Ընտրական օրենսգրքի վերաբերյալ 8 առաջարկ


Ընտրական օրենսգրքի վերաբերյալ 8 առաջարկ

  • 13-05-2016 17:19:54   | Հայաստան  |  Վերլուծություն

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» ՀՀ Կառավարություն և Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողով է ուղարկել մի շարք առաջարկություններ՝ կապված ՀՀ Ընտրական օրենսգրքի նախագծի հետ: Փաստաթղթում տեղ են գտել նախկինում հիմնականում չքննարկված, ինչպես նաև կոնկրետ ձևակերպում պահանջող առաջարկությունները:
 
Մասնավորապես, թվով 8 առաջարկությունները հետևյալի մասին են՝
 
Քվեարկության մասնակցած անձանց ցուցակների հասանելիությունը: Համաձայն մեր առաջարկի, քվեարկության հաջորդ օրը տարածքային ընտրական հանձնաժողովները կուսակցությունների ու դիտորդական կազմակերպությունների դիմումի հիման վրա վերջիններիս տրամադրում են էլեկտրոնային գրանցման սարքերի միջոցով գրանցված բոլոր ընտրողների հերթական համարների ցանկը:
 
Նախկինում առկա տարընկալումները բացառելու նպատակով օրենքում հստակ սահմանել, որ դիտորդները, ԶԼՄ ներկայացուցիչներն ու վստահված անձինք իրավունք ունեն քվեարկության օրը ժամը 20:00-ից հետո մուտք գործել տեղամաս:
 
Հստակ ամրագրել այն դեպքերը, երբ դիտորդին, ԶԼՄ ներկայացուցչին կամ վստահված անձին կարելի է հանել ընտրական տեղամասից: Այս մասով առաջարկվում է նաև սահմանել իրավական վարչարարության հիմունքներին համապատասխանող խիստ ընթացակարգ:
 
Նախկինում առկա տարընկալումները բացառելու և ԿԸՀ պաշտոնական պարզաբանումը օրենսգրքում ներառելու նպատակով օրենքում հստակ սահմանել, որ դիտորդները, ԶԼՄ ներկայացուցիչներն ու վստահված անձինք իրավունք ունեն առանց լուսանկարահանելու, պատճենահանելու և քաղվածքներ կատարելու ծանոթանալ ընտրողների ստորագրած ցուցակներին ու քվեարկության կտրոններին:
 
Սահմանել, որ ընտրողների գրանցման էլեկտրոնային սարքերի էկրանին միշտ երևա քվեարկած ընտրողների թիվը, իսկ քվեարկության վերջում տպվող տեղեկանքի վրա երևա ժամ առ ժամ քվեարկած քաղաքացիների քանակը՝ լցոնումները բացառելու նպատակով:
 
Սահմանել, որ գրանցամատյանում տեղ գտնեն ոչ միայն վստահված անձի, այլև դիտորդի ու ԶԼՄ ներկայացուցչի կողմից արձանագրված խախտումները՝ քվեարկության պրոցեսի մասին ամբողջական գնահատական տալու հնարավորություն ստեղծելու համար:
 
Քանի որ երկարացվել են տեղամասային հանձնաժողովի կողմից քվեարկության ամփոփման ժամկետները, առաջարկվում է առնվազն նույնքան երկարացնել բողոքարկման (արդյունքները անվավեր ճանաչելու և վերահաշվարկի դիմուների ներկայացման) ժամկերները՝ առավելևս, որ անգամ առկա ժամկետները խիստ անբավարար էին:
 
Քանի որ ընտրողների էլեկտրոնային գրանցման սարքերը պետք է կոչված լինեն բացառելու մարդկային գործոնը, առաջարկում ենք առանձնակի վերահսկողություն սահմանել այն դեպքերի համար, երբ էլեկտրոնային սարքը չի տեսնում ընտրողի անձը հաստատող փաստաթուղթը և դրա համարը մուտքագրվում է ձեռքով: Մասնավորապես, առաջարկվում է նման դեպքերում կազմել հատուկ արձանագրություն: Բացի այդ, այդպես գրանցված ընտրողների թիվը պետք է արտացոլվի քվեարկության վերջում տպվող ամփոփաթերթիկում (և այդ թիվը պետք է համընկնի արձանագրությունների թվի հետ):
 
 
Առաջարկությունների հիմքում ընկած են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ու ԵԽ Վենետիկի հանձնաժողովի՝ օրենսգրքի նախագծի մասին համատեղ կարծիքը, Սահմանադրական հանրաքվեից հետո հրապարակված ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկությունները, ԵԽ Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումը (code of good practice in electoral matters), Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանի որոշումները, ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական պարզաբանումները և ՀՀ Կառավարության ներկայացուցիչների առաջարկությունները:
 
«Իրազեկ քաղաքացիների միավորւմ»
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն