Շուտով մեկնարկելու է իր տեսակով յուրահատուկ ալտի և թավջութակի 7-րդ հանրապետական փառատոնը


Շուտով մեկնարկելու է իր տեսակով յուրահատուկ ալտի և թավջութակի 7-րդ հանրապետական փառատոնը

  • 16-05-2016 19:22:38   | Հայաստան  |  Հասարակություն

Շուտով մեկնարկելու է Հենրիկ և Գերոնտի Թալալյանների անվան հանրապետական 7-րդ փառատոնը: Ինչպես մայիսի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց փառատոնի տնօրեն, դաշնակահար Ջուլիետա Վարդանյանը, 2008 թվականից անցկացվող փառատոնը 2010-ին ընդլայնվել է ու դարձել ալտի և թավջութակի փառատոն:
 
Ըստ նրա` այս փառատոնը յուրահատուկ է նրանով, որ կենտրոնացած է երկու գործիքների վրա: 
«Ամեն տարի մենք նշում ենք հոբելյաններ` շեշտը հատկապես դնելով հայ կոմպոզիտորների հետ կապված տարեթվերի վրա: Ծրագրերը հիմնականում  ընդգրկում են երեք հարյուր տարվա պատմություն ունեցող կոմպոզիտորական մի մեծ դաշտ` Պերգոլեզիից սկսած մինչև մեր օրեր, մինչև մեր կողքին ապրող Միխայիլ Կոկժաևի»,- ասաց Ջ. Վարդանյանը` հավելելով, որ փառատոնի շրջանակներում կնշվեն Առնո Բաբաջանյանի և Էդվարդ Միրզոյանի 95-րդ, Գերոնտի Թալալյանի 90-րդ և Միխայիլ Կոկժաևի 70- րդ տարեդարձները, ինչպես նաև Շոստակվոիչի, Մոցարտի, Բարտոկի մահվան տարելիցները:
Նրա փոխանցմամբ` փառատոնի ընթացքում նախատեսված է հինգ համերգ, իսկ հանդիսատեսին ներկայանալու հնարավորություն կունենան ինչպես կայացած, այնպես էլ սկսնակ երաժիշտներ և չորս հյուր արտերկրից` Դմիտրի Նովգորոդսկի (դաշնամուր/ ԱՄՆ), Անի Աղաբեկյան (ջութակ/ Գերմանիա), Տիգրան Հախումյան (ջութակ/ Գերմանիա), Տիգրան Մահտեսյան ( ջութակ /Բելգիա): 
ՀՀ վաստակավոր արտիստ, դիրիժոր, թավջութակահար, «Արս Լունգա» ՀԿ նախագահ, փառատոնի գեղարվեստական ղեկավար Արամ Թալալյանի խոսքերով`   ի սկզբանե փառատոնի հիմքում դրված է եղել երիտասարդ կատարողներին հարթակ տրամադրելու նպատակը: 
 «Այս փառատոնի առումով մենք կրկնակի չափով իրագործել ենք մեր առջև դրած նպատակները. Առաջին հերթին մենք ուշադրություն ենք դարձնում հայ կոմպոզիտորների աշխատանքներին, ապա ցանկանում էինք ստեղծել մի դաշտ, որտեղ երիտասարդները կարող են դրսևորվել: Փառատոնի սկզբնավորումից 7 տարի անց ես, կարելի է ասել, գոհ եմ արդյուքներից», - նշեց Արամ Թալալյանը: 
Նշեն, որ փառատոնը համագործակցում է Հայաստանի Պետական Երիտասարդական Նվագախմբի հետ ( գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան), ում հետ այս տարի ելույթ կունենան պատանի (12-13 տարեկան) շնորհալի թավջութակահարներ: Այն իրականացվում է «Արս Լունգա» ՀԿ նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության ֆինանսական աջակցությամբ: 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն