Ինչու՞ ենք ստիպված առ այսօր ապավինել պահածոյի տուփերին. Հարություն Կարապետյան


Ինչու՞ ենք ստիպված առ այսօր ապավինել պահածոյի տուփերին. Հարություն Կարապետյան

  • 11-05-2016 18:12:19   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Լրագրի  հարցերին պատասխանել է Գիտության եւ առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի նախագահ Հարություն Կարապետյանը

 

Պարոն Կարապետյան,  քառօրյա  պատերազմից հետո ավելի շատ են խոսում, որ բարձր տեխնոլոգիաների կիրառման ցածր մակարդակն էր պատճառներից գլխավորը, որ մեր զինվորները ժամանակին չէին տեղեկացել թշնամու զորքի առաջխաղացման մասին և, փաստորեն, հարձակումը անակնկալ էր եղել։  Կիսո՞ւմ եք այդ տեսակետը։

 

Այն, որ թշնամու զորքի առաջխաղացումն ու դիրքավորումն անակնկալ է եղել դիրքերում  կանգնած մեր զինվորների և նրանց հրամանատարների համար, փաստ է։ Մյուս կողմից, փաստ է նաև այն հանգամանքը, որ այն զարմանալիորեն անակնկալ չի եղել այսպես կոչված ռազմա–քաղաքական ղեկավարության համար, ովքեր շարունակաբար շահարկելով արցախյան կոնֆլիկտի առկայությունը, ոչ միայն հայոց պետականությունն են բզկտել, այլև լափել են հայոց բանակի մատակարարումը։ Այսինքն, նրանք, ինչպես պարզվեց, գործել են ի շահ մեր թշնամու։

 

Ի՞նչ բարձր կամ ցածր տեխնոլոգիաների կիրառման մասին կարող է խոսք գնալ, եթե իրականում, ինչպես պարզվեց ռազմական գործողությունների մասնակիցների պատմածներից, սահմանին կանգնած զինվորին նույնիսկ փամփուշտ չի հասցվել և ամենաժամակակից զենքերով զինված թշնամու դեմ մեր ջահելները դուրս են եկել 80-ականների ամենա«կառուցողական» զենքով՝ բահով։

 

Ի՞նչ բարձր տեխնոլոգիաների մասին կարող է խոսք գնալ, եթե նույնիսկ այսօր, այդ նույն նեխած համակարգը պեղում է ինչ որ չկայացած ռեժիսորների և նրանց բերանով գովերգում սահմանների պաշտպանության գործում պահածոյի տուփերի արդյունավետությունը։ Այս ամենը հերթական Կարսի հանձման մերօրյա դրսևորումը կլիներ, իհարկե, եթե չլինեին սահմանին կանգնած մեր հերոս ջահելները։ Սա է իրականությունը։

 

Պարոն Կարապետյան, տեսանյութ տարածվեց, որտեղ դուք խոսում եք  մեր գիտնականների ստեղծած գերժամանակակից և գերզգայուն սենսորների մասին՝ որոնք մարդու քայլը զգում են 200 մետրից։  Չեք կարծում, որ մեր սահմանին պետք է դրանք արդեն վաղուց տեղադրված լինեին։ Ի՞նչն է դրա ուշացման պատճառը, անտարբերությո՞ւնը, որ ունենալով նման հնարավորություն, առ այսօր ստիպված ենք սահմանը պահել պահածոյի տուփերով։

 

Նախ, պետք է նշել, որ դեռևս չավարտված պատերազմի քառօրյա սրացման փուլից առաջ հակառակորդը միայն հետևակի տեղաշարժ չի ունեցել, որն այդ սենսորների կիրառման դեպքում  կհայտնաբերվեր, վատագույն դեպքում, հաշվի առնելով անձրևային պայմանները, ավելի քան 250 մետրից։ Եղել են չէ՞ նաև ծանր տեխնիկայի փաստացի տեղաշարժեր ու կուտակումներ, որոնք կարող էին արձանագրվել արդեն մի քանի կիլոմետրերից, եթե ժամանակին այդ սենսորները տեղադրված լինեին։

 

Հիմա, մի երկու խոսք սենսորների մասին։ Ռազմական գործողությունների ակտիվ փուլում այդ սենսորների մասին խոսելը պարզապես տխմարություն է։ Հիմա պետք է հաշիվ պահանջել ՀՀ ԳԱԱ նախագահից և նրա կողմից հովանավորված ՀՀ ԳԱԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի տնօրեն, ՀՀ ՊՆ փորձագետ Արսեն Հախումյանից, ովքեր ոչ առանց շահադիտական նպատակների, անկասկած, ժամանակին ոչ միայն տապալել են այդ սենսորների պաշտպանական նպատակներով կիրառման հնարավորությունը, այլև ամեն ինչ արել են սենսորների ներդրման և նրա հեղինակի գործունեությունը խոչընդոտելու համար՝ ներառյալ հանրային պախարակումը՝ օգտագործելով Հանրային հեռուստաընկերության հնարավորությունները։

 

Երկու օր առաջ եմ վերադարձել Արցախից, խոսել եմ շատերի, ներառյալ դիրքերից ժամանակավորապես վերադարձածների հետ։ Սելֆի չեմ արել, իհարկե, ամենայն հայոց գեներալ ու օրինաստեղծ Մանվել Գրիգորյանի ու ամենայն հայոց երգչուհի ու, նորից, օրինաստեղծ Շուշան Պետրոսյանի պես։ Հիմա դիրքերում շատ պարզունակ հեռադիտակ է պետք, որը՝ չկա, ջերմադիտակներ են պետք, որը՝ չկա, անձրևանոցներ են պետք, որը՝ նույնպես չկա և այլն։ Հարկ եմ համարում մեջբերել դիրքերից ժամանակավորապես վերադարձած տաքսու վարորդի երազանքը, որ մեր ռազմա–քաղաքական պատասխանատուները գոնե լուսնյակ գիշերներ ապահովեն, այլապես ժամը 8-ից հետո կույր ենք։

 

Ինչ վերաբերում է ուշացման պատճառներին, ապա իրականում ուշացում չի եղել։ Այն պարզապես, ինչպես արդեն նշեցի, տապալվել է բացահայտ անբարոյականության դրսևորմամբ, հանուն մեր իրականության աստծու՝ ատկատի և շահադիտական նպատակներով նախաձեռնված քայլերի, որն իրականացվել է, հիմնականում, գիտական շրջանակների կողմից՝ ՀՀ ԳԱԱ «քոսոտ» ու բացահայտ միջակությունը՝ նախագահի դիրիժորությամբ։ Կարծում եմ գիտեք նրա անուն ազգանունը, ով՝ լինելով գիտության շալակն ելած միջակից էլ ցածր  գիտաշխատող, ապրել ու ապրում է «ժամանակի հետ» համընթաց կամ, որ նույնն է «ո՞վ էշ, ես՝ փալան» սկզբունքով։ Իսկ արդյունքում մեր մոտ հարյուր ջահելների ընդհատված կյանքերն են, որոնք կարող էին շատ ավելի քիչ լինել։

 

Իսկ թե ինչու՞ ենք ստիպված առ այսօր ապավինել պահածոյի տուփերին, ապա այդ հարցին ես չէ, որ պետք է պատասխանեմ։ Այդ հարցին հուսով եմ, որ դեռևս ստիպված կլինեն պատասխանել ոլորտի անմիջական պատասխանատուները՝ Գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն ու ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Սև հումորի կարգով կարող եմ կարծիք հայտնել, որ միգուցե 21–րդ դարում պահածոյի տուփերով սահմանների անվտանգության ապահովման արդյունավետությունը հենց Սեյրան Օհանյանի կողմից 2012 թ. պաշտպանված «Բանակաշինության արդի խնդիրները» ատենախոսության անմիջական կիրառումն է։

 

Շարունակությունը՝ հաջորդիվ 

 

 

 

 

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play