սակայն կարծես այնքան էլ հարթ ու հասկանալի չի եղել գործընթացը, ինչի մասին է վկայում այն փաստը, որ Դ.Ռոգոզինի այցից անմիջապես հետո ԱՀ ՊՆ սպառազինության և տեխնիկայի վարչության պետ (նա նույնպես հանդիպում է ունեցել Դ.Ռոգոզինի հետ) Յ.Ախադովը հեռացվել է աշխատանքից, իջեցվել է նրա զինվորական կոչումը։ Ադրբեջանական լրատվամիջոցները նույնիսկ հնարավոր են համարում վերջինիս ձերբակալությունն ինչ-որ $3,5 միլիոնանոց գաղտնի գործարքի հետ կապի պատճառով:
 
Ըստ ռուսական ԶԼՄ-ի, Դ.Ռոգոզինն ունեցել է նաև այլ առաքելություն: ՌԴ արտաքին հետախուզական ծառայությանը հայտնի է դարձել, որ Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայությունը (MIT) մտադիր է Ադրբեջանում իր ազդեցության գործակալների միջոցով անցկացնել հատուկ օպերացիա Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում պատերազմական գործողություններ սադրելու նպատակով: Դիվանագիտական ճանապարհով սույն տեղեկությունները փոխանցվել են Երևանին և Բաքվին, իսկ Դ.Ռոգոզինը Բաքու կատարած չպլանավորված այցի ընթացքում պետք է Ի.Ալիևին ներկայացներ այս հարցի վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումը:
 
ՄԱԿ-ում Ադրբեջանի պատվիրակությունը հերթական անգամ դատապարտել է Ղրիմի միացումը Ռուսաստանին ՄԱԿ վեհաժողովի կողմից Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը սատարող բանաձևի երկու տարվան նվիրված կլոր սեղանի քննարկման ընթացքում: Միջոցառմանը ելույթ են ունեցել ՄԱԿ-ում ԱՄՆ, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լեհաստանի, ԱՀ, Վրաստանի և Մոլդովայի ներկայացուցիչները:
 
Ադրբեջան-Վրաստան. Այլ երկրներից Վրաստանի բնական գազի գնման բանակցություններն իրենց հանգուցալուծումը գտան ամսվա սկզբին։ Վրաստանի փոխվարչապետ Կ.Քալաձեն Բաքվում համաձայնության եկավ Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) հետ, ըստ որի՝ Վրաստանն Ադրբեջանից կստանա լրացուցիչ 500 մլն մ3 բնական գազ և $35-40-ով կիջեցվի կոմերցիոն գազի գինը: Բաքվից վերադառնալուց հետո Կ.Քալաձեն խորհրդարանական լսումների ընթացքում հայտարարել է, որ SOCAR-ի հետ կնքված պայմանագրից հետո Վրաստանը լիովին ապահովված է բնական գազով և «Գազպրոմից» լրացուցիչ գազի գնման անհրաժեշտություն այլևս չկա: Մինչ այդ վրացի պաշտոնյան հայտարարել էր նաև իրանական գազի գնման աննպատակահարմարության մասին՝ վերջինիս բարձր գնի պատճառով: Հարկ է նշել, որ երկարատև բանակցությունների արդյունքում Վրաստանը, տնտեսապես շահելով, այնուհանդերձ, չկարողացավ ապահովել նախկինում հայտարարած էներգակիրների դիվերսիֆիկացիան, իսկ Ադրբեջանն այլ երկրներից գազ գնելու պարագայում1, գնային հարցում զիջումների գնալով, ի վերջո կարողացավ պահպանել Վրաստանի նկատմամբ էներգետիկ ոլորտի մենաշնորհ դիրքերը։
 
Ադրբեջանը և Վրաստանը ԱԳ նախարարների մակարդակով պայմանավորվածություն են ձեռք բերել սահմանագծման մասին։ Գոյություն ունեցող ընդհանուր 480կմ սահմանից ներկայումս համաձայնեցված է 314կմ-ի սահմանագծումը:
 
Մշակութային կապերը զարգացնելու նպատակով Բաքվում տեղի է ունեցել Ադրբեջանի մշակույթի ու զբոսաշրջության և Վրաստանի մշակույթի ու հուշարձանների պահպանության նախարարությունների ստեղծած աշխատանքային խմբի առաջին նիստը: Քննարկվել են միջկառավարական համաձայնագրի շրջանակներում մշակութային համագործակցության ծրագրի հաստատման, ինչպես նաև կինոարտադրության, թանգարանային գործի, արվեստի, կրթության և մշակութային ժառանգության պահպանման հարցեր:
 
Ադրբեջան-Իրան. Նախորդ ամիս ԱՀ նախագահ Ի.Ալիևի Թեհրան կատարած այցը նոր թափ է հաղորդել իրանա-ադրբեջանական հարաբերություններին և դրականորեն ազդել միջպետական հռետորաբանության վրա։ Դրա մասին է վկայում Իրանի կառավարության նախագահ Մոհամադ Բակեր Նոբախտի հայտարարությունը, թե առաջիկայում Իրանի և Ադրբեջանի կապերը կհասնեն ռազմավարական համագործակցության մակարդակի: Ըստ նրա՝ Իրան-Ադրբեջան հարաբերությունների զարգացմանը կնպաստեն նաև Ռուսատանի հետ սերտացող հարաբերությունները։
 
ՌԴ-Ադրբեջան-Իրան եռակողմ տնտեսական համագործակցության աշխուժացմանը զուգահեռ՝ ամրապնդվում են կապերն այլ ոլորտներում։ Այս ամիս Բաքվում Ադրբեջանի պետական սահմանային ծառայության ղեկավար Է.Գուլիևի, Իրանի Սահմանային զորքերի հրամանատար Քասիմ Ռեզայիի և ՌԴ ԴԱԾ տնօրենի տեղակալ Վ.Կուլիշովի հանդիպման ընթացքում քննարկվել է իրավիճակը Կասպից ծովում, այդ թվում՝ կատարված աշխատանքները մաքսանենգության, անօրինական միգրացիայի և ձկնագողության դեմ պայքարում:
 
Էներգետիկ ոլորտի ուշագրավ զարգացումներից է SOCAR-ի նախագահի հայտարարությունն իրանական կողմի հետ փոխանակման ձևաչափով բնական գազի ձեռքբերման նպատակով վարվող բանակցությունների մասին: Ադրբեջանական կողմը մտադիր է գարնանը և ամռանը իրանական գազով լրացնել սեփական գազապահեստարանները, իսկ ձմռանն այն մատակարարել Իրանի հյուսիսային շրջաններին:
 
Ադրբեջան-ԵՄ/ԵԱՀԿ. Ամիսն ակտիվ էր եվրոպական կառույցների հետ շփումների առումով։ Տարածաշրջանային այցի շրջանակներում Բաքվում էր գտնվում ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա ‪‎Մոգերինին, որն Ի.Ալիևի հետ հանդիպման ընթացքում վերահաստատել է աջակցությունը «Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը» և ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին: Քննարկվել են նաև քաղաքական բարեփոխումների, տնտեսական համագործակցության, էներգետիկ և ֆինանսական անվտանգության հետ կապված հարցեր։
 
«Հարավային գազային միջանցք» նախագծի խորհրդատվական խորհրդի նիստում Ֆ.Մոգերինիի և Ի.Ալիևի ներկայությամբ ստորագրվել է համատեղ հռչակագիր, որում նշվում է էներգակիրներ արտադրող, տարանցիկ և սպառող երկրների միջև ռազմավարական հարաբերությունների զարգացման և խորացման, ինչպես նաև Ադրբեջանի էներգակիրներով եվրոպական շուկան ապահովելու մտադրությունը։ Նիստին մասնակցել են նախագծի անդամ երկրների էներգետիկայի նախարարները, ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի և ԵՄ ներկայացուցիչները։ Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մ.Շևչովիչը հայտարարել է, որ համաշխարհային շուկայի ցանկացած զարգացման դեպքում «Հարավային գազային միջանցք» նախագիծը կիրականացվի ըստ նախատեսված ժամանակացույցի, և 2020թ. ադրբեջանական գազը կհասնի Եվրոպա։
 
Բացի Ֆ.Մոգերինիից, այս ամիս Բաքու էին այցելել նաև ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը, Հվ.Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հ.Զալբերը։
 
Եվրոպական կառույցները դրականորեն են արձագանքել Նովրուզի կապակցությամբ Ի.Ալիևի հայտարարած համաներմանը, որի արդյունքում ազատ է արձակվել 148 դատապարտյալ, այդ թվում՝ քաղբանտարկյալներ։ Եվրոպայի և ԱՄՆ ճնշման տակ ընդունված սույն համաներումը ողջունել են ԵԽԽՎ նախագահ Պ.Ագրամունտը, ԵԱՀԿ ԽՎ նախագահ Ի.Կաներվան, ԵԱՀԿ ԽՎ ժողովրդավարության, մարդու իրավունքների և հումանիտար հարցերի հանձնաժողովի նախագահ Ի.Սանթոսը, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆ.‪‎Մոգերինին։
 
Հվ.Կովկասում ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենը ԱՀ դատարանի կողմից քաղբանտարկյալ Ինթիգամ Ալիևի ազատ արձակումը համարել է ոչ միայն միջազգային կառույցների, այլ նաև սեփական հանրության հետ աշխատելու Ադրբեջանի իշխանության պատրաստակամության նշան։
 
Ադրբեջան-ԱՄՆ. Ի.Ալիևի հայտարարած համաներումը ողջունել է նաև ԱՄՆ Կոնգրեսին ներկայացված «Ադրբեջանի ժողովրդավարության ակտ» օրինագծի հեղինակ, ԱՄՆ Հելսինկյան հանձնախմբի նախագահ Ք.Սմիթը՝ միաժամանակ հույս հայտնելով, որ ազատ կարձակվեն նաև մյուս քաղբանտարկյալները։ Ընդհանուր խորապատկերին առանձնանում է Freedom House իրավապաշտպան կազմակերպության նախկին ղեկավար և ԱՄՆ պետքարտուղարի մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերով նախկին օգնական Դ.Կրամերի կոչը, որ ԱՄՆ-ում Ի.Ալիևին չպետք է ընդունեն բարձր մակարդակով, քանի դեռ նա ազատ չի արձակել բոլոր քաղբանտարկյալներին։
 
«Հարավային գազային միջանցք» նախագծի ֆինանսավորման նպատակով Ադրբեջանը պատրաստվում է թողարկել և միջազգային շուկա հանել $2 մլրդ արժողության պարտատոմսեր։ Ադրբեջանական պատվիրակությունը ԱՀ ֆինանսների նախարար Ս.Շարիֆովի, նախագծի համակարգող ընկերության («Southern Gas Corridor Company», SGCC) և ԱՀ պետական նավթային հիմնադրամի ներկայացուցիչների մասնակցությամբ, ներդրողների հետ հանդիպման նպատակով հանդիպումներ է անցկացրել Նյու Յորքում, Լոս Անջելեսում, Սան Ֆրանցիսկոյում, Բոստոնում և Լոնդոնում։ ԱՀ կառավարության ս.թ մարտի 7-ի որոշմամբ պետական երաշխավորության պարտատոմսերը միջազգային ֆինանսական շուկաներ հանելու իրավունքը փոխանցվել է Citi Bank, UniCredit, JP Morgan բանկերին։ Lazard Freres SAS ընկերությունը հանդես է գալու որպես ադրբեջանական կողմի ֆինանսական խորհրդատու։
 
«Ադրբեջանա-ամերիկյան ալյանս» (ԱԱԱ) լոբբիստական կազմակերպության նախագահի պաշտոնից հրաժարական է տվել նախկին կոնգրեսական Դեն Բերթոնը՝ մեկ տարի աշխատավարձ չստանալու պատճառաբանությամբ։ Հարկ է նշել, որ ԱԱԱ-ն 2015թ. սեպտեմբերին փաստացի դադարեցրել էր գործունեությունը, սակայն մինչ այդ անմիջականորեն կոնգրեսականների և սենատորների շրջանում լոբբիստական գործունեության իրականացման վրա ծախսում էր պատկառելի գումարներ, մասնավորապես, ԱԱՆ-ը նշված նպատակներով Fabiani&Co ընկերությանը 2014թ. վճարել է $2,4 մլն, իսկ 2015թ. առաջին ինն ամիսներին՝ $1,3 մլն: ԱԱԱ կազմալուծումը պայմանավորված է ինչպես ֆինանսական դժվարություններով, այնպես էլ միջկլանային հակամարտության համատեքստում՝ կազմակերպության հիմնադիր Անար Մամեդովի հոր՝ ԱՀ տրանսպորտի նախարար Զիա Մամեդովի առջև ծառացած խնդիրներով։
 
Բաքվի IV գլոբալ ֆորումը. Բաքվում անցկացված «Բազմաբևեռ աշխարհ» չորրորդ գլոբալ ֆորումի ընթացքում քննարկվել են միջազգային անվտանգությանը, տարածաշրջանային սպառնալիքներին, գլոբալ տնտեսական խնդիրների հետևանքներին, կլիմայական փոփոխություններին և էներգետիկ քաղաքականությանը, նավթ արդյունահանող երկրների դերին, բազմամշակութայնությանը, միջկրոնական երկխոսությանը և փոխադարձ ինտեգրացիային, էթնիկ, կրոնական և քաղաքական հողի վրա առաջացող խնդիրներին, ժողովրդավարությանը, կրթության և բնապահպանությանն առնչվող հարցեր:
 
Ֆորումին մասնակցել են մեծ թվով օտարերկրյա նախկին և ներկա բարձրաստիճան պաշտոնյաներ, միջազգային կառույցների ղեկավարներ, հայտնի քաղաքական գործիչներ, փորձագետներ, այդ թվում՝ Բուլղարիայի, Վրաստանի, Ալբանիայի, Մակեդոնիայի նախագահները, Լեհաստանի, Ֆինլանդիայի և Լատվիայի նախկին նախագահները, Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Բարաքը, ՌԴ Արտաքին հետախուզական ծառայության նախկին տնօրեն Վ.Տրուբնիկովը: Հատկանշական է Վրաստանի նախկին նախագահ Մ.Սաակաշվիլու քաղաքական թիմի ներկայացուցչական մասնակցությունը ֆորումին՝ ի դեմս նախկին վարչապետ Ն.Գիլաուրիի, «Ազգային շարժում» խորհրդարանական խմբակցության նախագահ Գ.Գաբաշվիլու և Վրաստանի ենթակառուցվածքների նախկին նախարար Ռ.Նիկոլաշվիլու:
 
1Ադրբեջանը մտադիր է 3 մլրդ. մ3 գազ գնել Ռուսաստանից, ինչի մասին հայտարարել է SOCAR-ի նախագահ Ռ.Աբդուլաևը: Այն նախատեսվում է օգտագործել նավթի արդյունահանման նպատակով:
 
 
 Անուշավան Բարսեղյան 
«Նորավանք» ԳԿՀ քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավարի տեղակալ
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն