Գերմանիայի Բունդեսթագը ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը


Գերմանիայի Բունդեսթագը ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը

  • 02-06-2016 15:11:47   | Գերմանիա  |  Հասարակություն

Գերմանիայի դաշնային խորհրդարանը հունիսի 2-ին ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևը: Դրանով ճանաչել ու դատապարտել է 1915-ի Ցեղասպանությունը:
Բանաձևը գրեթե միաձայն է ընդունվել. մեկ պատգամավոր է դեմ քվեարկել, մեկը՝ ձեռնպահ:
 
Բանաձևում ասվում է՝ «101 տարի առաջ հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանությունը պետք է հիշատակել»։
Բանաձևն սկսվում է հետևյալ խոսքերով. «Գերմանիայի խորհրդարանն Օսմանյան կայսրությունում ավելի քան 100 տարի առաջ տեղահանված ու կոտորված հայերի և այլ քրիստոնյա զոհերի հիշատակի առաջ խոնարհվում է»։
Նշվում է, որ խորհրդարանը դատապարտում է օսմանյան կառավարության կողմից օսմանյան հողերում բնակվող հայերին գրեթե ամբողջությամբ ոչնչացնելու գործողությունները։ 5 էջանոց բանաձևում նշվում է, որ «Հայերի ճակատագիրը 20-րդ դարում տեղի ունեցած կոտորածի, էթնիկ զտման, տեղահանության ու ցեղասպանության օրինակ է»։
Խորհրդարանի առաջ հավաքված հայերը, հույները, քրդերը, ասորիները ծափահարություններով, ազգային պարերով են ընդունել ճանաչման փաստը:
Հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագում քվեարկության է դրվել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը: Դա առաջացրել է Թուրքիայի ղեկավար և ընդդիմադիր շրջանակների զայրույթը, որոնք ամեն կերպ ձգտում էին խափանել Գերմանիայի խորհրդարանի կողմից ցեղասպանության ճանաչումը: Բունդեսթագի նախագահ Նորբեր Լամերտը, Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի քվեարկության կապակցությամբ իր ներածական խոսքում հայտարարել էր, որ գերմանացի խորհրդարանականները պատրաստ են քննադատություն ընդունել, բայց թույլ չեն տա իրենց ահաբեկել: «Մենք թույլ չենք տա մեզ ահաբեկել»,- ասել էր Լամերտը:
Բունդեսթագում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քննարկմանն ընդառաջ Գերմանիայում բնակվող թուրքերը ժխտողականություն են տարածել և ճնշում գործադրել գերմանացի օրենսդիրների վրա: Մեծ թվով գերմանաբնակ թուրքեր ցույց են կազմակերպել Բեռլինում: Մի խումբ հայեր, քրդեր, ասորիներ ու հույներ ցույց էր են կազմակերպել Բունդեսթագի դիմաց՝ պահանջելով գերմանացի օրենսդիրներցից կողմ քվեարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին:
Գերմանիայի խորհրդարանը դեռևս 2005-ին ընդունել է 1915- ին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային բնաջնջման, էթնիկ զտումների և աքսորի մասին բանաձև, որում սակայն նշված չի եղել «ցեղասպանություն» եզրույթը:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play