Վայոց Ձորի կենսաբազմազանությամբ հարուստ բնաշխարհում անցկացվեց էկոտուրիզմի առաջին փառատոնը (տեսանյութ եւ ֆոտոշարք)


Վայոց Ձորի կենսաբազմազանությամբ հարուստ բնաշխարհում անցկացվեց էկոտուրիզմի առաջին փառատոնը (տեսանյութ եւ ֆոտոշարք)

  • 09-06-2016 16:32:36   | Հայաստան  |  Ականատեսի աչքերով



Հայաստանում էկոզբոսաշրջությունը զարգացնելու նպատակով օրերս Վայոց Ձորի Գոմք և Մարտիրոս համայնքներում անցկացվեց էկոտուրիզմի առաջին փառատոնը:  Շատերի համար դեռևս անհայտ այս երկու կենսաբազմազանությամբ հարուստ բնակավայրերում փառատոնի մասնակիցները բացառիկ հնարավորություն ունեցան մասնակցելու ամենատարբեր միջոցառումների` սիրողական հեծանվային մրցումներից մինչև էկոերթուղիներով քայլարշավներ, ձիարշավներ, ժայռամագլցումներ և գյուղատնտեսական արտադրանքի ցուցահանդես-վաճառք: 
 
Երկօրյա աննախադեպ փառատոնի շուրջ 400-ից ավելի հյուրերին ու գյուղացիներին համախմբել էին  «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» և «Ջերմուկի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունները:  
Ավելի վաղ, «Նոյյան Տապանի» մամլո սրահում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում  «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» Հասարակական կազմակերպության փոխնախագահ Սարգիս Աղայանը նշել էր, որ փառատոնի նպատակն է այդ կերպ զբոսաշրջային մեծ հոսք ուղղել այդ համայնքներ` հնարավորություն ստեղծելով տեղաբնիկների համար զբոսաշրջությունից որոշակի ֆինանսական եկամուտներ ունենալ: 
255 բնակչից բաղկացած գյուղի համայնքապետի խոսքերով` փառատոնի հաջողված լինելուց և արդյունքներից է կախված նաև Գոմք բերող ճանապարահատվածի վերանորոգման հարցի լուծումը: 
Կազմակերպիչները հույս ունեն, որ առաջին անգամ անցկացվող փառատոնը կդառնա ավանդական և կունենա լայն տարածում`  ընդգրկելով ինչպես տեղի, այնպես էլ օտարերկրյա զբոսաշրջիկներին: 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
Տեսանյութը և ֆոտոշարքը` «Նոյյան Տապան»-ի
 
Նոյյան տապան  -   Ականատեսի աչքերով