Լևոն Հայրապետյանի վիճակը բանտում կտրուկ վատացել է, նա կորցրել է գիտակցությունը /ՏԵՍԱՆՅՈՒԹ/
25-04-2016 16:20:51 | Ռուսաստան | Իրավունք
Ապրիլի 24-ին կտրուկ վատացել է Մոսկվայի Բուտիրսկայա բանտում գտնվող Լևոն Հայրապետյանի առողջական վիճակը, նա անգամ կորցրել է գիտակցությունը: Բարերարն այժմ գտնվում է բանտային բուժմասում:
Մեր աչքի առջև տեղի է ունենում այն, ինչի մասին զգուշացնում էին բժիշկներն ու իրավաբանները. այս վիճակում մարդը չի՛ կարող բանտում պահվել: Դա հակասում է մարդասիրական բոլոր սկզբունքներին:
Ապրիլի 14-ին Լևոն Հայրապետյանը դատապարտվեց չափազանց կասկածելի մեղադրանքով՝ լի տասնյակ իրարամերժություններով: Նրա գործով տուժողը բազմաթիվ սպանությունների գործով ցմահ դատապարտված նախկին սենատոր Իգոր Իզմեստևն է, ինչն ինքնին նոնսենս է՝ դատել մարդուն ցմահ դատապարտված մարդասպանի դիմումի հիման վրա:
Ինչևէ, Լևոն Հայրապետյանը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման: Նրա հանդեպ չկիրառվեց անգամ պայմանական պատիժ կրելու ձևաչափը՝ հաշվի առնելով օրեցօր վատթարացող առողջական վիճակը: Հայրապետյանին անհրաժեշտ է ամենօրյա բժշկական հսկողություն. նման առողջությամբ բանտում նա պարզապես կենդանի չի մնա: