Ինչ է առաջարկվում հակամարտող կողմերին որպես կարգավորման տարբերակ


Ինչ է առաջարկվում հակամարտող կողմերին որպես կարգավորման տարբերակ

  • 19-04-2016 18:53:01   | Հայաստան  |  Վերլուծություն
Արցախի դեմ Ադրբեջանի նախաձեռնած գրոհից եւ քառօրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակում անորոշ է մնում քաղաքական կամ դիվանագիտական գործընթացի առարկան:
 
Ստացվում են իրարամերժ տեղեկություններ այն մասին, թե ինչ է առաջարկվում հակամարտող կողմերին որպես կարգավորման տարբերակ, որպես դիվանագիտական գործընթացի առանցք:
Աշխույժ է Ռուսաստանը, որը փորձում է առաջ մղել իր վերջին տարիների պատկերացումները: Դրանք ընդհանուր առմամբ տեղավորվում են տարածք խաղաղապահների դիմաց տրամաբանության մեջ, թեեւ դա խոշոր հաշվով Մադրիդյան սկզբունքների մեջ ներառվող տրամաբանություն է, իհարկե որոշակի դետալային տարբերությամբ, ընդ որում՝ ոչ անկարեւոր դետալների: Եթե Մադրիդյան սկզբունքներում առկա է Արցախի կարգավիճակի հարց, ապա տարածք խաղաղապահների դիմաց բանաձեւում դրա մասին համենայն դեպս չի էլ ակնարկվում դիվանագիտական հայտարարությունների մակարդակում անգամ:
Այդքան էլ պարզ չէ, թե ինչ են անում Մինսկի խմբի մյուս համանախագահները, ԵԱՀԿ գործող նախագահ Գերմանիան: Նրանք ունե՞ն իրենց պատկերացումները, թե՞ առայժմ նրանց խնդիրը Ռուսաստանին սեփական պատկերացումներն առաջ մղելու հարցում խանգարելն է: Թե՞ նրանք Ռուսաստանին տվել են եւս մեկ անգամ փորձելու հնարավորություն, իհարկե պայմանով, որ հաջողելու դեպքում Մոսկվան տարածաշրջանային համակարգումը կիրականացնի միջազգային հանրությանը հաշվետուի կարգավիճակում:
Չի բացառվում եւ այն, որ քառօրյա պատերազմից հետո փակուղում է նաեւ Մինսկի խումբը:
Բոլոր դեպքերում, նկատելի է մի բան՝ կարծես թե սկսել են քիչ խոսել շփման գծում հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմի ներդրման մասին: Վերջին տարվա ընթացքում այդ գաղափարը, որ առաջ էր քաշել ԱՄՆ, դարձել էր կարգավորման գործընթացում առանցքային նյութ: Հատկապես վերջին ամիսներին նկատելիորեն աշխուժացել էին այդ մեխանիզմի ներդրման ուղղությամբ ջանքերը: Պաշտոնական Երեւանը ոչ միայն ողջունել էր այդ մեխանիզմի գաղափարը, այլ նույնիսկ ակնկալիք ուներ, որ առաջիկա ամիսներին կտեսնենք դրա ուղղությամբ կոնկրետ քայլեր:
Այդ մասին նախորդ տարի դեկտեմբերին հայտարարեց Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, Սարգսյան-Ալիեւ դեկտեմբերի վերջին տեղի ունեցած հանդիպումից հետո: Սարգսյանը հայտարարեց, թե այդ մեխանիզմի ներդրման ուղղությամբ կոնկրետ քայլերը շաբաթների, առավելագույնն ամիսների հարց են:
Ամիսներ անց տեղի ունեցավ քառօրյա պատերազմ, իսկ դրանից հետո կարծես թե ավելի քիչ է խոսվում այդ մեխանիզմի մասին: Սերժ Սարգսյանը պատերազմի օրերին ԵԱՀԿ դեսպանների հետ երեւանյան հանդիպմանն անհրաժեշտ համարեց այդ մեխանիզմի շուտափույթ ներդրումը, դրա մասին խոսեց նաեւ մի քանի օր անց Սերժ Սարգսյանին Բեռլինում ընդունած ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Շտայնմայերը: Եվ կարծես թե վերջ: Քառօրյա պատերազմից հետո այդ գաղափարն ավելի ինտենսիվանալու փոխարեն, կարծես թե մնում է Ռուսաստանի ինտենսիվ դիվանագիտա-քաղաքական ջանքի ստվերում:
Արդյոք դա այն նվազագույնն էր, որին հասավ Բաքուն քառօրյա պատերազմի հետեւանքով, օրակարգից հանելով կամ զգալիորեն հետ մղելով հրադադարի պահպանման մեխանիզմի գաղափարը: Պաշտոնական Բաքուն այն բացահայտորեն մերժել էր, ինչը միանգամայն հասկանալի էր. Այդ մեխանիզմի ներդրումը լինելու էր Բաքվի ռազմական դիվանագիտության ավարտը, իսկ այլ դիվանագիտություն, քան ապակայունացման շանտաժը, Բաքուն չունի եւ գործնականում չի էլ կարող ունենալ:
Հրադադարի ներդրման մեխանիզմը բացահայտորեն չէր մերժել, սակայն որեւէ կերպ այդպես էլ չէր ողջունել Ռուսաստանը: Մի կողմից դա անհասկանալի է՝ Հայաստանն ընդունում եւ ողջունում է, իսկ ռազմավարական դաշնակիցը ծպտուն չի հանում, իսկ մյուս կողմից էլ այդ լռությունը, որը տվյալ դեպքում անհամաձայնության նշան էր, լիովին հասկանալի է ինչպես Բաքվի դեպքում: Բանն այն է, որ եթե հաստատվում է հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմ, տեղի է ունենում կարեւոր բեկում թե հակամարտության կարգավորման գործընթացում, թե ընդհանրապես տարածաշրջանային զարգացման:
Նախ գործընթացում գործնականում զրոյացվում է ռազմական բաղադրիչի, հետեւաբար շանտաժի եւ մանիպուլյացիայի գործոնը, չեզոքացվում է տարածքներ խաղաղապահների դիմաց բանաձեւը, եւ տարածաշրջանն ընդհանրապես ձերբազատվելով հակամարտության այսպես ասած ապասառեցման վտանգից կամ էապես զրոյացնելով այն, վերջապես մտնում է քաղաքական զարգացման տրամաբանության մեջ, ինչը կողմերից պահանջում է արդեն բոլորովին այլ վարք, որը կառուցվում է ոչ թե վերջնագրերի կամ շանտաժի, այլ առաջարկների, նախաձեռնությունների, ստեղծարար փիլիսոփայության վրա:
Իսկ այստեղ ակնհայտ է, թե ովքեր են հայտնվում անմրցունակ կարգավիճակում՝ գլոբալ իմաստով Ռուսաստանն ու Թուրքիան, իսկ զուտ տարածաշրջանային իմաստով՝ Ադրբեջանը: Փոխարենը շահում են տեխնոլոգիական առաջատար Արեւմուտքը, Իրանը՝ որի առաջ բացված են դռները, եւ Հայաստանն ու Վրաստանը, որոնց ներուժն ու մրցակցային առավելությունն ակնհայտորեն խաղաղասիրական-ստեղծագործականն է եւ որոնք փաստորեն կկազմեն տարածաշրջանի զարգացման այդ տրամաբանության առանցքը:
Եվ այս իմաստով, իհարկե, թե Արցախի հակամարտության կայունության, թե Հայաստանի ու Արցախի անվտանգության, թե ընդհանրապես տարածաշրջանի կայուն զարգացման եւ վերափոխման տրամաբանության տեսանկյունից զգալի կորուստ կլինի, եթե քառօրյա պատերազմի հետեւանքով ապակյունացման շանտաժով Բաքվին հաջողված լինի օրակարգից հանել այդ մեխանիզմի հարցը, հետ գցել այն: Դրանից կարող են գոհ լինել միայն մեխանիզմի գաղափարը չողջունած Անկարան ու Մոսկվան: 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play