Հայ-ֆրանսիական մանկական նվագախմբի երևանյան համերգը՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում


Հայ-ֆրանսիական մանկական նվագախմբի երևանյան համերգը՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում

  • 22-04-2016 19:49:49   | Հայաստան  |  Մշակույթ

Ս. թ. ապրիլի 22-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա հայ-ֆրանսիական մանկական նվագախմբի երևանյան համերգը: Կհնչեն Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Ստեփան Շաքարյանի, Արամ Սաթյանի, Հեկտոր Բեռլիոզի, Գաբրիել Ֆորեի, Կամիլ Սեն-Սանսի, Մորիս Ռավելի ստեղծագործությունները: Մենակատարներ` հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիրներ Լյուդովիկ Մարիոթը (թավջութակ, Ֆրանսիա), Լևոն Չատիկյանը (դուդուկ, Ֆրանսիա), Անի Աղաջանյանը (վոկալ, Հայաստան), Անդրանիկ Աղաջանյանը (թավջութակ, Հայաստան), Դիանա Ադամյանը (ջութակ, Հայաստան): Նվագախումբը հանդես կգա ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դիրիժոր Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ:
 
Հիշեցնենք, որ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` 2016 թ. ապրիլի 14-24-ը Հայաստանում անցկացվում են հայ-ֆրանսիական մանկական նվագախմբի համերգները: Նախագծի կազմակերպիչներն են Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցը, Ֆրանսիայի Ռոմանի կոնսերվատորիան: Հայ-ֆրանսիական մանկական նվագախմբում ընդգրկված են Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի, Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի և Ռոմանի կոնսերվատորիայի` 10-15 տարեկան, 95 սան:
Ս. թ. ապրիլի 18-ին, Աշտարակի քաղաքային մշակույթի տանը կայացավ հայ-ֆրանսիական մանկական նվագախմբի հայաստանյան առաջին համերգը: Հնչեցին Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Ստեփան Շաքարյանի, Արամ Սաթյանի, Հեկտոր Բեռլիոզի, Գաբրիել Ֆորեի, Կամիլ Սեն-Սանսի, Մորիս Ռավելի ստեղծագործությունները: Նվագախումբը համերգներով հանդես է եկել նաև ս. թ. ապրիլի 19-ին, Գյումրիի Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: Նախագծի շրջանակում ապրիլի 20–ին և 21-ին հայ պատանի երաժիշտ-կատարողների համար Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցում կազմակերպվել են վարպետության դասեր, որոնք վարել են Տարոն Կարապետյանը և Լևոն Չատիկյանը:
Նշենք, որ նվագախմբի բեմելը կայացել է 2015 թվականին, Ֆրանսիայում: Նվագախումբը համերգներով հանդես է եկել Ֆրանսիայի Ռոման, Լիոն, Վալանս, Սենտ Էտյեն քաղաքներում: Համերգային ծրագիրն ամբողջությամբ կազմված էր հայ կոմպոզիտորների ստեղծագործություններից` Կոմիտաս, Ա. Խաչատրյան, Է. Միրզոյան, Ա. Հարությունյան, Ռ. Ալթունյան, Վ. Շարաֆյան, Ա. Սաթյան: 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ