Ո՞վ է պահանջում Արցախի տարածքները


Ո՞վ է պահանջում Արցախի տարածքները

  • 21-04-2016 15:18:54   | Հայաստան  |  Վերլուծություն

Քառօրյա պատերազմի եւ «կարգավորման» գործընթացի տարբեր նախագծերի վերաբերյալ խոսակցությունների ֆոնին ակտուալացել է Արցախի տարածքների խնդիրը:
 
Սեղանին առկա բոլոր տարբերակները ենթադրում են «տարածքների վերադարձ», ընդ որում, այս թեզը նաեւ հայկական այսպես կոչված քաղաքական դասի հավատամքն է տասնամյակներ շարունակ:
Ընդհանրապես, հայկական քաղաքական միտքը այս տարիներին այդպես էլ սահմանափակվեց Լեւոն Տեր-Պետրոսյանի «Պատերազմ, թե խաղաղություն» տխրահռչակ հոդվածի շրջանակում: Որեւէ այլընտրանք այն ընդունակ չեղավ առաջարկելու, թեեւ հետագա տարիների իրադարձությունները ցույց տվեցին այդ հոդվածի դրույթների սնանկությունը: Սակայն, իրադարձությունները զարգանում էին իրենց տրամաբանությամբ, իսկ քաղաքական միտքը մնաց անհամարժեք այդ տրամաբանությանը:
Սա Հայաստանը հասցրեց ներկայիս իրավիճակին: Մյուս կողմից, քառօրյա պատերազմում տեղի ունեցավ յուրատեսակ «հանգուցալուծում», երբ Հայաստանում արդեն սկսել են մտածել շատ բաների մասին, այդ թվում տարածքների: Մարդիկ հարց են տալիս՝ իսկ ո՞վ է պահանջում այդ տարածքները, դրանք պետք է հանձնել միայն այն բանի համար, որ Ադրբեջա՞նն է ցանկանում: Չէ՞ որ ներկայիս սահմանը պատերազմի արդյունքն է, եւ ինչո՞ւ հայկական քաղաքական ղեկավարությունը չի կարողանում ամրագրել այդ արդյունքը: Ինչո՞ւ պետք է հայկական կողմն ընդհանրապես քննարկի այդ խնդիրը:
Այս օրերին մի վտանգավոր թեզ էլ է հայտնվել շրջանառության մեջ, ըստ որի՝ եթե լինի երաշխավորված խաղաղություն եւ ԼՂՀ կարգավիճակի հստակեցում, կարելի է նաեւ զիջել տարածքները: Սա նույնիսկ ավելի վտանգավոր թեզ է, քան պարզապես զիջելու մասին խոսակցությունները: Այդ ո՞վ է խաղաղություն երաշխավորելու, առավել եւս Ադրբեջանի պարագայում, որը բարբարոսական պետություն է եւ հակված չէ պահպանել որեւէ պայմանավորվածություն, որեւէ միջազգային կոնվենցիա: Բաքուն դա լիուլի ապացուցեց քառօրյա պատերազմի արդյունքում:
Հայաստանում սկսել են գիտակցել, որ որեւէ տարածքային զիջում Ղարաբաղում ունենալու է գլորվող ձնագնդի էֆեկտը, եւ հերթը հասնելու է այլ տարածքների, այդ թվում Հայաստանի: Սկսել են գիտակցել նաեւ, որ աշխարհում հարգում են նրանց, ովքեր պահում, բնակեցնում են տրվածը, պաշտպանում են իրենց իրավունքը: Եվ հակառակը՝ չեն հարգում, հաշվի չեն առնում նրանց իրավունքը, ովքեր պատրաստ են զիջումների: Եվ միջազգային գործերը կարգավորվում են հենց նման պետությունների հաշվին:
Քառօրյա պատերազմը «ոչ մի թիզ հող» արտահայտությունը զգայականից վեր է ածել կոնկրետ բովանդակության քաղաքական թեզի, որը Հայաստանի ու Ղարաբաղի անվտանգության պայմանն է: Ընդ որում, ոչ միայն հայկական երկու պետությունների, այլեւ ողջ տարածաշրջանի: Քառօրյա ռազմական գործողությունների արդյունքում հայերն արդեն զիջել են «մի թիզ հող» եւ անմիջապես հայտնվել ռազմաքաղաքական ու դիվանագիտական խոցելի իրավիճակում: Սա հենց ամենալավ ապացույցն է:
Իրավիճակը փոխվել է, եւ Հայաստանի ու Ղարաբաղի առջեւ կոնկրետ խնդիր է դրված՝ փոխել բանակցության առարկան եւ ձեռնամուխ լինել ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացին: Այն թեզը, թե իբր այդ դեպքում պատերազմ կսկսվի, նույնպես իմաստազրկվել է: Պատերազմը վաղուց սկսված է, անկախ նրանից՝ Հայաստանը սկսել է այդ գործընթացը, թե ոչ:
Այս գործընթացը ռազմա-քաղաքական մեծ պոտենցիալ է պարունակում նաեւ այն առումով, որ Հայաստանը կարող է դառնալ միջազգային լուրջ գործընկեր, որի անվտանգությունը կդառնա միջազգային խնդիր: Հայաստանի ղեկավարությունը պատերազմի օրերին կարծես թե հայտարարեց այդ մտադրության մասին, սակայն Ռուսաստանի պահանջով կասեցրեց այն, այդպիսով չօգտագործելով խնդիրը ռուս-ադրբեջանական աքցանից հանելու հնարավորությունը:
Հայաստանի իշխանությունը փրկեց Մոսկվայի ու Բաքվի դեմքը, թեեւ կարող էր հակահարվածի արդյունքում կապիտուլյացիա պարտադրել Ադրբեջանին: Այս մասին դեռ մանրամասն հրապարակումներ կլինեն:
Տարածքներ հանձնելով՝ Հայաստանը հանձնելու է իր զարգացումն ու անվտանգությունը, ապագայի որեւէ հեռանկար, ու չի ստանալու ոչինչ: Տարածքները պահելով՝ Հայաստանը հանձնելու է ռուս-ադրբեջանական դաշինքը: Եվ այսպես, ի՞նչն է պատրաստվում հանձնել Հայաստանը:
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play