12-05-2016 18:51:13 | Վրաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Վրացի փորձագետ Վախտանգ Մայիսայայի կարծիքով «Եժեթե Վրաստանը դառնա ՆԱՏՕ-ի անդամ, դա չի նշանակում, որ երկիրը հրաժարվում է Աբխազիայից և Հարավային Օսեթիայից»: «2008թ.-ի պատերազմը ցույց տվեց, որ Ռուսաստանը կարող է ամբողջ Վրաստանը բռնագրավել: Անեքսիան ևս բացառված չէ: Ցավոք, Ռուսաստանի հետ պատերազմը հեռավոր հեռանկար չէ, քանի որ այսօր ևս Վրաստանը գտնվում է Ռուսաստանի հետ պատերազմական իրավիճակում: Միջազգային իրավական կարգավիճակի համաձայն` մենք գտնվում ենք պատերազմական իրավիճակում: «Մեդվեդև-Սարկոզի» համաձայնությունը պատերազմական գործողությունների դադարեցման համաձայնություն է: Դա խաղաղության մասին համաձայնություն չէ, դա խաղաղության պայմանագիր չէ: Ռուսաստանի կողմից սողացող բռնագրավումը ոչ այլ ինչ է, եթե ոչ պատերազմական ագրեսիայի շարունակություն», -մայիսի 12-ին հայտարարել է փորձագետ Վախտանգ Մայիսայան:
Մայիսի 12-ին ԱՄՆ-ի Կոնգրեսում Վրաստանի իրավիճակի մասին հայտարարությամբ ներկայացել է կոնգրեսական Թէդ Փոմը: «Վրաց ժողովուրդը և նրա կառավարությունը կիսում է մեր արևմտյան արժեքները: Ամերիկայի Միացյալ Նահանգները պետք է բարձրաձայն հաստատի իր դիրքորոշումը և պետք է աջակցի նրա ուղին դեպի ՆԱՏՕ: ԱՄՆ-ն պետք է միանա Վրաստանի հետ ազատ առևտրի ռեժիմի հաստատման հարցի քննարկմանը: Դա հարկավոր է, որպեսզի մեր երկրներում ստեղծվեն նոր աշխատատեղեր, և որպեսզի մենք ցույց տանք բոլորին, որ Վրաստանը ԱՄՆ-ի յուրահատուկ ընկերն է: ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցները պետք է հաստատակամություն ցուցաբերեն և աջակցեն Վրաստանին», -ելույթ ունենալով ԱՄՆ-ի Կոնգրեսում` հայտարարել է Թէդ Փոմը:
«ԱՄՆ-ի Կոնգրեսում արված ցանկացած հայտարարություն կարևոր է, քանի որ ԱՄՆ-ն աշխարհի խոշորագույն ժողովրդավարությունն է: Երբ ԱՄՆ-ն խոսում է Վրաստանի մասին, դա միշտ էլ կարևոր է: Անկախ նրանից մեզ դուր է գալիս այն, ինչ ասում են, թե ոչ», -մայիսի 12-ին հայտարարել է Հանրապետական կուսակցության անդամ, խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչ Լևան Բերձենիշվիլին:
Մայիսի 11-ի ուշ գիշերը տեղի ունեցած ուժեղ անձրևի և կարկուտի արդյունքում լուրջ վնաս են կրել Կախեթի և Քարթլի շրջանների բնակիչների գյուղատնտեսությունները: Հատկապես մեծ վնաս է հասցվել Կախեթի նահանգի Թելավի շրջանին: Գյուղացիների հայտարարությունների համաձայն` կարկուտը ոչնչացրել է խաղողի վազերի և մրգատու այգիների մի քանի հեկտար: «Կորսված է բերքի շուրջ 80%-ը: Հակակարկտային համակարգերը դեռևս միացված չեն, և մեր բերքը գրեթե ամբողջությամբ ոչնչացված է», -հայտարարում են Կախեթի շրջանի գյուղացիները: