Հողեր տալն ունենալու է գլորվող ձնագնդի էֆեկտը եւ վաղ թե ուշ հասնելու է Սյունիքին. Մեկնաբան


Հողեր տալն ունենալու է գլորվող ձնագնդի էֆեկտը եւ վաղ թե ուշ հասնելու է Սյունիքին. Մեկնաբան

  • 28-04-2016 18:40:01   | Հայաստան  |  Վերլուծություն

Քառօրյա պատերազմից ու հետագա իրադարձություններից հետո հայկական «իստեբլիշմենտը»՝ քաղաքական ուժերը, ԶԼՄ-ները, փորձագետները դեռ ակնարկում կամ բացահայտ խոսում են «հողերը վերադարձնելու» մասին:
 
Նրանք փորձում են ներկայանալ որպես միջազգային իրավունքին եւ քաղաքականությանը համարժեք: Հիմնականում բերվում է երկու փաստարկ՝ դա խաղաղություն հաստատելու եւ զոհերից խուսափելու միակ ձեւն է, եւ հողերը կվերադարձվեն անվտանգության լուրջ երաշխիքների դիմաց:
Որտեղի՞ց է գալիս այս համոզմունքը, պատմական ու քաղաքական ի՞նչ փորձի ու օրինակների, նախադեպերի վրա է հիմնված՝ դժվար է ասել:
Փոխարենը՝ կա հակառակը՝ հակամարտությունները լուծվել են պատերազմի արդյունքների հիման վրա: Մեր դեպքում կատարվել է խզումը՝ պատերազմը չի ավարտվել համապարփակ պայմանագրով, այսինքն՝ հայկական կողմը չի կարողացել ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ իր պարտադրած խաղաղությունն ամրապնդել նման պայմանագրով:
Իհարկե, այդ գործում մեծ դեր է ունեցել Ռուսաստանը, որին ձեռնտու չէր հակամարտության լուծումը, քանի որ այդպիսով նա դուրս կմղվեր տարածաշրջանից: Սակայն, ոչ պակաս դեր է խաղացել նաեւ Հայաստանի իշխանությունը, հայկական «իստեբլիշմենտը», որը հայկական բանակի ամեն մի նոր նվաճումից հետո խորն ընկճախտի մեջ էր ընկնում՝ «ոնց ենք սրա տակից դուրս գալու»:
Ընդ որում, պատերազմական իրողություններն ու դրանց վերաբերյալ միջազգային արձագանքն ու քաղաքականությունն այդպես էլ որեւէ դեր չխաղացին, որպեսզի այդ «իստեբլիշմենտը» դուրս գար հող տալու-չտալու անհեթեթ դիսկուրսից ու հանդես գար խաղաղության, անվտանգության ու կայունության այլ նախաձեռնություններով: Հիշվում է՝ քանի անգամ են ՀՀ եւ ԼՂՀ ղեկավարությանը տվել գրեթե սակրալ հարցը՝ ի՞նչ է ձեր ուզածը, եւ այդպես էլ պատասխան չի հնչել, բացի ընդհանուր բնույթի տափակաբանությունից, որը շարունակվում է մինչ օրս:
Ի՞նչ երաշխիքների մասին է խոսքը, որի դիմաց կարելի է «հողերը տալ»: Ո՞վ է նման երաշխիք տալու: Ո՞վ է աշխարհում երաշխիքներ տալիս մեկին, որը պատրաստ է տալ: Ղարաբաղյան առաջին պատերազմի հաղթանակից հետո հայկական կողմը համաձայնվում էր առաջարկվող բոլոր տարբերակներին, որոնց մեջ ամրագրված էր «հողերը վերադարձնելու» թեզը: Սրա կողմնակիցները կարո՞ղ են բացատրել, թե ինչու այդ տարբերակներում բացակայում է օրինակ ԼՂՀ կարգավիճակի հարցը, կամ թողնված է անորոշ: Հասկանո՞ւմ են, թե ինչու շահագրգիռ կողմերը չեն առաջարկում հստակություն գոնե այս հարցում: Այսինքն՝ չեն տալիս այն երաշխիքները, որոնց մասին երազում է հայկական «իստեբլիշմենտը»:
Սա հասկանալու համար պետք է պարզապես վեր կանգնել այդ անիմաստ դիսկուրսից: Երաշխիքներ չեն տվել ու չեն էլ տալու: Համաձայնվելով առաջարկվող այդ տարբերակներին, հայկական կողմը երբեմնի խաղաղություն պարտադրողից վեր է ածվել խաղաղություն մուրացողի՝ ամեն գնով: Ո՞վ նմանին երաշխիքներ կտա:
Օրինակ, նույն շահագրգիռ կողմերն առաջարկում են հետաքննության մեխանիզմի ներդրումը, որը պատերազմի արդյունքում ստեղծված իրավիճակն ամրագրելու առաջարկ է: Այսինքն, սա կարգավորման նոր նախաձեռնություն է, որով փաստացի չեղարկվում են նախորդ բոլոր առաջարկները: Զուր չէ, որ այդ մեխանիզմին դեմ են Ռուսաստանը եւ Ադրբեջանը, եւ դա հստակ երեւաց քառօրյա պատերազմից հետո Մինսկի խմբի համանախագահների ասուլիսի ժամանակ:
Հիմա ընթանում է պատերազմ, որտեղ որոշվելու է այսպես ասած նոր ստատուս քվոյի սահմանը: Հայկական զինուժը լիովին համարժեք իրականացնում է նոր քաղաքականության ռազմական բաղադրիչը, չնայած ստիպված է կռվել երկու ճակատով՝ ոչ միայն ռուս-ադրբեջանական տանդեմի, այլեւ հայկական «իստեբլիշմենտի» հանցավոր անհամարժեքության դեմ: Ընդ որում, դեռ հարց է, թե որն է ամենաբարդ ճակատը:
Իրավիճակ է փոխվել, եւ գալիս է այն գիտակցումը, որ հողեր տալն ունենալու է գլորվող ձնագնդի էֆեկտը եւ վաղ թե ուշ հասնելու է Սյունիքին: Ռուսաստանը թյուրքական աշխարհքաղաքականության օրրանն է եւ հանգրվաններից մեկը, որտեղ թյուրքական ժողովուրդներն ամրանում են թե քանակով եւ թե որակապես: Սա անկասելի ընթացք է, եւ կարծում ենք բոլորին հասկանալի է, թե դա ինչ է ենթադրելու ապագայում:
Եթե աշխարհը ցանկանար՝ այդ հողերը վաղուց «վերադարձված» կլինեին: Հողի իրավունքը բարեբախտաբար հայկական «իստեբլիշմենտը» չի որոշում, այլ աշխարհքաղաքական գլոբալ իրողությունները: Պետք է ընդամենը համարժեք լինել դրանց: Հայաստանի վրա աշխարհը դեռ խաչ չի քաշել եւ սպասում է ինքնիշխան վճռական քայլեր ու նախաձեռնություններ: Սա Ղարաբաղյան կարգավորման նոր՝ հայկական ծրագիրն է, որն իրականացնելու բոլոր նախադրյալները կան: Ընդամենը պետք է քշել այն աղբը, որը կուտակվել է այս տարիների ընթացքում: Դա անելու է հայկական բանակը:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն