Գարո Արմեն. Հայաստանի գյուղերն աշխարհին առաջարկելու շատ բան ունեն


Գարո Արմեն. Հայաստանի գյուղերն աշխարհին առաջարկելու շատ բան ունեն

  • 23-05-2016 17:47:00   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
 
ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու մարզում Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) կողմից կառուցվում է աշխարհում եզակի մի հաստատություն՝
ՍՄԱՐԹ կենտրոն:
 
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ը, սա կրթական ավան է, որտեղ հանդիպում և հանգուցվում են արվեստը, տեխնոլոգիան, լեզուները,
գյուղատնտեսությունը, առողջ, ապրելակերպը, ձեռներեցությունը՝ համեմված ստեղծագործականությամբ: Հայաստանը գիտելիքի ու ստեղծագործականության միջազգային ասպարեզում դիրքավորելու ռազմավարական այս քայլը մեկնաբանում է ամերիկահայ ձեռներեց, COAF հիմնադիր և խորհրդի ատենապետ դոկտոր Գարո Արմենը: Արմենը ծնվել է 1953թ Թուրքիայում, 17 տարեկանում տեղափոխվել է ԱՄՆ: 1978թ. վաստակել է իր առաջին մեծ գումարը՝ ի ցույց դնելով իր արտառոց բիզնես ջիղը: Գիտական աստիճան է ստացել Նյու Յորքի համալսարանում՝
ֆիզիկական քիմիայի ասպարեզում։ Հիմնել է կենսատեխնոլոգիական «Աջենուս» ընկերությունը: 2016 թ. արժանացել է ԱՄՆ­ի «Տարվա ներգաղթյալ ձեռներեց» մրցանակին:
 
Ի՞նչ է ՍՄԱՐԹ­ը:
 
ՍՄԱՐԹ­ը Հայաստանի մանուկներ հիմնադրամի ստեղծած զարգացման մոդել է, համայնքի ու անհատի ինքնակատարելագործման և կենսամակարդակի բարելավման նորարարական ճանապարհ: Սա միջավայր է, որտեղ երեխաներն ու մեծահասակները ձեռք են բերում նոր գիտելիքներ, հմտություններ, փնտրում են իրենց ու ինքնիրացվում: Դրա համար ստեղծվում են անհրաժեշտ բոլոր պայմանները՝ տարածք, տեխնոլոգիա, հեռահար ուսուցման հնարավորություններ, գործիքներ, մասնագետներ, ինչպես նաև ձևավորվում է զարգացման տեսլական:
ՍՄԱՐԹ­ը կրթություն է, համագործակցություն, ստեղծագործականություն և նորարարություն: Եվ, որ ամենակարևորն է,
 
ՍՄԱՐԹ­ն ինքնանպատակ կառույց չէ:
Այն պատասխան է տեղի բնակչության կարիքներին: Սրանով մենք հույս ունենք ապահովել նաև բնակչության զբաղվածության հարցը՝ իրենց ծննդավայրում գործունեություն ծավալելու և հաջողելու համար:
ՍՄԱՐԹ նախաձեռնությունը մեկ այլ կարևոր հարց էլ է լուծում՝ Հայաստանի համայնքները աշխարհի ներկա ու ակտիվ մասնակից դարձնելով, երեխաների և երիտասարդության համար հասանելի դարձնելով տեղական և համաշխարհային գիտելիքը: Ինչպե՞ս: ՍՄԱՐԹ կենտրոնը հագեցած է լինելու հեռահաղորդակցության տեխնոլոգիաներով՝ անխափան կապ հաստատելով Երևանի, շրջակա 30 գյուղերի և ամբողջ աշխարհի հետ, առցանց դասընթացների կազմակերպման և շփման խոչընդոտների վերացման նպատակով:
 
Ո՞րն է ՍՄԱՐԹ հայեցակարգը, նորությունը, որի մասին նշեցիք:
 
ՍՄԱՐԹ­ը համապարփակ, համակողմանի նախաձեռնություն է: Երբ 2004 թ.­ին սկսեցինք աշխատել Արմավիրի մարզում, մեզ թվում էր, թե միայն դպրոց ենք նորոգելու: Սակայն ընթացքում պարզեցինք, որ կրթական չափորոշիչները ևս խնդիր են: Մասնագետների հրավիրեցինք՝ վերապատրաստելու ուսուցիչներին և տնօրեններին, նաև՝ ներկայացնելու աշակերտական ակումբների գաղափարը: Նույնը կատարվեց առողջապահության ծրագրի դեպքում, սոցիալական և այդպես շարունակ: Ի՞նչը հաջողություն բերեց մեզ. ամբողջական մոտեցումը, անդրադարձը համայնքի բոլոր ոլորտներին միաժամանակ:
Արդյունքներին արդեն ականատես ենք Արմավիրի և Արագածոտնի մարզերում. փոխվել են գյուղական հանրույթները, նրանց աշխարհընկալումը, կեցվածքը ու հեռանկարները:
Լոռու ՍՄԱՐԹ­ը հիմնվում է անսահման գեղեցիկ մի վայրում, և նրա ճարտարապետությունը «անողոքաբար» նորարարական է: Մարդկանց աշխարհայացքը կփոխվի. փաստորեն, անհավանականը իրապես հնարավոր է: Նման հավատքը մեր պատմական ավանդույթն է, որն արտացոլվում է մեր ձեռքբերումների և ներդրումների մեջ՝ որպես ազգ, որպես մշակույթ և որպես ժողովուրդ:
 
Իսկ ի՞նչ բնութագիր ունի ՍՄԱՐԹ­ը:
 
Լոռիում կառուցվում է ՍՄԱՐԹ ավան՝ բաղկացած ՍՄԱՐԹ կենտրոնից, արվեստանոցներից, արհեստանոցներից, բուժհաստատությունից, մարզահրապարակներից և փորձարարական գյուղատնտեսության տարածքներից` ջերմոցային տնտեսություն, մեղվաբուծական հատված, ինչպես նաև ռոբոտաշինության լաբորատորիայից: Բացի այդ, այն օթևանի հարմարություններ կունենա, ինչը թույլ կտա հյուրընկալել միաժամանակ 20 այցելուի, որը կծառայի միջազգային մասնագետների, տարբեր միջոցառումների մասնակիցների և հյուրընկալության բիզնեսի մասնագետների պատրաստման համար:
Գործում են նաև ՍՄԱՐԹ սենյակներ՝ յուրատեսակ արբանյակներ ՍՄԱՐԹ կենտրոնին: Դրանք հիմնվում են գյուղական համայնքներում, հագեցած են անհրաժեշտ տեխնոլոգիայով ու կապով և լրացուցիչ կայան են աշխարհի հետ հաղորդակցության համար: Արդեն իսկ նման հանդիպումներ եղել են Կոսովոյի, Հոլանդիայի, Պորտուգալիայի մասնագետների և լոռեցի երեխաների միջև:
Ծրագրային իմաստով՝ ՍՄԱՐԹ­ը հանգուցում է Հայաստանի մանուկներ հիմնադրամի տասնամյակների փորձը և միաժամանակ ընդգրկում հենց Լոռու մարզի կարիքներին համապատասխան ոլորտներ: Հիմնական ծրագիրը, որ կրկնվելու է յուրաքանչյուր մարզի ՍՄԱՐԹ ավանում, ներառում է ռոբոտիկա, ծրագրավորում, արվեստներ, անգլերենի ուսուցում, գյուղատնտեսություն, բնապահպանություն, առողջ ապրելակերպ, ձեռներեցություն և այլն: Իսկ հենց Լոռու մարզին առավել բնորոշ են, օրինակ, մեղվաբուծությունը, փայտամշակումը, խեցեգործությունը, տուրիզմը…
 
Ովքե՞ր են ՍՄԱՐԹ­ի շահառուները:
 
Բոլորը: Մենք հասարակություն ենք, ի վերջո: Գյուղական կարիքներն ստիպում են, որ մենք անդրադառնանք լայն հասարակությանը: Վստահ չեմ, որ հնարավոր է անել այն, ինչ մենք ենք անում՝ թիրախ ունենալով միայն երեխաներին: Իհարկե, երեխաները մեր աշխատանքի կենտրոնն են, գործի 70­80%­ը երեխաներին է վերաբերում, սակայն, կարծում եմ՝ անարդար է մյուսներին անտեսելը, չես կարող երեխաներին առանձնացնել ծնողներից: Դասերի զբաղված ժամերին կենտրոնն աշխատելու է մեծահասակների մասնագիտական վերապատրաստման և նոր հմտությունների ձեռքբերման ուղղությամբ, իսկ արդեն հետդպրոցական ժամերին իր դռները բացելու է երեխաների առջև ևս: Ամեն ՍՄԱՐԹ ավան Հիմնադրամի ներկայությունն ապահովելու է ամենաքիչը 25­-30 նոր համայնքներում: 
 
 
Ի՞նչ մասնագետներ են ներգրավվելու ՍՄԱՐԹ­ում:
 
Մեզ համար սկզբունքային է համագործակցություն ձևավորել և ՍՄԱՐԹ­ի գործունեության տարբեր բաղադրիչներ վստահել իրենց ոլորտում լավագույն փորձառություն ունեցող կազմակերպություններին ու մասնագետներին` ապահովելով բոլոր ուղղությունների համադրումը ու փոխադարձ կապը ՍՄԱՐԹ­ի փիլիսոփայության համատեքստում: Բազմաթիվ ընկերությունների և տարբեր ոլորտների պրոֆեսիոնալների ենք ներգրավում՝ օգնելու մեզ կատարելագործել ՍՄԱՐԹ­ի գործունեությունը ոչ ֆորմալ կրթության, առողջապահության, սոցիալական և տնտեսական ոլորտներում: Մեր աշխատակազմում էլ գործի գիտակներ են, ովքեր որոշակի ոլորտներ կառնեն իրենց պատասխանատվության տակ:
Պետք է նշել կարևորագույն մի հանգամանք. գործընկերության հիմքում դրված է տեղական մասնագիտական ներուժի զարգացման սկզբունքը, ինչը ենթադրում է, որ յուրաքանչյուր գործընկեր կազմակերպություն կամ անհատ պարտավորվում է, իր ներգրավվածությանը զուգահեռ, վերապատրաստել տեղացի մասնագետներ, ինչը շարունակականության գրավականն է: Սա տեղական ռեսուրսները բացահայտելու և տեղում իրացնելու ռազմավարություն է:
 
Մանրամասն սկզբնաղբյուրում
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play