«Բաքուն հայտարարում է՝ ոչ մի պայմանավորվածության չի գնացել ԵԱՀԿ մշտադիտարկման ընդլայնման հարցում». Մեկնաբան


«Բաքուն հայտարարում է՝ ոչ մի պայմանավորվածության չի գնացել ԵԱՀԿ մշտադիտարկման ընդլայնման հարցում». Մեկնաբան

  • 20-05-2016 17:37:38   | Հայաստան  |  Վերլուծություն

Մայիսի 20-ին Հայաստանում են հավաքվել ԵՏՄ վարչապետները, ԵՏՄ խորհրդի նիստը անցկացնելու համար:
 
Դա այսպես ասած այն նիստն է, որը պետք է տեղի ունենար ապրիլի 8-ին, սակայն Ղազախստանի ու Ռուսաստանի որոշումով այն չեղարկվեց՝ Արցախի վրա հարձակված Ալիեւին չնեղացնելու համար: Դրանից հետո վարչապետները հավաքվեցին Մոսկվայում, ուր մեկնեց նաեւ Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը, այդպիսով միանալով Հայաստանի պետական արժանապատվությանն ուղղված ռուս-ղազախական հարվածին: Իսկ որպես արդարացում ներկայացվեց այն, թե ԵՏՄ վարչապետները խոստացել են հնարավորինս արագ կազմակերպել նիստ Երեւանում: Եվ ահա, մայիսի 20-ին տեղի է ունենում այդ նիստը:
Դրանից առաջ, Ռուսաստանի վարչապետ Մեդվեդեւը հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ: Նախագահի նստավայրում տեղի ունեցած այդ հանդիպման ընթացքում քննարկման առարկան եղել է ոչ թե ԵՏՄ-ն կամ տնտեսությունը, այլ Արցախի հարցը: Համենայն դեպս հենց դրա մասին է պաշտոնական հաղորդագրությունը: Եվ այդ հաղորդագրությունը մեջբերում է Մեդվեդեւի ուշագրավ խոսքը. «Կարող եք չկասկածել՝ Ռուսաստանը միշտ օգնել է և օգնելու է այս դժվար հակամարտության կարգավորման հարցում: Իսկ մենք Ձեզ հետ միասին այժմ կքննարկենք դրա հետ կապված բոլոր հարցերը»:
Թե ինչպես է Ռուսաստանն օգնել ու օգնում, չափազանց ակնհայտ էր ապրիլյան պատերազմի օրերին: Ռուսաստանը նախ օգնեց Ադրբեջանին ինտենսիվ սպառազինվել ու պատրաստվել պատերազմի, օգնեց դիմագրավել հրադադարի պահպանման մեխանիզմի ներդրման գաղափարին, որ ԱՄՆ ու Եվրոպան փորձում էին առաջ տանել ապրիլի հարձակումից առաջ, իսկ հետո օգնեց Ադրբեջանին խուսափել հայկական զինուժի պատժիչ հակագրոհից՝ դադարեցնելով պատերազմը այն ժամանակ, երբ ադրբեջանական բանակը մատնվել էր խուճապի:
Եվ երբ Ռուսաստանի Դաշնության վարչապետը Երեւանում հայտարարում է, թե պետք չէ կասկածել, որ Ռուսաստանը կշարունակի օգնել կարգավորմանը, դա նշանակում է, որ Հայաստանին չի մնում այլ բան, քան պատրաստվել պատերազմի, քանի որ այդ դեպքում միայն այդպես է հնարավոր կանխարգելել այն:
Միաժամանակ, Մեդվեդեւի հայտարարությունը ցույց է տալիս, որ ԵՏՄ վարչապետների հավաքը ոչ թե «բարոյական պարտքի» վերադարձն է Հայաստանին, այլ ընդամենը միջոց է Մեդվեդեւի այցի եւ Սարգսյանի հետ Արցախի խնդիր քննարկելու համար: Ընդ որում, հետաքրքրական է, որ ԵՏՄ վարչապետների հավաքի մասին հայտարարվել է անակնկալ ձեւով, ինչը հիմք է տալիս եզրակացնելու, որ այդ հավաքը պատրաստվել է հապճեպ: Դա էլ վկայում է, որ խնդիրը ԵՏՄ-ն չէ, խնդիրը ընդամենը առիթն է, որպեսզի Մեդվեդեւը ժամանի Հայաստան: Բանն այն է, որ թե ՌԴ վարչապետը, թե արտգործնախարարը, Հայաստանում էին բոլորովին վերջերս, հետեւաբար նրանց նոր այցը այսպես ասած «կասկածի» տեղիք կտար: Հետեւաբար, պետք էր մի «չեզոք» առիթ, որն էլ ԵՏՄ վարչապետների հավաքն էր:
Բանն այն է, որ ապրիլի պատերազմից հետո ստեղծված վիճակում բավական բարդ է բանակցային գործընթաց իրականացնել բացահայտորեն: Դրան չի կրող բացահայտ ներգրավվել նաեւ Երեւանը, քանի որ առաջ է քաշել հայտնի երեք պայմանները: Միեւնույն ժամանակ, խնդիրն այն է, որ Վիեննայում օրակարգում դրվել է հրադադարի պահպանման մեխանիզմի ներդրման խնդիրը: Ռուսաստանը, որ մինչեւ ապրիլ դեմ է եղել դրան, ապրիլից հետո իհարկե չի կարող լռության մատնել եւ գոնե խոսքով չաջակցել այդ մեխանիզմին: Բայց, դրանից չի փոխվում պարզ իրողությունը՝ այդ մեխանիզմի ներդրումը թուլացնում է Ռդ գերազդեցությունը հակամարտության վրա, զրկում է Մոսկվային մոնոպոլ կամ գերիշխող դիրքից, պատերազմի շանտաժի միջոցով իրավիճակը կառավարելու հնարավորությունից:
Հետեւաբար, Վիեննայում հավանության արժանացնելով մեխանիզմի հարցը, Մոսկվան ներկայում հարկադրված է զբաղվել դրա կուլիսային տորպեդահարումով: Պատահական չէ, որ Վիեննայի հանդիպումից հետո Արցախի հակամարտության հարցը քննարկվում է ՌԴ նախագահի հրավիրած անվտանգության խորհրդի նիստում: Դրան զուգահեռ Բաքուն հայտարարում է, որ ոչ մի պայմանավորվածության չի գնացել ԵԱՀԿ մշտադիտարկման ընդլայնման հարցում: Դրանից հետո էլ հանկարծ հայտարարվում է Երեւանում ԵՏՄ վարչապետների հավաք անցկացնելու մասին, որի շրջանակում Երեւան եկած Մեդվեդեւն էլ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը փաստացի բացահայտում է, որ այցի բուն նպատակը Սարգսյանի հետ Արցախի խնդրի քննարկումն է:
Իսկ ի՞նչ է քննարկելու Սերժ Սարգսյանը Մեդվեդեւի հետ՝ հրադադարի մեխանիզմի ներդրու՞մը, թե՞ կազանյան պլանի արդիականացված տարբերակը, որի մասին ակնարկել էր Լավրովը:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն