ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ պաշտոնական երկխոսություն պետք է կայանա.Արտակ Զաքարյան


ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ պաշտոնական երկխոսություն պետք է կայանա.Արտակ Զաքարյան

  • 09-06-2016 11:36:26   | Հայաստան  |  Հարցազրույցներ

armtimes.com. ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը երեկ պատասխանել է Սարգսյան-Ալիեւ առաջիկա հնարավոր հանդիպման վերաբերյալ armtimes.com-ի հարցերին:
 
- Պարոն Զաքարյան, ի՞նչ ակնկալիքներ ունեք Սերժ Սարգսյանի եւ ԻլհամԱլիեւի առաջիկա հնարավոր հանդիպումից, հատկապես որ մայիսի 16-ին Վիեննայի հանդիպումից հետո ընդունված հայտարարության ուղղությամբ՝մասնավորապես հետաքննությունների մեխանիզմների ներդրման առումով,դեռ տեսանելի քայլեր չեն երեւում:
 
- Կողմերն ընդունած հայտարարությամբ կարեւորել են, որ հրադադարի ռեժիմի խախտման համար հետաքննության մեխանիզմներ ներդրվեն, եւ այդ նպատակով ընդլայնվեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մոնիտորինգային կարողությունները: Կարծում եմ, հաջորդ հանդիպման ժամանակ արդեն այդ ուղղությամբ կներկայացվեն կոնկրետ առաջարկներ, թե որոնք են հատկապես կիրարկման գործիքները եւ անհրաժեշտությունները: Հրադադարի ռեժիմի պահպանման համար նախեւառաջ պետք է ստեղծել իրական երաշխիքներ:
 
- Այսինքն խնդիրը դեռ բանակցությունների եւ ոչ թե իրագործման փուլում է:
 
- Դեռ չասենք բանակցություններ, անունը դնենք հերթական հանդիպում կամ քննարկում, որտեղ Մինսկի խմբի համանախագահները պետք է ներկայացնեն հրադադարի պահպանման կոնկրետ երաշխիքներ ապահովող գործուն մեխանիզմներ: Հանդիպումից հետո մանրամասներ կարծում եմ պարզ կլինեն, եւ կարծում եմ՝ կլինի համապատասխան հայտարարություն: Բարձր մակարդակով այս հանդիպումները, ինչպես նաեւ միջնորդական ջանքերի եւ միջազգային դիվանագիտական խողովակներով տարվող աշխատանքները պետք է բերեն այն հանգրվանին, որ Ադրբեջանը սկսի բարձրաձայն մտածել, հրապարակային քննարկել նաեւ ԼՂՀ ինքնորոշման իրավունքի իրացման մասին: Այդ դեպքում արդեն կարելի է ենթադրել, որ այդ երկրում կա խնդիրը լուծելու քաղաքական կամք: Բայց եթե, այնուամենայնիվ, խնդիրը ադրբեջանական կողմի համար պետք է ունենա ռազմական լուծում, այդ դեպքում որեւէ բանակցություն արդյունավետ լինել չի կարող՝ առանց 1994-95թթ. համաձայնագրով գործող անժամկետ հրադադարի ռեժիմի պահպանման:
 
- Մինսկի խմբում ՌԴ համանախագահ Իգոր Պոպովը նախօրեին տված հարցազրույցում նշել էր, թե ԼՂ հակամ րտության կարգավորմանորոշակի փուլում, օրինակ, շրջանակային համաձայնության հասնելուցհետո, հաշվի կառնվի նաեւ Լեռնային Ղարաբաղի մասնակցությանհնարավորությունը բանակցային գործընթացին: Իսկ ճիշտ չի՞ լինի, որ հենցայս փուլում Հայաստանը պնդի բանակցություններին ԼՂՀ-ի վերադարձը:
 
- Եթե Հայաստանը չի համաձայնվում ինչ-որ խնդիրների շուրջ, պարզ է, որ ԼՂՀ-ի համար այն հատկապես ընդունելի լինել չի կարող: Հետեւաբար խնդիրն այն է, որ եթե Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ինչ-որ ժամանակ հետո ծնվի համաձայնեցված փաստաթուղթ, Լեռնային Ղարաբաղին անպատճառ պաշտոնապես պետք է հրավիրեն բանակցային սեղանի շուրջ եւ հարցնեն: Ես ափսոսում եմ, որ ԼՂՀ-ն պաշտոնական բանակցություններից դուրս է մնացել, բայց այսօր մենք պետք է կարողանանք նաեւ բանակցային ձեւաչափը պահել: Միեւնույն ժամանակ միշտ ասվել եւ ասվում է, որ առանց պաշտոնական Ստեփանակերտի՝ վերջնական համաձայնություն չի կարող լինել: Դա նշանակում է, ինչ-որ մի փուլից անհրաժեշտություն է առաջանալու, որ ԼՂՀ-ն որպես կողմ հրավիրվի բանակցային սեղանի շուրջ: Հետեւաբար, ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի՝ որպես կոնֆլիկտի երկու առանձին կողմերի միջեւ, վաղ թե ուշ պաշտոնական երկխոսություն պետք է կայանա, որտեղ ԼՂՀ-ն կարող է իր համաձայնությունը կամ առարկությունը պաշտոնապես արտահայտել: Իսկ այսօր համանախագահների բազմաթիվ այցելությունները Ստեփանակերտ, տեղեկատվությունն ու իրավիճակի նկարագրությունը, տեսակետների փոխանակումը արդեն դե ֆակտո խոսում է այն մասին, որ ԼՂՀ-ն բանակցությունների գործընթացի անբաժանելի կողմ է:
 
- Պարոն Զաքարյան, Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանն օրեր առաջհայտարարել է, թե պատրաստվում է երկրի կառավարությանն ուխորհրդարանին կոչ անել պաշտոնապես ճանաչել 1915-1918թթ.Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունը։ Սակարելի՞ է համարել Եվրոպայում դոմինանտ երկիր Գերմանիայիխորհրդարանի կողմից Ցեղասպանության ճանաչման հետեւանքը:
 
- Կարծում եմ՝ ԵՄ տարածքում արդեն Թուրքիայի պահվածքն ու անհանդուրժելի եւ ոչ ցիվիլ քաղաքականությունն աստիճանաբար այդ երկրի նկատմամբ որոշակի վերաբերմունքի է բերում: Դրանից զատ եվրոպական երկրների մեծ մասի օրակարգում միշտ արդիական են եղել ցեղասպանությունների դեմ պայքարի եւ մարդու իրավունքների համատեքստում հնարավոր սպառնալիքների ու ցեղասպանության կանխարգելման գործողությունները: Այսօրվա աշխարհում սպառնալիքների աճին զուգահեռ անհրաժեշտություն է առաջանում նաեւ դատապարտման միջոցով նոր ցեղասպանությունների կանխարգելում իրականացնել: Եվ սա շատ բնական հարցադրում է այն պետությունների համար, որոնք դեռ չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս համատեքստում, բնականաբար, Չեխիայի նախագահի հայտարարությունը համարվում է ժամանակին համահունչ գործողություն, եւ շատ ողջունելի կլինի, որ մեր բարեկամ պետությունն իր խորհրդարանում սկսի համապատասխան գործընթաց:
 
- Իսկ կա՞ն եվրոպական այլ երկրներ, որոնք կարող է հետեւենԳերմանիայի օրինակին: Այդ ուղղությամբ կա՞ն ներքին քննարկումներ:
 
- Աշխատանքներ այդ ուղղությամբ տարվում են, եւ դա նոր չէ: Կարծում եմ, առաջիկայում էլի ականատես կլինենք, որ տարբեր երկրներ ճանաչման գործընթացներ սկսեն: Հատկապես որ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը ոչ թե հայ ժողովրդին ուղղված բարոյական աջակցության քայլ է, այլեւ ժամանակակից մարդկության ու քաղաքակիրթ աշխարհի անվտանգության միջավայրի ապահովման եւ հետագա ցեղասպանությունների կանխարգելման ռեալ հարց է:
 
- Այդպիսով, կարելի՞ է ասել, որ Եվրոպան ինչ-որ տեղ այդ հարցնօգտագործում է Թուրքիայի դեմ իր շահերը պաշտպանելու համար:
 
- Ես խնդիրն այդ տեսանկյունից չեմ դիտարկում, բայց եւ չեմ բացառում, որ միջպետական հարաբերություններում կարող են լինել խութեր: Մեր կոչը աշխարհին այն է, որ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը՝ բոլորս կանխարգելում ենք դրա կրկնությունը որեւէ այլ ժողովրդի, կրոնական փոքրամասնության կամ էթնիկ խմբի նկատմամբ:
 
- Սպասելի էր, որ Թուրքիան բուռն կարձագանքի Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ընդունման փաստին: Չե՞ք կարծում, որ այդ երկիրը կանի նաեւ հակադարձ քայլեր: Ինչպես, օրինակ, հայտարարում է,որ Թուրքիայից կվտարի ՀՀ քաղաքացիներին կամ ԼՂՀ հակամարտության հարցում Ադրբեջանին ավելի ագրեսիվ աջակցություն կցուցաբերի:
 
- Թուրքիան միշտ էլ կոշտ դիրքերի մեջ է եղել, դեռ 2009թ. սկսած այդ երկրի գործողությունների մեջ միշտ էլ եղել են սպառնալիքներ, ապակառուցողական մոտեցումներ: Այսօր Գերմանիայի պատգամավորների նկատմամբ հնչեցված սպառնալիքները ցույց են տալիս Թուրքիայի իրական դեմքը: Եվ դա օր առաջ քաղաքակիրթ աշխարհին պարտավորեցնում է, որ այդ երկրի հետ իր հարաբերություններում շատ խնդիրներ վերանայի: Իսկ այն, ինչ տեղի է ունենում այդ երկրում, նշանակում է խոսքի իրավունքի, մարդկանց ազատությունների եւ մարդու իրավունքների ոտնահարում: Դա նշանակում է անհարգալից վերաբերմունք մի պետության խորհրդարանի նկատմամբ, որի կայացրած որոշումը պարզ ճշմարտություն է եւ որի վերաբերյալ աղաղակում են աշխարհի բոլոր արխիվները, պատմական նյութերն ու գիտական աշխատությունները, որի մասին անթաքույց խոսում են հենց ազգությամբ թուրք գիտնականներն ու ցեղասպանագետները:
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play