Մեկնարկել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Ֆուլեր Տնաշինական կենտրոնի բնակարանաշինության 2016թ. ծրագիրը

Մեկնարկել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Ֆուլեր Տնաշինական կենտրոնի բնակարանաշինության 2016թ. ծրագիրը

  • 12-05-2016 17:05:02   | Արմավիրի մարզ  |  Բարեգործություն

Մեկնարկել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Ֆուլեր Տնաշինական կենտրոնի բնակարանաշինության 2016թ. ծրագիրը։
 
 Համատեղ աշխատանքի արդյունքում կառուցվում է 100-րդ տունը։
 
ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» կողմից իրականացվող  բնակարանաշինության 2016թ.-ի ծրագիրը մեկնարկել է Արմավիրի մարզի սահմանամերձ Մարգարա գյուղում՝ Գևորգյանների կիսակառույց տան շինարարությամբ: Սա, ի դեպ, ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ կառուցվող թվով 100-րդ տունն է:
 
Ծրագրի շրջանակներում համագործակցող կողմերն ունեն իրենց հստակ տեսլականը. աջակցել ընտանիքներին՝ բնակարանային պայմանները բարելավելով և երեխաներին նորմալ պայմաններում մեծացնելու  հնարավորություն տալով:
 
Դեռ օրեր առաջ ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնն» ամփոփում էին նախորդ տարվա ընթացքում իրականացված ծրագրի արդյունքները: Այսօր կրկին օգնում են հերթական բազմանդամ ընտանիքին՝ իրենց երազանքի տունը կառուցելու հարցում:
 
Գևորգյանների յոթ անձից բաղկացած ընտանիքը երկար տարիներ բնակվել է երկու սենյականոց հողաշեն տնակում, առանց տարրական հարմարությունների՝ ամեն պահ աչքի առջև ունենալով տանիքի փլուզման վտանգը:
 
«Ես մեծացել եմ հողաշեն տանը և ամբողջ կյանքում երազել եմ  բարեկարգ տան մասին: Տարիներ առաջ, երբ ես երիտասարդ էի, հայրս սկսեց մեր տան շինարարությունը: Նրա մահից հետո ես այդպես էլ չկարողացա ավարտին հասցնել այն: Հիմա ինքս ընտանիք ունեմ, չորս երեխաների հայր եմ և, իհարկե, ուզում եմ, որ երեխաներս առողջ միջավայրում մեծանան: Ընտանիքիս եկամուտը բավարարում է առօրյա ծախսերը հոգալուն միայն: Անչափ շնորհակալ եմ երկու կազմակերպություններին՝ ընտանիքիս երազանքն իրականացնելու համար»,-ասել է ընտանիքի հայրը՝ Հովհաննեսը:
 
«Այսօր առանձնահատուկ օր է. շարունակում ենք հաջողված համագործակցությամբ իրականացվող բնակարանաշինության ծրագիրը: Սա և՛ հաճելի է, և՛ մտահոգիչ: Եթե հարցին նայենք դրական տեսանկյունից՝ ուրախալի է, քանի որ կարևոր խնդիր է լուծվում 100-րդ ընտանիքի համար: Մտահոգիչ է սակայն այն փաստը, որ դեռևս կան տանիքի խնդիր ունեցող ընտանիքներ: Նրանց աջակցելն անհրաժեշտ է: Եթե տարիներ առաջ կարևոր գործ ենք նախաձեռնել, ապա հարկավոր է կրկնել այն: Միայն այդպես մեզ կհաջողվի լուծել եղած խնդիրները: Իսկ այստեղ ապրողների համար աջակցությունն առավել ևս առաջնային է. այստեղ կա ոչ միայն գյուղացուն թև ու թիկունք լինելու, այլև հակառակորդին մեր կամքով զինաթափելու հրամայական: Մենք ամուր ենք միասին»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
 
«Բարի ավանդույթ է դարձել մեր ամենամեծ նվիրատուի և լավագույն գործընկերոջ հետ աշխատելը: Այս տարի ՎիվաՍել-ՄՏՍ-ը մոտ 105 մլն. ՀՀ դրամի ներդրում է կատարելու բնակարանաշինության համար (2015թ-ին ՝ 100 մլն. էր): Դա քառասունմեկ հայ ընտանիքի համար նոր օջախի ծուխն է, կյանքի նոր փուլի սկիզբը»,-ասել է Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:
 
2007թ.-ից իրականացվող բնակարանաշինության ծրագրի շրջանակներում ՎիվաՍել-ՄՏՍ-ն  աջակցել է 93 ընտանիքի: Այս տարի այդ թիվը կհամալրվի ևս 41-ով և մինչև տարեվերջ ծրագրի շրջանակներում աջակցություն ստացած ընտանիքների թիվը կհասնի 134-ի:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Բարեգործություն