Տարածքային զիջումը որևէ հարց չի լուծում. Հայկ Խանումյան


Տարածքային զիջումը որևէ հարց չի լուծում. Հայկ Խանումյան

  • 29-04-2016 18:47:10   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Լրագրի զրուցակիցն է ԼՂ Ազգային ժողովի  «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանը

ԼՂ-ում բուռն արձագանքեցին Հերմինե Նաղդալյանի՝  ԱԺ-ում  հնչեցրած հայտարարությանը ԼՂՀ խնդրի կարգավորման վերաբերյալ։ Ի՞նչ եք կարծում, այս փուլում ԼՂՀ խնդրի ինչպիսի կարգավորում է իրատեսական։

 

- Խնդիրն այն էր, որ մենք տարբեր մակարդակներում զգուշացրել էինք մեր հայաստանյան գործընկերներին` զերծ մնալ պարտվողական հայտարարություններից, մասնավորապես տարածքներ զիջելու մասին խոսքերից։ Ոչ ոք դրա մասին խոսելու մանդատը չունի, քանզի Արցախի ներկայիս տարածքն ամրագրված է Սահմանադրությամբ, և տարածք զիջելու մասին խոսքերը Արցախի բնակչության մեծամասնության քվեով ընդունված Սահմանադրության ոտնահարում է, ժողովրդի կամքի ոտնահարում: Ցավոք, մեր զգուշացումներից հետո էլ անընդունելի հայտարարությունները շարունակվել են, ինչին էլ հաջորդել է Արցախի խորհրդարանական ուժերի դիրքորոշումը: Արցախյան խնդրի կարգավորման թե ռազմական, թե դիվանագիտական եղանակները պետք է դիտարկվեն մեր կողմից: Ավելին, պետք է նկատել, որ դրանք մեկը մյուսին չեն խանգարում: Պաշտպանության բանակը պետք է շարունակի ճնշել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները և անցնի ցավեցնող հակահարձակումների, իսկ դիվանագիտությունը պետք է աշխատի Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման ուղղությամբ:

 

- Ի՞նչ եք կարծում, բարձրաստիճան զինվորականների պաշտոնանկություններն ի՞նչ հետևանք կունենան։ Արդյոք իրական փոփոխություններ կլինեն։
 

- Այն ոլորտները, որոնք հրապարակային քննադատվեցին, այդ ոլորտների պատասխանատուները հեռացվեցին: Սա իհարկե ողջունելի է, որովհետև հեռացված գեներալներն իրենց մեղքն ունեն ստեղծված իրավիճակի մեջ։ Պետք է գործի նաև պատասխանատվության մեխանիզմը, այսինքն՝ պաշտոնանկությունը հարցի լուծում չէ, մեղավորները պետք է պատժվեն: Ապրիլյան դեպքերը վերհանեցին բազմաթիվ թերացումներ տարբեր ոլորտներում՝ թե բանակում, թե պատերազմական իրավիճակում քաղաքացիական կյանքի կազմակերպման մեջ: Սրանք մարտահրավերներ են, որոնց հարկավոր է պատրաստ լինել: Իրական փոփոխությունները կախված են նպատակամղված աշխատանքից, պատկերացումների փոփոխություններից, արդեն հնացած կառուցվածքներից և մեր իրավիճակին չհամապատասխանող նորմատիվներից հրաժարվելուց:

Պատերազմից հետո իրավիճակ է փոխվել. Տարածքների փոխզիջման մասին խոսակցություններն ավելի ցավոտ են ընկալվում։

 

Արցախյան իրականությանը լավ ծանոթ, Արցախի տարածքը, բնակավայրերը լավ պատկերացնող անձինք միշտ էլ դեմ են եղել տարածքային փոխզիջումներին: Ապրիլյան պատերազմը բացեց նրանց աչքերը, ովքեր լավ չէին պատկերացնում այդ ամենը: Չէ՞ որ մի քանի փոքրիկ դիրքերի գրավումն ադրբեջանցիների կողմից վտանգի դրեց մի ամբողջ գյուղի ֆիզիկական գոյություն: Իսկ ի՞նչ կլինի, եթե ավելի մեծ տարածքներ զիջվեն: Դա ուղղակի կլինի ողբերգություն Արցախի համար: Դրա համար էլ նույնիսկ նրանք, ովքեր տեսականորեն հնարավոր էին համարում տարածքային զիջումներ, հրաժարվեցին այդ մտքից: Տարածքային զիջումը որևէ հարց չի լուծում, ընդամենն ուժեղացնում է Ադրբեջանի ագրեսիվ նկրտումները:

 

Այս փուլում, ըստ Ձեզ, որքանո՞վ է հնարավոր լայնամասշտաբ պատերազմ։

 

- Ամենահավանական սցենարներից մեկն է: Վերջին օրերին տեղի են ունենում հրետակոծություններ։ ԱյAnchorս ամենը կարող է վերածվել լայնածավալ պատերազմի: Իմ շփումները ժողովրդի հետ ցույց են տալիս, որ սա ամենատարածված զարգացման սցենարն է, և ժողովուրդը պատրաստ է դրան: Հույս ունեմ, որ մինչև լայնածավալ պատերազմի սկսվելը մեզ կհաջողվի վերացնել բանակում ի հայտ եկած որոշ թերություններ և ապահովել մեր բանակի հաջող գործողությունների իրականացումը:
 

 

 

 

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play