ԱԺ-ում իրաքյան եզդիների ցեղասպանության ընդունումը համայնքին թույլ կտա միջազգային հարթակ ներկայանալ կոնկրետ փաստերով. Բորիս Մուրազի (տեսանյութ)


ԱԺ-ում իրաքյան եզդիների ցեղասպանության ընդունումը համայնքին թույլ կտա միջազգային հարթակ ներկայանալ կոնկրետ փաստերով. Բորիս Մուրազի (տեսանյութ)

  • 18-05-2016 12:50:42   | Հայաստան  |  Հասարակություն



«Իրաքի եզդիների նկատմամբ 2014 թվականի օգոստոսից մինչ օրս իրականացվող ցեղասպանության դատապարտման նախագծի և ընդունման, և չընդունման դեպքում Հայաստանի եզդիական համայնքը շահած է դուրս գալու»,- համոզված է «Սինջար» եզդիների ազգային միավորում կազմակերպության նախագահ Բորիս Մուրազին։
Ըստ նրա`  ՀՀ Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված  Իրաքի եզդիների ցեղասպանությունը դատապարտող նախագիծը նախևառաջ պետք է դրական եզրակացության արժանան ՀՀ Կառավարության կողմից, որպեսզի այն ներառվի ԱԺ-ի օրակարգ:
 
Բ. Մուրազիի փոխանցմամբ` նախաձեռնության հեղինակը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանն է, իսկ նախաձեռնությանն իրենց աջակցությունն են հայտնել նաև ԱԺ պատգամավորներ Թևան Պողոսյանը, Վահե Էնֆիաջյանը, Վահան Բաբայանը, ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը, ինչպես նաև ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանը: 
«Ազգային ժողովը և իշխող մեծամասնությունը երկու ճանապարհ ունեն. կամ պետք է ընդունեն և աջակցեն այս նախագծի անցկացմանը, այդպիսով և շահած դուրս գան, և ամոթով չմնան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի առաջ, կամ պետք է չընդունեն` չկարողանալով բացատրություն տալ, թե ինչու նախագիծը չընդունվեց»,- ասաց Բ. Մուրազին` հավելելով, որ Իրաքի եզդիների ցեղասպանության դատապարտման նախագիծն ինքնին խոցելի չէ, քանի որ բոլոր հղումներն արված են ՄԱԿ-ի կողմից ընդունված միջազգային կարևոր բանաձևերին և օրենքներին:  
Վերջինիս համոզմամբ`  Իրաքի եզդիների նկատմամբ ցեղասպանությունը դեռևս շարունակվում է, քանի որ երկու օր առաջ մի քանի եզդի ընտանիքներ որոշել են հետ վերադառնալ իրենց ազատագրված Շանգալ բնակավայր, սակայն տեղի քրդական ինքնավար ուժերը կրակ են բացել խաղաղ բնակիչների վրա, արդյունքում մեկ մարդ զոհվել է, իսկ մյուսները ստիպված դարձյալ դիմել են փախուստի: 
«Այս նախագծի ընդունման մեր պահանջն առաջին հերթին բարոյական, ապա նաև իրավական բնույթ է կրում, քանի որ ցեղասպանությանն իրավական գնահատական է տրվում. Հայաստանի եզդիական համայնքի համար այս նախագծի ընդունումն այնքանով է կարևոր, որ հնարավորություն է տալիս միջազգային կառույցներին դիմել կոնկրետ փաստաթղթերով այն մասին, որ եզդիների ցեղասպանությունն ընդունել են որոշ պետություններ, իսկ հետագայում Հայաստանն Իրաքի հետ հարաբերություններ կառուցելիս արդեն պետք է հաշվի առնի այս կարևոր փաստը»,- ընդգծեց Բ. Մուրազին: 
Անդրադառնալով 2014 թվականի օգոստոսից Իրաքի եզդիների նկատմամբ իրականացված ցեղասպանության  զոհերի կոնկրետ թվերին` բանախոսը հորդորեց չհավատալ պաշտոնական թվերին, քանի որ դրանք կեղծված են:
Բ. Մուրազիի փոխանցմամբ` Իրաքի քրդական ինքնավար իշխանությունների կողմից պաշտոնապես հրապարակվում է 7000 սպանված եզդիների մասին, մինչդեռ  հայտնի է, որ 5000 եզդի կանայք շարունակում են գտնվել գերության մեջ` չհաշված նաև գաղթի ճանապարհին և ճամբարներում բռնկված համաճարակներից զոհվածները: 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն