Ադրբեջանի այսօրվա առանցքային խնդիրը հրադադարի համաձայնագրում Արցախի ստորգրությունից վերջնականապես ազատվելն է


Ադրբեջանի այսօրվա առանցքային խնդիրը հրադադարի համաձայնագրում Արցախի ստորգրությունից վերջնականապես ազատվելն է

  • 26-04-2016 15:23:37   | Հայաստան  |  Վերլուծություն

Ապրիլի 25-ի լույս 26-ի գիշերը անհանգիստ է եղել Արցախի և Ադրբեջանի սահմանին, ադրբեջանցիները հրետակոծել են նաև Մարտակերտ և Մատաղիս բնակավայրերը: Հայկական զինուժը հրադադարի խախտման հետևանքով ունի երկու զոհ: Քառօրյա պատերազմից հետո հրադադարի ընթացքում ադրբեջանցիները պարբերաբար կրակել են տարբեր ինտենսիվությամբ, սակայն կարծեք թե նախորդ գիշերը հրադադարի խախտումների առումով ամենաթեժն է եղել և ամենամասշտաբայինը, համենայն դեպս ըստ ԼՂՀ ՊԲ հաղորդագրության:
 
Ադրբեջանի այդ գործողությունները նախորդել են Սերժ Սարգսյանի հարցազրույցին Բլումբերգ գործակալությանը, որը հրապարակվեց, և որում Սերժ Սարգսյանը մի շարք, ըստ էության, աղմկոտ հայտարարություններ է արել՝ կապված բանակցային գործընթացի հետ: Ըստ էության, Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ հայկական կողմը բանակցությունների իմաստ չի տեսնում, եթե չի սահմանափակված ադրբեջանական ագրեսիայի հնարավորությունը:
 
Սա, իհարկե, հայկական կողմի լիովին տրամաբանված դիրքորոշումն է, քանի որ եթե ադրբեջանական կողմը շարունակում է, այսպես կոչված, ռազմական դիվանագիտությունը, ապա շարունակելով այսպես կոչված բանակցությունները՝ Հայաստանը ըստ էության, կամա թե ակամա, խրախուսում է ադրբեջանցիների ռազմատենչությունը:
 
Եվ այս տեսանկյունից իհարկե հայկական կողմի մոտեցումը ոչ միայն լիովին համահունչ է իրավիճակին, այլև, ըստ էության, նույնիսկ ուշացած: Սակայն այստեղ խնդիրն այն է, թե արդյոք դա բավարա՞ր է ստեղծված իրավիճակում: Հայտնի է դարձել երեկ, որ ադրբեջանցիները ապրիլի 14-ից ՄԱԿ են փոխանցել մի նամակ, որում խոսում են 1994 թվականի հրադադարից միակողմանիորեն դուրս գալու մասին՝ մեղադրելով, իհարկե, Հայաստանին ապակառուցողականության համար:
 
Այստեղ խնդիրն իհարկե ոչ այնքան այն է, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմ սկսելուն՝ նա դա կարող է անել նաև 1994-ի հրադադարի պայմանագրի առկայության պայմաններում էլ, այլ առանցքային հարցը գուցե Արցախի ստորագրությունից վերջնականապես ազատվելն է: Իսկ այդ ստորագրությունը կա 1994-ի հրադադարի համաձայնագրի տակ:
 
Եվ անկասկած է, որ Բաքուն այդ առումով փորձում է օգտագործել քառօրյա պատերազմի կրակի դադարեցման համաձայնությունը, որ ձեռք է բերվել Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի անունից: Այսինքն՝ Ադրբեջանը փորձում է կառչել այդ դրվագից և իրավիճակը բերել նոր՝ Հայաստանի հետ հրադադարի համաձայնագրի, արդեն առանց Ղարաբաղի, խնդիրը փաստորեն տեղափոխելով Հայաստան-Ադրբեջան տարածքային վեճի տիրույթ:
 
Ըստ էության, կարող ենք արձանագրել, որ Ղարաբաղյան կարգավորման գործընթացում սկսվում է պայքարի մի նոր փուլ, որտեղ Հայաստանը պնդելու է 1994-ի հրադադարի վերահաստատում, իսկ Ադրբեջանը ձգտելու է հասնել հրադադարի նոր պայմանագրի՝ այս անգամ արդեն միայն Հայաստանի հետ կնքված: Եվ ակնհայտ է, որ ռազմական գործողություններով Բաքուն հետապնդելու է իր այս թիրախը սպասարկելու նպատակ՝ կրակելով այնքան, մինչև կա՛մ Հայաստանը միջնորդներին կարողանա համոզել զսպել Բաքվին, կա՛մ Բաքուն միջնորդներին համոզի, որ պետք է Հայաստանին պարտադրել գնալ հրադադարի՝ առանց Լեռնային Ղարաբաղի ստորագրության:
 
Ինչպես կարելի է դատել միջնորդների պահվածքից, այդ հարցում ներկայումս չկա որոշակի կողմնորոշում, և այնպիսի տպավորություն է, որ առաջանում է առժամանակյա կարճաժամկետ մի վակուում, որը կա՛մ միջնորդների չկողմնորոշվածության հետևանք է, կա՛մ նրանք այդ վակուումը ստեղծում են գիտակցաբար՝ կողմերին տալով դիրքային պայքարի հնարավորություն, որտեղ սահմանափակվում են ռազմական գործողությունների մասշտաբները, սակայն գուցե ոչ ինտենսիվությունը:
 
Այս օրերին կողմերի հետ ակտիվ շփումների մեջ են Մինսկի խմբի բոլոր երեք համանախագահ երկրների արտգործնախարարությունները: Չի բացառվում, որ նրանցից որևէ մեկը չի փորձում ստանձնել հստակ պատասխանատվություն իրավիճակի համար, քանի դեռ պարզ չէ, թե նոր իրավիճակում ինչ ռեսուրսներ ունեն կողմերը, ինչպիսին է ուժերի և հեռանկարների հարաբերակցությունը: Եվ այս տեսանկյունից հետաքրքրական է, որ անգամ Ռուսաստանի Դաշնությունը որոշակիորեն հրաժարվում է կայունացնողի առաջնային մանդատից և հայտարարում այն դե ֆակտո Գերմանիային՝ ԵԱՀԿ գործող նախագահին հանձնելու մասին:
 
Սրանով է ըստ երևույթին պայմանավորված և այն, որ Հայաստանն այս օրերին ակտիվ մեսիջներ է հղում Արևմուտք՝ փորձելով չմնալ միայն ռուսական ռելսերի վրա, հասկանալով, որ ռուսական լոկոմոտիվը այլևս քաշող չէ: Ընդ որում՝ այդ համատեքստում հետաքրքրական է և այն, որ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագրեր է ստորագրել պաշտպանական ոլորտում կադրային երեք էական փոփոխություններ կատարելու մասին՝ ազատելով պաշտոններից Հայաստանի ԶՈՒ հետախուզության, կապի ոլորտի և նյութատեխնիկական մատակարարումների բաժինների ղեկավարներին: Սա անկասկած նշանակում է, որ Սերժ Սարգսյանը այս պաշտոնյաների աշխատանքը գնահատել է խիստ անբավարար:
 
Եվ ուրեմն հարց է առաջանում՝ այստեղ լոկ մասնագիտական թերացումների՞, թե՞ կոռուպցիայի խնդիր է: Մասնավորապես, նյութատեխնիկական մատակարարումների պատասխանատու Ալիկ Միրզաբեկյանի անունը շոշափել էր ՏՏ ոլորտի ակտիվ դեմքերից Կարեն Վարդանյանը՝ նրան ուղղակի մեղադրելով բանակի և գիտության կապի սաբոտաժի համար:
 
Եվ այս իմաստով, հաշվի առնելով նաև այն, որ կոռուպցիան Հայաստանի անվտանգության խնդիր է դիտարկում Արևմուտքը, Սերժ Սարգսյանի քայլը առաջին հերթին խիստ պահանջված լինելով որպես պետական անվտանգության քայլ՝ երկրորդ հերթին նաև կարող է լինել ազդակներից մեկը տարածաշրջանային նոր իրավիճակում անվտանգության ոլորտում արտաքին գործընկերների և դաշնակիցների դիվերսիֆիկացման հարցում:
 
Վակուումը կարող է շատ կարճ տևել, և եթե այն Հայաստանը չլցնի իր ներքին ու արտաքին արդյունավետ քայլերով, ապա վակուումը կարող է լցվել Հայաստանի համար նոր վտանգներով:
 Հովհան Մանդակունի
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն