Այս տարի «Արմմոնո» միջազգային թատերական 14-րդ փառատոնը նվիրվում է ՀՀ անկախության 25-ամյակին


Այս տարի «Արմմոնո» միջազգային թատերական 14-րդ փառատոնը նվիրվում է ՀՀ անկախության 25-ամյակին

  • 26-04-2016 18:30:11   | Հայաստան  |  Մշակույթ

ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Հայաստանի թատերական գործիչների միությունը՝ ս. թ. ապրիլի 29-ից մայիսի 3-ը կանցկացնի «Արմմոնո» միջազգային թատերական 14-րդ փառատոնը:
 
Այս տարի փառատոնի մասնակից երկրներն են՝ Հայաստան, Բելառուս, Իսրայել, Լեհաստան, Լիտվա, Մեծ Բրիտանիա, Շվեյցարիա, Ռուսաստան, Վրաստան, Ֆրանսիա. կցուցադրվի 26 ներկայացում:
«Արմմոնո-2016» փառատոնը կբացի «Եթե ես լինեի ՊաՊա» մոնոներկայացումը՝ երգիչ, դերասան Հայկ Պետրոսյանի կատարմամբ (բեմադրիչ՝ Հ. Պետրոսյան): Փառատոնի ծրագրում ներառված է Նոբելյան մրցանակի դափնեկիր Սվետլանա Ալեքսիևիչի «Մարգարիտա և Աբուլֆազ» ստեղծագործության հիման վրա բեմադրված մոնոներկայացումը. այն նվիրվում է ՀՀ անկախության 25-ամյակին:
Փառատոնի պատվավոր հյուրերի շարքում են՝ Նինա Մազուրը (ՅՈՒՆԵՍԿՕ-ի մոնոներկայացումների միջազգային ֆորումի համանախագահ), մոնոփառատոնի տնօրեններ՝ Վեցլավ Գերասը (Լեհաստան), Յոլանտա Սուտովիչը (Գերմանիա), Մարիա Տանանան (Լիտվա), Վյաչեսլավ Տերեշչենկոն (Ռուսաստան), Անդրեյ Նովիկովը (Բելառուս), Ալեքսանդրաս Ռուբինովասը (Լիտվա), ինչպես նաև անվանի փորձագետներ՝ Մայքլ Կայթը (Իսրայել), Նատալյա Ցվարցելիձեն (Վրաստան):
Փառատոնի բացման արարողությունը կկայանա ս. թ. ապրիլի 29-ին, ժամը 18:00-ին, Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում /հասցե՝ Երևան, Սայաթ-Նովա 4/:
Ողջունելով փառատոնի կազմակերպիչներին և մասնակիցներին, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը բարի ընթացք է մաղթել «Արմմոնոյին» և նշել. «Նախարարությունը մշտապես կարևորել է փառատոնի անցկացումը, քանի որ այն նոր ձևաչափեր և մրցակարգեր բերելուց զատ՝ նաև աչքի է ընկնում տարեցտարի ընդլայնվող աշխարհագրությամբ և հանրության շրջանում առաջացրած հետաքրքրության խորացմամբ»: Ա. Պողոսյանը բարձր է գնահատել «Արմմոնո-Դեբյուտ» անվանակարգի նշանակությունը, ընդգծելով, որ այն ինքնադրսևորման և փարձառության ձեռք բերման լավ հնարավորություն է երիտասարդ դերասանների համար:
Ս. թ. ապրիլի 26-ին, «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնին նվիրված մամուլի ասուլիսին մասնակցում էին՝ ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը, ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկին, դերասաններ Արա Ասատուրյանը, Հայկ Պետրոսյանը:
 
Նոյյան տապան  -   Մշակույթ