Բացվել է «Արվեստ էքսպո-2016» միջազգային 2-րդ ցուցահանդեսը


Բացվել է «Արվեստ էքսպո-2016» միջազգային 2-րդ ցուցահանդեսը

  • 18-05-2016 11:45:00   | Հայաստան  |  Մշակույթ

Մայիսի 17-ին ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) տեղի ունեցավ ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված «Արվեստ էքսպո-2016» միջազգային 2-րդ ցուցահանդեսի բացումը, որը կազմակերպել է հայրենադարձ նկարիչ Վագո Արմենո Խախամյանը:  
 
Ցուցահանդեսին մասնակցում են 40 արվեստագետներ՝ աշխարհի 18 երկրից: Ներկա էին 8 նկարիչ՝ Պարսկաստանից, Ղազախստանից, Անգլիայից, Ռուսաստանից, Լիտվիայից և 20-ից ավելի նկարիչներ Հայաստանից:
 
Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա մասնավորապես նշեց. «Ուրախ եմ, որ հերթական անգամ Վագո Արմենո Խախամյանը համախմբել է Սփյուռքի մեր նկարիչներին: Սա վկայում է այն մասին, որ մենք կարողացել ենք ստեղծել նաև նկարիչների համահայկական ցանց: Այս ցուցահանդեսը պատմական է, որովհետև նվիրված է Հայաստանի անկախության 25-ամյակին: Այսօր մենք բոլորս ամեն վայրկյան հիշում և գլուխ ենք խոնարհում սահմանին կռվող մեր զինվորների առաջ, ովքեր անձնվիրաբար պահպանում են մեր խաղաղությունը, մեր 25-ամյա նվաճումները»:
 
Հայաստան-Սփյուռք մշակութային կապերի ամրապնդման գործում ունեցած ավանդի համար նախարար Հրանուշ Հակոբյանը Վարդգես Խախամյանին (հայրենադարձված Լիբանանից) պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգրով, իսկ Թենի Ադամյանին (Իրան), Արփա Հակոբյանին (Իրան), Րաֆֆի Յուրեջյանին (Անգլիա), Վլադիմիր Գրիգորյանին (Ղազախստան) և Ռիկ Ղազարյանին (ԱՄՆ) պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության շնորհակալագրերով՝ Սփյուռքում հայ մշակույթի զարգացման և տարածման գործում ունեցած ներդրման համար: 
 
Ելույթ ունեցավ նաև ցուցահանդեսի կազմակերպիչ Վագո Արմենո Խախամյանը: Նա շնորհակալություն հայտնեց Սփյուռքի նախարարությանը՝ մշտական աջակցության համար և նշեց, որ հայաստանցի արվեստասեր հասարակության ջերմ արձագանքները նոր ուժ և ստեղծագործելու նոր լիցքեր են հաղորդում իրենց:
 
Ներկայացվեց ավելի քան 100 աշխատանք՝ գունանկարներ, գծանկարներ, կոլաժներ, քանդակներ, կերամիկա, լուսանկարներ, խառը տեխնիկա, կարճ ֆիլմեր և այլն:
Կենտրոնի առաջին հարկում ցուցադրվեցին ֆիլմեր:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ