Հայաստանյան որոշ բուհերում բարձրանալու են ուսման վարձավճարները


Հայաստանյան որոշ բուհերում բարձրանալու են ուսման վարձավճարները

  • 02-06-2016 15:02:48   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
armtimes.com. Առաջիկա ուսումնական տարում հայաստանյան որոշ բուհերում բարձրանալու են ուսման վարձավճարները: Խոսքը մասնավորապես վերաբերում է Երեւանի պետական համալսարանին, Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանին եւ Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանին:
 
Երեւանի պետական համալսարանից հարցմանն ի պատասխան տեղեկացրին, որ աճը կազմում է 6-10 տոկոս կամ շուրջ 20 հազար դրամ՝ կախված մասնագիտությունից: Մեր հաշվարկներով, սակայն, հավելումն ավելին է ստացվում: ԵՊՀ-ում վարձավճարի նվազագույն չափը 400 հազար դրամ է, առավելագույնը՝ 800 հազար: Ու այս պարագայում ընդամենը 6 տոկոսով աճը պետք է կազմի 24 հազարից 48 հազար դրամ:
 
«Առհասարակ Հայաստանում տնտեսության վիճակը, գնաճը ստիպել են, որպեսզի մենք վերանայենք մեր գները, բայց փորձել ենք, որ բարձրացումը լինի նվազագույն չափով: Դա գնաճի տեմպերին նույնիսկ չի համապատասխանում: Եթե գնաճի տեմպերին նայեինք, ուրեմն շատ ավելի շատ պետք է բարձրացնեինք: Բայց հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ դիմորդների սոցիալական վիճակը, ընտրել ենք նվազագույն տարբերակը, այնքան նվազագույն, որ նույնիսկ նոր ձեւավորված վարձավճարի չափը պետպատվերով վճարվող գումարից ցածր է»,- մեզ հետ զրույցում ասաց ԵՊՀ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Կարեն Գրիգորյանը՝ հավելելով, որ շատ մասնագիտությունների դեպքում վճարովի համակարգում սովորող ուսանողներից, որպես վարձավճար, գանձվող գումարը ավելի փոքր է, քան այն, որը հատկացնում է պետությունը՝ պետպատվերով տրամադրվող կրթության դիմաց: Իրավիճակն այսպիսին է մեծ մասամբ բնագիտական մասնագիտությունների պարագայում:
 
Բժշկական համալսարան այս տարի ընդունվող դիմորդները մի շարք մասնագիտությունների դեպքում ստիպված կլինեն վճարել մինչեւ 200 հազար դրամով ավելի, քան նախորդ տարիներին ընդունվածները: Վարձավճարներն այդքանով բարձրանալու են ընդհանուր բժշկության եւ ստոմատոլոգիական ֆակուլտետներում՝ հասնելով մեկ միլիոն դրամի: «Տասը տարի եւ նույնիսկ ավելի վարձավճարները մենք չենք բարձրացրել: Բայց այդ ընթացքում ուսման պրոցեսի ինքնարժեքը թանկացել է, որովհետեւ մենք օգտագործում ենք ինովացիոն մեթոդներ, օգտագործում ենք սիմուլյացիոն կենտրոն, կիրառում ենք էլեկտրոնային համալսարանին համապատասխանող սկզբունքներ, ծրագրերն ենք փոխել, հիմնականում կլինիկական ծավալներն են մեծացել: Այդ առումով ուսման պրոցեսի ինքնարժեքը թանկացել է, ինչը պետք է արտացոլվի այդ թվերի վրա»,- երեկ փոխանցեցին բժշկական համալսարանից: Այստեղից եւս ընդգծեցին միեւնույն մասնագետը պատրաստելու համար պետության եւ ուսանողի վճարած գումարների տարբերությունը: Բժշկական համալսարանից հայտնեցին, որ ուսման վարձավճարներն այստեղ ոչ միայն բարձրացել են: Հանրային առողջության ֆակուլտետում այն նվազեցվել է՝ հասցնելով  500 հազար դրամի՝ նախկին ավելի քան 650 հազար դրամի փոխարեն:
 
Ինչ վերաբերում է Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանին, այստեղից հաջողվեց պարզել միայն, որ 20-հազարական դրամով ուսման վարձավճարները բարձրացել են երկու մասնագիտացումների դեպքում:
 
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը, մեր հարցին ի պատասխան անդրադառնալով բուհերում ուսման վարձավճարների թանկացմանը, ասաց. «Ես խոսել եմ: Օրինակ, Երեւանի պետական համալսարանի ռեկտորն ինձ ասաց՝ 20-25 հազար դրամի բարձրացում է: Իրենք որոշակի խնդիրներ ունեն ե՛ւ այս ինֆլյացիոն գործընթացների, ե՛ւ ուսանողների թվաքանակի որոշակի պակասի հետ կապված, բայց շատ համեստ ձեւով են ուզում բարձրացնել, որովհետեւ գիտակցում են, որ նաեւ մրցակցության խնդիր ունեն, եւ իրենք շահագրգռված չեն շատ բարձրացնելու մեջ: Հետեւում ենք ուշադիր: Չեմ կարծում, բայց եթե տեսնենք չափից ավելիի խնդիր կա, կփորձենք միջամտել»: Նա անդրադարձավ նաեւ դիտակմանը, թե փաստորեն տրամադրվող կրթության որակն ավելի լավը չի դառնալու, ամեն ինչ նույնն է մնալու ու միայն վարձավճարն է բարձրանալու:
 
«Ընդհանրապես մենք պետք է հասկանանք, թե ուսանողական վարձը ինչ կոմպոնենտներով է ձեւավորվում, եւ իմ խորին համոզմամբ՝ մենք պետք է կարողանանք բուհերի խորհուրդներին օժտել այնպիսի լիազորություններով, որ նրանք հնարավորություն ունենան հատկապես ակտիվորեն պլանավորել բուհական բյուջեները: Եվ երբ ես ասում եմ, որ պետք է այդ գործընթացը իջեցնել մինչեւ ֆակուլտետներ, նկատի ունեմ, որ դա նաեւ հնարավորինս լայն հասարակական թափանցիկության մթնոլորտ կձեւավորի, եւ համալսարանները պետք է կարողանան իսկապես խնայողաբար օգտագործել իրենց բյուջետային միջոցները: Մենք պետք է նորից կոչ անենք, որպեսզի բուհերի կառավարման բարձրագույն մարմինը հանդիսացող խորհուրդները, հատկապես այս վերջին շրջանը հաշվի առնելով, ուշադիր նայեն, թե ինչ ուղղություններով, ռացիոնալ ինչ աստիճանով է ծախսվում բյուջեն, հատկապես ուշադրությամբ փորձեն համեմատել ուսանողների թվակազմ, դասախոսական անձնակազմ եւ ադմինիստրատիվ անձնակազմ հարաբերակցությունը»,- ակնարկեց Լեւոն Մկրտչյանը: Մնացած բուհերում ուսման վարձավճարների թանկացման մասին էլ նախարարն ասաց. «Առաջիկայում ռեկտորների խորհրդի ժամանակ այդ հարցը կբարձրացնենք, կփորձենք հասկանալ»:
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play