Վրաստանում միամանդատ շրջանների գոյությունը հակասահմանադրական է. Սահմանդրագետ
01-06-2016 13:29:40 | Վրաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Հունիսի 1-ին Վրաստանի Սահմանադրական Դատարանը կսկսի սահմանդրագետ Վախուշտի Մենաբդեի հայցի ուսումնասիրությունը, որի համաձայն` երկրում միամանդատ շրջանների գոյությունը հակասահմանադրական է: Այն դեպքում, եթե Սահմանադրական Դատարանը հաստատի սահմանադրագետի գանգատը, ապա Վրաստանի ամբողջ տարածքում գոյություն ունեցող միամանդատ ընտրական շրջանները կվերացվեն: Վախուշտի Մենաբդեի համոզմամբ` «միամանդատ ընտրական շրջանների գոյությունը հակասում է Սահմանադրությանը, քանի որ ընտրողի ձայնը չի արտացոլվում մանդատում»: Հիշեցնենք, որ միամանդատ ընտրական շրջանների վերացման դեպքում է´լ ավելի անորոշ է դառնում, թե Սամցխե-Ջավախք շրջանից քանի պատգամավոր կարող է ընտրվել Խորհրդարանում:
ՆԱՏՕ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի հայտարարության համաձայն` «Ռուսաստանը թույլ չի տա, որպեսզի ՆԱՏՕ-ն վերածի Սև ծովը իր ներքին լճի»: «Մի քանի օր առաջ Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ անթուլատրելի է, որպեսզի Սև ծովը վերածվի «ռուսական լճի»: Բայց ՆԱՏՕ-ում հիանալի հասկանում են, որ Սև ծովը նաև չի վերածվի «ՆԱՏՕ-ի լճի»: Արևմտյան ուղղությամբ ՆԱՏՕ-ի գործողություններն անպատասխան չեն մնա: Մենք բոլոր անհրաժեշտ քայլերը կձեռնարկենք», -մայիսի 31-ին հայտարարել է Ալեքսանդր Գրուշկոն:
Մայիսի 31-ին Վրաստանի Պաշտպանության նախարարությունը և երկրի Զինված Ուժերի Գլխավոր Շտաբը սկսել են պայամանգրային զինծառայության անցնել ցանկացողների գրանցման գործընթացը: «Մենք վերականգնել ենք վերջին երեք տարիների ընթացքում դադարեցված գործընթացը: Ընթացիկ տարում մենք արդեն ստացել ենք զինծառայողների երկու խումբ: Շուրջ 600 երիտասարդ քաղաքացի բանակ են մտել և համապատասխան պայմանագիր կնքել Հայրենիքի հետ: Իսկապես, այսօր մենք չենք կարող ընդունել հազարավոր քաղաքացիների, բայց շատ կարևոր է, որպեսզի մենք իմանանք, թե ինչպիսին է պահանջարկը, որպեսզի 2017թ.-ին մեզ համար ավելի հեշտ լինի ծրագրելը: Այս տարի բանակը համալրվել է մոտավորապես 1 000 մարդով: 1 000 զինծառայող արդեն ծառայություն է անցնում բանակում ըստ պայամանգրային սկզբունքի: Եթե նման ակտիվությունը պահպանվի, ապա մենք արդեն կարող ենք պատկերացնել` քանի հոգու ընդունել 2017, 2018 թվականներին», -հայտարարել է Վրաստանի Պաշտպանության նախարարը: Հիշեցնենք, որ Վրաստանում պայմանագրային ծառայության տևողությունը 4 տարի է: Պայմանագրային ծառայող կարող է դառնալ 18-35 տարեկան երկրի ցանկացած քաղաքացի, որն անցել է պարտադիր զինվորական ծառայությունը: Վրացական բանակի պայմանագրային ծառայողի ամսական աշխատավարձը կազմում է 950 լարի:
«Վրաստանի Ազգային Անվտանգության Խորհուրդը դիմել է երկրի նախագահին Կենտրոնական Աֆրիկայում ռազմական առաքելություններին մասնակցող վրացի զինծառայողների քանակը մեծացնելու խնդրանքով», -Ազգային Անվտանգության Խորհրդի նիստի ավարտին հայտնել է Խորհրդի քարտուղար Իրինա Իմերլիշվիլին: Խորհրդի նիստի աշխատանքային օրակարգը բաղկացած էր երեք կետից` ՆԱՏՕ-ի երկրների Վարշավայի գագաթաժողովի նախապատրաստում, տարածաշրջանային անվտանգության հարցեր և իրավիճակը բռնագրավված տարածքներում: «Հիշեցնենք, որ այսօրվա դրությամբ Կենտրոնական Աֆրիկայի ռազմական առաքելություններին մասնակցում են մեր զինծառայողներից հինգ հոգի: Մենք ծրագրում ենք մեծացնել նրանց քանակը մինչ քսան հոգի: Հուսով ենք` Խորհրդարանը կաջակցի տվյալ նախաձեռնությանը: Նաև քննարկվել է Վարշավայի գագաթաժողովի նախապատրաստաման հարցը: Վրացական պատվիրակությունը կղեկավարի նախագահը», -հայտնել է Իրինա Իմերլիշվիլին:
«Վրաստանի Տնտեսական աճը ընթացիկ տարվա ապրիլին կազմել է 4.3%», -մայիսի 31-ին հայտարարել է Վրաստանի Տնտեսության նախարարը: «Տնտեսական աճի տեսանկյունից առաջատար արդյունաբերություններն են դարձել շինարարական նյութերի արտադրությունը (25% աճ), հյուրանոցների և ճաշարանների բնագավառը (20%), շինարարությունը (15%), սննդամթերքի արտադրությունը (10%): Ապրիլին ինֆլյացիայի մակարդակը կազմել է 3.2%, ինչը ևս դրական միտում է: Մարտ ամսից ազգային արժույթի կուրսն ամրապնդվել է 15%-ով: Եթե ուշադրություն դարձնենք առևտրային հավասարակշռությանը, ապա երևում է, որ Վրաստանի ազգային արժույթի վրա ճնշումը պակասել է 200 000 000 դոլարով, այսինքն, առևտրային հավասարակշռության ճեղքվածքը կազմել է 1 426 000 000 դոլար: Շատ հավանական է, որ մենք եկամտի տեսքով կստանանք լրացուցիչ 92 000 000 դոլար զբոսաշրջության բնագավառից: Այդ ամենը պետք է դրականորեն ազդի մեր տնտեսական ցուցանիշների վրա: Ապրիլին տնտեսական աճը կազմել է 4.3%, և, հավանաբար, ակնկալում ենք, որ տնտեսության տարեկան աճի ցուցանիշը կգերազանցի 3%-ը», -մայիսի 31-ին հայտնել է Վրաստանի Տնտեսության նախարարը: