Պորտասարը, Նոյյան Տապանն ու կորուսյալ Ատլանտիդան


Պորտասարը, Նոյյան Տապանն ու կորուսյալ Ատլանտիդան

  • 12-05-2016 09:48:07   |   |  Առեղծվածներ

"Կոլեկտիվ զարգացում"  կայքը տպագրել է մի հոդված, ուր հնագույն քաղաքակրթությունների աշխարհահռչակ հետազոտող Գրեմ Հենքոքը նոր փաստեր է ներկայացնում աշխարհի հնագույն պատմության, ինչպես նաեւ այդ գործընթացում  Հայաստանի ունեցած դեակատարության  վերաբերյալ։ Հիշեցնենք, որ 2014 թ․ Գրեմ Հենքոքը առաջին անգամ այցելեց Հայաստան, եւ տպավորված էր հայաստանում առկա եւ չհետազոտված նյութերի առատությունից։ Գրեմ Հենքոքը հյուրնկալվեց նաեւ մեզ մոտ  եւ   "Նոյյան տապան" լրատվական գործակալության մամուլի սրահում կիսվեց իր տպավորություններով։
 
 
Զարմանալի առեղծվածների կծիկն ու փաստերն իրար են կապում աշխարհի ամենահին քարե շրջանակերը Պորտասարում (այժմյան Թուրքիա),  Նոյյան տապանի բիբլիական պատմությունը և Ատլանտիդայի կորուսյալ քաղաքակրթության վերաբերյալ Պլատոնի գրվածքները: Գրեմ Հենքոքն իր «Աստվածների մոգերը» (հանդիսանում է իր «Աստվածների հետքերը» գրքի շարունակությունը) գրքից վերցրած այս բացառիկ քաղվածքում ներկայացնում է իր ուսումնասիրությունը:  
 
Ջրհեղեղի բիբլիական պատմությունը կարելի է հակիրճ այսպես ներկայացնել.
·        Աստված, որպեսզի պատժի մարդկանց իրենց մեղքերի համար, կազմակերպեց համաշխարհային ջրհեղեղը, որն ամեն ինչ կործանեց [i]:
·        Աստծված ընտրեց Նոյին և նախազգուշացրեց վերահաս ջրհեղեղի մասին, որպեսզի վերջինս կարողանա փրկվելու համար տապան կառուցել [ii]:
·        Տապանում սերմերի և կյանքի յուրաքանչյուր տեսակի բազմացման համար անհրաժեշտ երկու սեռի՝ արուի և էգի, հատկապես մարդկային կյանքի (Նոյն ու իր կինը, որդիները՝ իրենց կանանցով) և կենդանիների (ամէն տեսակ թռչուններից իրենց տեսակներով, ու անասուններն իրենց տեսակներով, ամեն բան իրենց տեսակներով՝ արու և էգ, որպեսզի երկրի վրա պահպանվի կյանքը) պահպանությունը [iii]:
·        Տապանը նավարկում էր, միչև որ ջրի մակարդակն իջավ [iv]:
·        Տապանը կանգնեց «Արարատ լեռան գագաթին» [v]
·        Երբ ջրերը հավաքվեցին, և ցամաքը երևաց, Տերը հրամայեց Նոյին «տապանից դուրս հանել իր ընտանիքը և կենդանի ամեն տեսակ՝ թռչուններ, կենդանիներ և ամեն բան, որ կսողա երկրի վրա, որպեսզի նրանք բազմանան, ծաղկեն և լցնեն երկիրը»[vi]:
·        Նոյը զոհասեղան շինեց Աստծո համար: Նա կենդանիներ և թռչուններ և ողջակիզեց զոհասեղանի վրա: Եվ Տեր Աստուած հոտոտեց անուշ բուրը [vii]:
·        Փրկված մարդիկ և կենդանիները, հնազանդվելով Տիրոջ հրամանին, բազմացան և «լցրին երկիրը»:
Արարատ լեռն ունի 5 137 մ. բարձրություն: Երկրաբանները, գիտության տեսանկյունից հավաստիացնում են, որ երկրի որևէ հատվածը երբեք ծածկված չի եղել օվկիանոսի մակընթացության արդյունքում առաջացած հեղեղով այն ժամանակից ի վեր, երբ միոցենի դարաշրջանում՝ մոտվորապես 16 միլիոն տարի առաջ, այն սկսեց լեռների տեսք ստանալ: Ժամանակակից մարդկության գոյությունը երկրի վրա հաշվվում է մոտավորապես 2 հարյուր հազար տարի, անգամ մարդկության նախնիների պատմությունը, որոնք ընդհանրություն ունեին ամեն առումով «մարդ» լինելուց շատ հեռու շիմպանզեների հետ, հազիվ 6 միլիոն տարվա պատմություն ունի: Այնպես որ՝ մարդկանցով լի նավի՝ Արարատի գագաթին կայանելու գաղափարը ժամանակագրության առումով թվում է անիրական:
 
Այնուհանդերձ, հետաքրքիր է, որ Հին կտակարանում ներկայացված Ջրհեղեղի պատմությունը «Արարատ լեռան» հիշատակումը (ըստ էության՝ լեռն ունի զույգ գագաթ) դարձնում է յուրահատուկ և խորհելու տեղիք է տալիս: Արարատ լեռն աստվածաշնչյան ժամանակներում ընկալվում էր որպես «Արարատյան թագավորության» մաս [ix] , որն իր հերթին անմբաժանելի էր Ք.Ա. II հազարամյակի վերջերին Ասորեստանի Սալմանասար թագավորի կողմից նվաճված պատմական Ուրարտուի հողերից [x]: Ի շնորհիվ տարածաշրջանում իրականացված սահմանափակ հնագիտական հետազոտությունների՝ պատմաբանները խոստովանում են, որ «Ուրարտուի ծագումն անհայտ է» [xi], սակայն մեզ հայտնի ամենավաղ բնակավայրերն ու շրջանում գյուղատնտեսության սկզբնավորումը հաշվվում են «Ք.Ա. մոտավորապես 10.000-9000 թթ. [xii] – այլ կերպ ասած հենց այն ժամանակահատվածում Թուրքիայի հարավ–արևելքում՝ Գյոբեքլի թեփե (Պորտասար) կոչված վայրում, ստեղծվել է խորհրդավոր, հարուստ պատմություն ունեցող մեգալիթյան պեղումների հարթակը, որն առնվազն 6000 տարով ավելի հին է, քան մինչ այժմ երկրի վրա հայտնաբերված ցանկացած այլ մեգալիթյան հարթակ: Հազարավոր տարիներ շարունակ անհայտ նպատակների ծառայած Պորտասարը հետագայում զգուշորեն, միտումնավոր և մանրակրկիտ թաղել են արհեստական բլրի տակ, որտեղ ցանկացած մշակույթի համար այն մնացել անձեռնմխելի և անտեսանելի մինչև վերջերս՝ 1990-ականների երկրորդ կեսը, երբ, Գերմանիայի հնագիտական ինստիտուտից Կլաուս Շմիդտը սկսեց իր այժմ աշխարհահչակ պեղումները:
 
Ավելին՝ այս ամբողջ տարածքը՝ ներառյալ Արարատ լեռն ու Պորտասարը, կազմում են պատմական Հայաստանի սիրտը՝ բիբլիական Արարատյան թագավորության անմիջական ժառանգը, որի բնակիչներն իրենց համարել և դեռ այսօր համարում են «Արարատի ժողովուրդ» [xiii]: Մովսես Խորենացու նշանավոր աշխատությունը՝ «Հայոց պատմությունը»՝ գրված հինգերորդ դարում, հայերի նախահայր համարում է Հայկին, ում Խորենացին համարում է Նոյի թոռան թոռան թոռան թոռը՝ այդպիսով նշելով, որ ծագում են ջրհեղեղից վերապրածներից, ովքեր դուրս եկան տապանից [xiv]: Իսկապես, անգամ 21-րդ դարի հայերը Հայկի անունով իրենց անվանում են հայ, իսկ իրենց երկիրը՝ Հայաստան [xv]: Նրանց համար պարզապես պատմական ողբերգություն է, որ այս հողերի մեծ մասը, այդ թվում՝ Պորտասարն ու Արարատ լեռը, 1915-1923 թթ. Հայոց ցեղասպանության հետևանքով, որի ընթացքում համարվում է, որ թուրքական զորքերն ավելի քան մեկ միլիոն էթնիկ հայ են սպանել, անցել են ներկայիս Թուրքիայի Հանրապետության տիրապետության տակ [xvi]:
 
Ազգայնական զգացմունքները դեռևս վառ են ողջ աշխարհով մեկ սփռված հայկական սփյուռքի համայնքներում և պատմական Հայաստանի փոքրիկ մաս կազմող ներկայիս Հայաստանի Հանրապետությունում: Այս լարվածությունից անմասն չի մնացել աշխարհահռչակ 11 600-ամյա մեգալիթյան պեղումնավայր Պորտասարը: Բազում հայեր վրդովված են, որ Թուրքիան պնդում է, թե այս բացառիկ կարևոր վայրն իր սեփական ժառանգությունն է. կարծես հնագույն կապ չունի հայկականության: Համացանացում Պորտասար բառի՝ (Գյոբեքլի թեփեի հայերեն անվանումն է) մի քանի րոպե որոնումն անգամ կհաստատի սա: Միայն մի օրինակ բերեմ. YouTube-ում հեռարձակված տեսաշարը վերնագրված է՝ «Թուրքիան ներկայացնում է հայկական Պորտասարը որպես Գյոբեքլի թեփե» [xvii]: Այն դիտած օգտատերի մեկնաբանությունները գրեթե նույն բովանդակությունն ունեն: Ահա դրանցից մեկը. «Ահա թե ինչու եմ նայում Պորտասարի (Գյոբեքլի թեփե) վերաբերյալ տեսաշարը. այս մարդիկ միտումնավոր թաղել են սրբազան տաճարը: Նրանք այդ քայլին դիմել են՝ ակնկալելով հայտնաբերել այն շատ տարիներ հետո: Նրանք հավատում էին վերամարմնավորմանը: Այն մարդիկ, ովքեր կառուցել են Պորտասարը (Գյոբեքլի թեփե), այստեղ՝ հայերի մեջ են: Նրանց հոգիները վերամարմնավորվել են ժամանակակից հայ ժողովրդի մեջ: Երբ Դուք ինչ–որ բան եք փոխանցում Ձեր ընտանիքին, ցանկանում եք համոզված լինել, որ այն, Ձեր ընտանիքի անդամներից բացի, ոչ մեկին չի մնա: Բնության օրենքների համաձայն՝ Պորտասարն ու այդ հողերը կվերադարձվեն հայերին… [xviii]»:
 
Նույն տրամաբանությամբ Արարատ լեռը համարվում է հայկական ազգայնականության հզոր խորհրդանիշը, չնայած որ ամբողջությամբ Թուրքիայի սահմաններում է: Արարատ լեռան լանդշաֆտը՝ նահանջող ջրհեղեղի ջրերով և գագաթին Նոյան տապանով, պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանի վրա, մինչդեռ լեռը՝ այնքան մոտ և դեռ այնքան հեռու, նշմարվում է Հայաստանի մայրաքաղաք Երևանից՝ կարծես հիշեցնելու, որ
 
«Անցյալը երբեք մեռած չէ: Սա անգամ անցյալ չէ» [xix]:
Այսպիսով՝ համաշխարհային սարսափելի ջրհեղեղից փրկվածներին տեղափոխող Նոյի տապանի և ջրհեղեղից հետո նոր աշխարհի ստեղծման պատմությունը դեռևս Պորտասարաի շրջանում կենդանի ուժ է, որտեղ մեծ քարե շրջանակներն սկսել են տեղադրել Ք.Ա. 9600 թ.: Գիտնականները համակարծիք են, որ այս թվականը Սառցե դարաշրջանի ավարտն է: Պրոֆեսոր Կ. Շմիդտը, ով հայտնաբերել է Պորտասարը, 2013 թ. պեղումների հրապարակում հարցազրույցի ժամանակ ինձ հռետորական հարց ուղղեց. «Որքա՞ն է պատահականության հավանականությունը, որ Պորտասարի հուշարձանային փուլն սկսում է Ք.Ա. 9600 թ.՝ ճիշտ այն ժամանակ, երբ ողջ աշխարհի կլիման անակնկալ բարելավվում է, և բնության ու հավանականությունների մեջ արագ աճ կա: 
 
Թվականի վերաբերյալ մեկ այլ բան ևս. համաշխարհային ջրհեղեղը, որը գիտնականներն անվանել են ձնահալքի ջրերի վիբրացիա 1 B (Meltwater Pulse 1 B,), տեղի է ունեցել մոտավորապես Ք.Ա. 9600 թ., երբ գլոբալ տաքացման պայմաններում Հյուսիսային Ամերիկայում և Հյուսիսային Եւրոպայում սառցադաշտերը միաժամանակ փլվել են: Մայամիի համալսարանի երկրաբանության ֆակուլտետի պրոֆեսոր Կեսար Էմիլիանին խորը ծովային նստվածքների իզոտոպային վերլուծություն է կատարել [xx], որն ակնհայտորեն ապացուցում է, որ ջրհեղեղը տեղի է ունեցել «12 000-11 000 տարի առաջ»[xxi]:
 
Այնպես որ, թեև ջրհեղեղը Սառցե դարաշրջանի ավարտին չէր կարող Նոյին՝ իր տապանը կայանել տալ Արարատ լեռան լանջերին, որը հազարավոր ոտնաչափ բարձր է ներկա ծովի մակարդակից, իսկապես իր ծավալով համաշխարհային է եղել և այդ ժամանակվա մարդկանց համար կործանարար հետևանքներ է ունեցել: Լեռնային շրջաններում, ինչպես, օրինակ, Արարատի շղթայում, հավանական է, որ ապաստանելու համար բնական վայրեր եղած լինեն, որպեսզի «կյանքի ողջ սերմերը բերեն» և վերսկսեն կյանքը: Հետևաբար, թեև Նոյի պատմության յուրաքանչյուր մանրամանսություն չի կարող բառացիորեն համապատասխանել ճշմարտությանը, պետք է չբացառենք, որ ճիշտ է իր էությամբ, այսինքն՝ այն արձանագրել է «տապանի» շինարարությունը, և տապանում կենդանիներին ու բույսերի սերմերը պահպանել են մարդիկ, ովքեր արդեն հասկանում էին գյուղատնտեսությունից, ովքեր ձեռք էին բերել ճարտարապետական հմտություններ, ովքեր վերապրել էին Սառցե դարաշրջանին հաջորդած ջրհեղեղները, ովքեր գաղթել էին Արարատ լեռան և Պորտասարի միջև ընկած հողերը և հետագայում տարածել էին գյուղատնտեսության և ճարտարապետության վերաբերյալ իրենց գիտելիքները շրջանի որսորդ–հավաքող բնիկների միջև:
 
Ըստ իս՝ հավանական է, որ Պորտասարում հսկայական քարե շրջանակների հանկարծակի և անսպասելի հայտնությունը կարող էին մտահղանալ և իրականացնել լոկ այն մարդիկ, ովքեր նախնական մեգալիթյան ճարտարապետության մեծ փորձ ունեին, նույնը կարելի է ասել նաև միաժամանակ հենց նույն վայրում գյուղատնտեսության «գյուտի» վերաբերյալ: Բացի այդ՝ այնպիսի զգացողություն կա, որ Պորտասարն իրենից ներկայացնում է «տապան»՝ սառեցված և քարի մեջ հավերժացած: Իսկ ռելիեֆի վրայի պատկերագրություններն ու քանդակները ոչ միայն կենդանիների վերաբերյալ են, այլև պարունակում են մարդկանց պտղաբերության վերաբերյալ մի շարք ինտրիգային պատկերներ՝ կանանց՝ մերկ սեռական օրգաններով [xxii] և տղամարդկանց՝ կանգնած առնանդամով [xxiii]: Պատկերները, այդ թվում և մի պատկեր, որը Միսուրիի պետական համալսարանի կրոնների պատմության պրոֆեսոր Կարլ Լաքերտը մեկնաբանում է որպես դասական «Երկրի Մայր»[xxiv], հիշեցնում է Աստծո հրամանը Մովեսին և իր ընտանիքին՝ «Աճեցեք և բազմացեք, լցրեք երկիրը»[xxv]: Մինչդեռ որտե՞ղ, եթե ոչ Նոյի տապանում կարող ենք գտնել գազանանոց, որն ինչպես ներկայացված է Պորտասարի ժայռապատկերներում, ընտրված է հատուկ կերպով: Գազանանոցը ներառում է սարդեր, կարիճներ ու օձեր («երկրի վրա սողացող ամեն բան»), թռչուններ, անասուններ («թռչուններ իրենց տեսակներով, անասուններն իրենց տեսակներով»), աղվեսներ, կատվազգիներ, այծեր, ոչխարներ, վիթեր, վարազներ, արջեր և այլն, (կարճ ասած՝ ինչպես Ծննդոց 6:20-ում է ասվում՝ «ամեն տեսակի կենդանիներ և ամեն տեսակի արարածներ»): Նմանապես Աստվածաշնչում կարդում ենք, որ Նոյը, որպես Աստծուն ընծա, զոհաբերեց որոշ կենդանիներ և թռչուններ, որոնց փրկել էր ջրհեղեղից: Պորտասարում հնագետները հայտնաբերել են զոհաբերված կենդանիերի բազմաթիվ ոսկորներ, որոնք պատկերված են ժայռաբեկորի սյուների վրա [xxvi]:
 
Վերջնական վրձնահարված
 
Ք.Ա. 9600 թ. հիմնադրման պահից ի վեր («հենց Ք.Ա. 9600 թ., ինչպես համոզված նշում էր Կ. Շմիդտը ինձ հետ զրույցում) Պորտասարը նաև մղում է մեզ վերանայելու Ատլանտիդայի «սառը դեպքը», որի կապակցությամբ հնագետները վաղուց ի վեր ծաղր ու ծանակի են ենթարկել, արհամարհել յուրաքանչյուրին, ով փորձել է արտաբերել բառ անգամ: Փաստ է, սակայն, որ հույն փլիսոփա Պլատոնը, ում «Timaeus» և «Critias» երկխոսությունները ամենավաղ տեղեկություններն են պարունակում ջրի տակ անցած թագավորության մասին, նշում է Ատլանտիդան կործանած ջրհեղեղի հստակ տարեթիվը: Պլատոնի աղբյուրը բանավոր պատմությունն է, որը փոխանցվել է իր ընտանիքին իր նախնիներից՝ հույն օրենսդիր Սոլոնից (Ք.Ա. 638-558): Ք.Ա. 600 թ. Սոլոնն այցելել է Եգիպտոս, որտեղ Սաիսում գտնվող Նեյթ աստվածուհու տաճարի սպասովորը պատմել է Ատլանտիդայի պատմությունը՝ նշելով, որ այն կործանվել է «9 000 տարի առաջ»[xxvii]:
Կարիք չկա նշելու, ոչ Ք.Ա. 9000 տարին «հենց Ք.Ա. 9600 թ. է»:
Հույները չէին կարող իմանալ Պորտասարի մասին (մի կողմ թողենք այն, որ զարմանալիորեն Պորտասարը կառուցվել է հենց այն ժամանակ, երբ ասում են, թե Ատլանտիդան կործանվել է): Բացի այդ՝ նրանք տեղյակ չեն եղել  Գրենլանդիայի սառցադաշտերի մասին, որոնք թվագրվում են Սառցե դարաշրջանի ավարտով՝ Ք.Ա. 9620 թ.՝ Պորտասարի հիմնադրումից ուղիղ 20 տարի առաջ, և ոչ էլ այս ժամանակաշրջանում արագորեն բարձրացող ծովի մակարդակի՝ հատկապես  ձնհալքի ջրերի վիբրացիա 1 B-ի մասին ժամանակակից գիտական մոտեցմանը: Այս ամենը հաշվի առնելով՝ Պլատոնի նշած թիվը այլևս չի կարող անտեսվել՝ գնահատվելով որպես «շինծու» (ինչպես սիրում են պնդել հնագետները). այն արժե ընդունել որպես ճշմարիտ տեղեկություն, որը կարող է բացել մեր անցյալը ծածկող վարագույրը:
 
Գրականության ցանկ
[i] Genesis 6: 7
[ii] Genesis 6: 8-21
[iii] Genesis 6: 19-20
[iv] Genesis 8: 3
[v] Genesis 8: 4
[vi] Genesis 8: 13-17
[vii] Genesis 8: 20-21
[viii] Genesis 9: 1-7
[ix] Տե՛ս Jeremiah 51: 27; ինչպես նաւև Isaiah 37: 38; 2 Kings 19:37
[x] Armen Asher and Teryl Minasian Asher, The Peoples of Ararat, Booksurge, 2009, p.241
[xi] Charles Burney and David Marshall Lang, The Peoples of the Hills: Ancient Ararat and the Caucasus, Phoenix Press, London, 1971, p. 127. Ինչպես նաև Amelie Kurht, The Ancient Near East, Routledge, London and New York,, 1995, Vol II, p. 550: «Հնագիտության տեսանկյունից շրջանի երկրորդ հազարամյակի վերաբերյալ ներկայումս շատ քիչ բան է հայտնի»:
[xii] Ibid, p.17
[xiii] Armen Asher and Teryl Minasian Asher, The Peoples of Ararat, op.cit
[xiv] Moses Khorenatsi, History of the Armenians, Caravan Books, Ann Arbor, 2006, p.p, 72 and 82ff. Ասում են, թե Հայկը Թորգոմի որդին է, ով Թիրասի որդին է, ով Գոմերի որդին է, ով Նոյի որդի Հաբեթի որդին է:
[xv] Arra S. Avakian and Ara John Movsesian, Armenia: A Journey Through History, The Electric Press, California, 1998-2008, p. 47. Տե՛ս նաև Armen Asher and Teryl Minasian Asher, The Peoples of Ararat, op.cit., p. 284-285
[xvi] http://www.armenian-genocide.org/genocidefaq.html
[xvii] https://www.youtube.com/watch?v=ahoFlLh2Y3E
[xviii] https://www.youtube.com/all_comments?v=ahoFlLh2Y3E
[xix] Մեջբերում՝ William Faulkner’s Requiem for a Nun, 1951.
[xx] Կեսար Էմիլիանին դոկտորականը պաշտպանել է Չիկագոյի համալսարանում, որտեղ նա սկիզբ է դրել խորը ծովային նստվածքների իզոտոպային վերլուծությանը՝ որպես Երկրի նախկին կլիմայի ուսումնասիրության միջոց: Այնուհետև նա տեղափոխվել է Մայամիի համալսարան և շարունակել իզոտոպային ուսումնասիրությունները՝ ղեկավարելով մի շարք ծովային արշավախմբեր: Պարգևատրվել է Շվեդիայի Վեգա շքանշանով, ինչպես նաև՝ ԱՄՆ–ի Գիտությունների ազգային ակադեմիայի Ագասիս շքանշանով:
[xxi] Emiliani, Earth and Planetary Science Letters, 41 (1978), p.159, Elsevier Scientific Publishing Company, Amsterdam
[xxii] Տե՛ս Karl W. Luckert, Stone Age Religion at Gobekli Tepe, Triplehood, 2013, p. 101
[xxiii] Joris Peters and Klaus Schmidt, ‘Animals in the symbolic world of Pre-Pottery Neolithic Gobekli Tepe, south-eastern Turkey: a preliminary assessment,’ Anthropozoologica, 2004, 39 (1), pp. 204-205
[xxiv] Karl W. Luckert, Stone Age Religion at Gobekli Tepe, op.cit., pp 100-102
[xxv] Genesis 9: 1
[xxvi] Joris Peters and Klaus Schmidt, ‘Animals in the symbolic world of Pre-Pottery Neolithic Gobekli Tepe’, op.cit., pp 206-208
[xxvii] Plato, Timaeus and Critis op.cit, p. 36.
 
Անգլերենից թարգմանեց Անահիտ Քարտաշյանը
http://www.collective-evolution.com/2016/02/22/gobekli-tepe-noahs-ark-lost-atlantis/
http://akunq.net/am/?p=49958
Նոյյան տապան  -   Առեղծվածներ