26-04-2016 14:34:09 | Հայաստան | Ականատեսի աչքերով
Երեկ Հալաբյան փողոցում ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորված 14-ամյա Անահիտ Միքայելյանը թիվ 63 երթուղային ավտոբուսը նստել է «Թումո» կենտրոնի դիմացի մայթից։ Նա այժմ գտնվում է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում:
Հիշելով դեպքը, նա պատմեց, որ մի կանգառ է անցել և սպասել է լուսացույցի մոտ.
«Ավտոբուսը կանգնեց ու այդ պահին պայթեց, ուղղակի առանց ինչ-որ բանի, ոչ այրվեց, ոչ … պատահական պայթեց»։
Անահիտի խոսքով՝ պայթյունը որոտացել է, ինքը նստած է եղել վարորդի ետևում.
«Իմ հետևից ինչ-որ տաքություն, ինչ-որ բան ինձ հրեց առաջ՝ աջ հատվածից»։
Անահիտը պատմում է, որ գիտակցությունը կորցրել է, իսկ երբ ուշքի է եկել՝ իրեն օգնել են։ Անահիտը պատմեց, որ երկու երիտասարդ տղաները նստել էին ավտոբուս, ետևի դռնից՝ այն նույն կանգառից, որից ինքն է նստել ավտոբուս։ Սակայն Անահիտը նրանց դեմքերը չի հիշում։ Նրա հիշելով պայթյունը՝ եղել է դատարկ տեղում։ Անահիտն ավտոբուս նստել է դիմացի դռնից և ավտոբուսի հետևի հատվածին շատ ուշադրություն չի դարձրել, բայց իր հիշելով՝ իր ետևում ոչ ոք նստած չի եղել։ Հարցին՝ արդյո՞ք ավտոբուսում որևէ տարօրինակ մարդ կամ որևէ տարօրինակ բան նկատել է, Անահիտը բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ ամեն ինչ սովորական էր.
«Մենք անցել էինք առաջին կանգառը, արդեն լուսացույցի կարմիր լույսն էր, ավտոբուսը կանգնեց ու հենց այդ պահին պայթեց»,- պատմեց նա։
Նրա խոսքով՝ ավտոբուսում ամենաշատը 10-15 մարդ է եղել։ Իսկ երբ ինքը ուշքի է եկել՝ ավտոբուսի մեջ ընկած է եղել, վրան էլ երկաթի կտորներ և ապակիներ են եղել։ Անահիտը վնասվածքներ է ստացել ծնկների, ձեռքերի և մեջքի հատվածում։
«Ավտոբուսում ամեն ինչ նորմալ է եղել, ոչ մի ձայն չի եկել։ Վերջին պահին ինչ-որ տղայի հեռախոս զանգեց, նույնիսկ նա չհասցրեց հեռախոսին պատասխանել, ու ավտոբուսը պայթեց»։
Անահիտն ասաց, որ «Թումո» կենտրոնից՝ Հալաբյան փողոցից, ցանկացել է գնալ Կենտրոն վարչական շրջան։
Հանրապետական բժշկական կենտրոնում այժմ բուժում ստացող Անահիտը նշեց, որ տղաներից մեկը, իր կարծիքով, անհնար է, որ փրկված լինի . «Դա այն երիտասարդ տղան էր, որ աչքերս բացեցի՝ ինքը հենց իմ դիմացն էր՝ դռան հենց կողքին բռնված էր, որ կանգառում պիտի իջներ։ Պայթյունից հետո իր մարմինն ուղակի երկու մասի էր պոկվել, պոռթվել էր, ոտքերն ու վերևը չկային, ուղղակի պոռթվելէր։ Այս տղան արյան մեջ էր, օրգանները դուրս էին եկել»։