Հակաօդային անկախությունը հանձնվում է Ռուսաստանին


Հակաօդային անկախությունը հանձնվում է Ռուսաստանին

  • 06-06-2016 11:12:11   | Հայաստան  |  Վերլուծություն
Ուրբաթ օրը Ազգային Ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում դրական եզրակացություն ստացավ «ՀՀ և ՌԴ միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը, որն արդեն առաջիկա օրերին կքննարկվի ԱԺ լիագումար նիստում:
 
Թեև պաշտոնատար անձինք հայտարարում են, որ այդ համաձայնագրով Հայաստանի անվտանգությունը միմիայն կշահի և Զինված ուժերը չեն կորցնի իրենց անկախությունը, սակայն համաձայնագրով այլ բան է ամրագրված:
 
ՀՕՊ-ի միավորում
 
Ինչպես հայտնի է, Գյումրիում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմական կայանի հակաօդային ստորաբաժանումները ու Երեւանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսական ավիախումբը ՀԱՊԿ-ի սահմաններում կրում են Հայաստանի օդային տարածքի պաշտպանության պարտականությունը (համաձայն «ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին 1995 թվականի պայմանագրի  3-րդ հոդվածի): 
 
Իսկ ահա նոր համաձայնագով նախատեսվում է, որ պատերազմական, ինչպես նաև «ռազմաքաղաքական» վտանգի ժամանակ Հայաստանի տարածքում տեղակայված Հայաստանի և Ռուսաստանի դաշնության հակաօդային պաշտպանության զորքերը պետք է գործեն միասին և չեն կարող ինքնուրույն գործողություններ կատարել:
 
Ընդ որում, որպեսզի հանկարծ կողմերից «մեկը» չկատարի հակաօդային զենքերի «չարտոնված» օգտագործում, պայմանագրի հավելվածով նախատեսվում է նման դեպքերը կանխող «գործողությունների» կազմակերպում:
 
Ավելին, անգամ խաղաղ ժամանակ ՀՕՊ զորքերը ամբողջական ինքնուրույնություն են պահպանում միմիայն «ամենօրյա» գործունեության կազմակերպման հարցում (մյուս հարցերում ինքնուրույնությունը բավականին նվազեցված է): 
 
Եվ եթե խաղաղ ժամանակ կողմերը կարող են մասնակիորեն ինքնուրույն ղեկավարել յուր ՀՕՊ ուժերը, ապա պատերազմի, կամ, ինչպես նշված է պայմանագրում «ռազմաքաղաքական» վտանգի ժամանակ կողմերն զրկվում են այդ անկախությունից… Ավելի ճիշտ, կողմերից մեկն է զրկվում այդ անկախությունից և այդ մեկ կողմը, բնականաբար, հայկական կողմն է:
 
ՌԴ հրամանատարության ներքո
 
Բանն այն է, համաձայնագրի 6-րդ հոդվածն ամրագրում է Հայաստանում տեղակայված Հայաստանի և Ռուսաստանի հակաօդային  պաշտպանության զորքերի համատեղ գործողությունների ղեկավարման հիերարխիան: Ըստ նշված հիերարխիայի, համատեղ գործողույթունների ընդհանուր համակարգումը իրականացնելու է Ռուսաստանի Դաշնության օդատիեզերական պաշտպանության զորքերի հրամանատարը, գործողությունների ընդհանուր ղեկավարում իրականացնելու է Ռուսաստանի հարավային ռազմական շրջանի զորքերի հրամանատարը, և միայն գործողությունների անմիջական ղեկավարումն է, որ ընկնելու է հայկական կողմի վրա՝ ի դեմս հակաօդային պաշտպանության զորքերի հրամանատարի:
 
Այսինքն, Հայաստանի հակաօդային պաշտպանության ուժերի վերադաս հրամանատարությունը (ընդհանուր համակարգումն ու ղեկավարումը) անցնում են Ռուսաստանի Դաշնությանը:
 
Այլ կերպ ասած, պատերազմի կամ «ռազմաքաղաքական» վտանգի ժամանակ Հայաստանի հակաօդային պաշտպանության ղեկավարությունը ստանձնելու է Ռուսաստանը:
 
Հետևապես ցավով պետք է արձանագրենք, որ համաձայնագիրը ինչ-որ չափով Հայաստանը նմանեցնում է Հարավային Օսեթիային ու Աբխազիային, որոնց ուժային կառույցների մի մասը պաշտոնապես դարձել են Ռուսաստանի ուժայինների ֆիլիալներ (ստորաբաժանումներ):
 
Դանիել Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play