Արևմտյան Հայաստանում վերահայեցման գործընթացի խոչընդոտողը Կ. Պոլսի պատրարքի փոխանորդ Արամ Աթեշյանն է. Սարգիս Հացպանյան(տեսանյութ)


Արևմտյան Հայաստանում վերահայեցման գործընթացի խոչընդոտողը Կ. Պոլսի պատրարքի փոխանորդ Արամ Աթեշյանն է. Սարգիս Հացպանյան(տեսանյութ)

  • 09-06-2016 18:55:21   | Հայաստան  |  Հասարակություն



Թուրքիայի հանրապետությունում վերահայեցման գործընթացի առաջին խանգարողը հենց Կոստանդնոպոլսի պատրիարքի փոխանորդ Արթին Ադեշը կամ ինչպես անվանափոխությունից հետո կոչում են նրան Արամ Աթեշյանն է, հետևաբար նրա կողմից Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծի դատապարտումը բնավ էլ զարմանալի չէ: Այս մասին «Նոյյան Տապանի» մամլո սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան Սարգիս Հացպանյանը: 
 
Ըստ նրա, Ա. Աթեշյանին ոչ ոք թուրքական իշխանություններից չի ստիպել հայության անունից նամակ գրել և դատապարտել Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծը, իսկ Ա. Աթեշյանին  պաշտպանելու պատրվակով որոշ հոգևորականների հայտարարություններն այն մասին, թե Թուրքիայի հանրապետությունում գործելը հայ հոգևորականի համար կրակե շապիկ հագնելու պես մի բան է, չեն համապատասխանում իրականությանը:
 
«Այս ամենն անհեթեթություն է, Թուրքիայում ոչ ոք կրակե շապիկ չի հագել, միակ մարդը, ով այդ շապիկը կրում էր Հրանտ Դինքն էր, ում սպանեցին»,- նշեց Ս. Հացպանյանը` հավելելով, որ Կ. Պոլսի այժմյա պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը, ով  ութ տարի է, ինչ կորցրել է հիշողությունը, Թուրքիայի դատական իշխանությունների կողմից անգործունակ է ճանաչվել, սակայն Թուրքիայի իշխանություններն արհեստականորեն ձգձգում են Պոլսո հայոց նոր պատրիարքի ընտրություններ անցկացնելու գոործընթացը, քանի որ վերջինիս ձեռնտու է Ա. Աթեշյանի հակահայ և քծնող դիրքորոշումը: 
 
Բանախոսի պնդմամբ` Թուրքիայի մի շարք քաղաքների հայկական եկեղեցիներ հոգևոր առաջնորդներ չունեն, ինչի պատճառով  տարիներ շարունակ ամբողջ արևմտահայությունը և տվյալ քաղաքների միութենական կազմակերպությունները խնդրում են Պոլսո պատրարքարանին եկեղեցիներում հոգևոր հովիվ նշանակի, սակայն մինչ այժմ այս խնդրին որևէ ուշադրություն չի դարձվում: «Ինձ զանգահարեցին Արևմտյան Հայաստանում ամենաշատ դավանափոխ եղած հայերի Ադիաման քաղաքից և տեղեկացնրեցին, որ իրենք ցանկանում են իրենց երեխաներին կնքել, սակայն Ա. Աթեշյանն ասում է` թող գնան ասորական եկեղեցում կնքվեն. ապշելու բան է, ինչպես կարող է հայը տանել իր երեխային ասորական եկեղեցում կնքել»,- նշեց Ս. Հացպանյանը` հավելելով, որ չնայած իր տված խոստմանը, Ա. Աթեշյանն անգամ իր դավանափոխ եղած քրոջը չի մկրտում:
 
Ս. Հացպանյանի համոզմամբ, Թուրքիայի իշխանությունները վաղ թե ուշ պետք է նշանակեն Պոլսո հայոց պատրարքի ընտրություններն անցկացնելու օրը, սակայն Ա. Աթեշչյանը Թուրքիայի իշխանություններին քծնելով` ցանկանում է գեթ մեկ ժամով ավելացնել Պոլսի հայոց պատրարքի աթոռին մնալը: «Ա. Աթեշչյանը վախենում է ընտրություններից, քանի որ շատ լավ գիտի, այդ դեպքում նա ոչ մի քվե չի ստանալու հայ համայնքի կողմից»,-նշեց Ս. Հացպանյանը: 
 
Փորձագետի հավաստմամբ, Պոլսո պատրարքի աթոռը բռնազավթելուց հետո, Ա. Աթեշյանը Բոսֆորի ափի ամենենաթանկ հատվածում` Բեյկող կոչվող թաղամասում Հայոց պատրարքարանին պատկանող 45 հազար քառակուսի մետր կալվածքն առ ու ծախի է ենթարկել և մինչև այժմ հայտնի չէ, թե ովքեր են նոր սեփականատերերը: Ս. Հացպանյանը տեղեկացրեց նաև, որ  Ա. Աթեշյանն ամիսներ առաջ Կ. Պոլսում 550 հազար ԱՄՆ դոլարին համարժեք թուրքական լիրայով բնակարան է գնել այն դեպքում, երբ իր աշխատավարձը չի կարող նրան նման շքեղություն թույլ տալ: 
«Ա. Աթեշյանը պատրարքարանում ընդունել է «Ֆաշիստ ազգային կուսակցության» առաջնորդներին, որոնցից մեկը` Հասան Օքթային, այցելել է Հայաստան, հանդիպել Գարեգին 2-րդի և վարչապետի հետ հենց Ա. Աթեշյանի միջնորդությամբ. Մի մարդու, ով ատում է հայերին, ով ուզում է, որ Հայաստանը վերանա աշխարհի երեսից, Արամ Աթեշյանն իր լավագույն բարեկամներից մեկն է համարում»,- տեղեկացրեց Ս. Հացպանյանը` ընդգծելով, որ Թուրքիայում հնարավոր չէ գտնել մեկ հայի, ով կկրկնի այն, ինչ ասել է պատրարքի փոխանոդը:
 
Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի քայլերը համեմատելով Կ. Պոլսի պատրիարք ամենապատիվ Տ. Շնորհք արքեպիսկոպոս Գալուստյանի հայանպաստ գործունեության հետ, Ս. Հացպանյանը հիշեցրեց, որ դեռևս 1978 թվականին, երբ Հայաստանում նոր էին սկսվել ազատագրական մարտերը, Շնորհ պատրիարքը Կոստանդնոպոլսում մամլո ասուլիսի ընթացքում խոսում էր միայն հայերեն` պատճառաբանելով, թե ներկայացնում է իր համայնքը, իր հոտը և լինելով հայ, նա պարտավոր է հայերեն խոսել: Թուրք լրագրողների հարցին ի պատասխան, արդյոք վերջինս ճանաչում է հայոց ցեղասպանությունը, Տ. Շնորհք արքեպիսկոպոս Գալուստյանը պատասխանել էր` օրինակ բերելով իր անհետ կորած ընտանիքի անդամներին և կոչ անելով թուրք լրագրողներին օգնել իրեն գտնել իր հարազատներին, որպեսզի ինքը ևս ընտանիք ունենա: Ս. Հացպանյանի գնահատմամբ, նման պատրիարքից հետո, Պոլսո Պատրիարքության միաբան Արամ Աթեշյանի կեցվածքը խայտառակություն է: «Նման կեցվածք Կ. Պոլսի ոչ մի հայորդու, այն էլ Պոլսո պատրարքարանի հոգևորականի կողմից ես չէի սպասում. ես դատապարտում եմ այս արարքը»: 
 
 
 
Սառա Մելքոնյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play