Ապրիլյան պատերազմը տապալեց ռուս-ադրբեջանական «տարածքներ ռուս խաղաղապահների դիմաց» ծրագիրը


Ապրիլյան պատերազմը տապալեց ռուս-ադրբեջանական «տարածքներ ռուս խաղաղապահների դիմաց» ծրագիրը

  • 10-06-2016 16:56:15   | Հայաստան  |  Վերլուծություն
Երեկ ՌԴ ԱԳՆ-ն հաղորդագրություն էր տարածել փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի եւ ՌԴ-ում Ֆրանսիայի դեսպանի հանդիպման մասին, որին մասնակցել է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Պիեռ Անդրիոն:
 
ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ նշվում էր, որ քննարկվել է Սանկտ-Պետերբուրգում Արցախի հակամարտության հարցով եռակողմ Վեհաժողովի նախապատրաստման հարցը:
Ավելի ուշ, սակայն, ՌԴ ԱԳՆ-ն խմբագրել էր այդ հանդիպման վերաբերյալ հաղորդագրությունը` դրանից հեռացնելով Վեհաժողովի նախապատրաստման մասին տեղեկատվությունը:
Ի՞նչ է սա, տեղեկատվական սադրա՞նք, թե Ռուսաստանի փորձը՝ կրկին ստանձնելու Ղարաբաղյան կարգավորման «մենաշնորհը»:
Ապրիլյան պատերազմից հետո հայկական կողմը բանակցությունների վերսկսման պայման էր դրել մասնավորապես շփման գծում հետաքննության մեխանիզմների ներդրումը: Վիեննայում, ըստ պաշտոնական հաղորդագրության, այդ պայմանավորվածությունը ձեռք է բերվել, եւ Մինսկի խմբի համանախագահները կողմերին են փոխանցել մի փաստաթուղթ, որը վերաբերվում է հենց այդ մեխանիզմների ներդրմանը:
Հայաստանը կողմ է այդ մեխանիզմներին, Ադրբեջանը սակայն փորձում է ամեն կերպ տորպեդահարել դրանց տեղակայումը: Դա հասկանալի է, քանի որ այդ դեպքում Ադրբեջանը կզրկվի Ղարաբաղյան գործընթացում իր միակ լծակից՝ ռազմական դիվանագիտությունից ու իրավիճակը պարբերաբար լարելուց:
Բաքուն բացահայտ չի հրաժարվում, սակայն մշտապես ինչ որ պայմաններ է առաջադրում, որոնք վերաբերվում են այդ մեխանիզմների տեղակայման «աշխարհագրությանը»: Մասնավորապես, Գերմանիայում Ալիեւը հայտարարել է, որ ստատուս-քվոն անընդունելի է, եւ հայկական ուժերը պետք է դուրս բերվեն որոշակի շրջաններից:
Գերմանիայում Մերկելի հետ ասուլիսի ժամանակ Ալիեւը հայտարարեց, որ Ռուսաստանն Ադրբեջանի ռազմավարական գործընկերն է եւ կառուցողական դեր է խաղում Ղարաբաղյան հարցում: Ալիեւն այդպիսով Ռուսաստանի օգնությունն էր ակնկալում ԵԱՀԿ մեխանիզմների տորպեդահարման հարցում:
Ալիեւի հայտարարությունից անմիջապես հետո հարցազրույց տվեց ռուս համանախագահ Իգոր Պոպովը, ով փաստացի բացառեց Ղարաբաղի մասնակցությունը բանակցություններին: Նա նաեւ հայտարարեց, թե սպասում են ԵԱՀԿ մեխանիզմների ներդրման վերաբերյալ կողմերի եզրակացություններին:
Ալիեւի այս կոչից հետո Մոսկվայում տեղի ունեցավ վերոհիշյալ հանդիպումը, որից հետո էլ տարածվեց այդ հաղորդագրությունը:
Ապրիլյան պատերազմը տապալեց ռուս-ադրբեջանական «տարածքներ ռուս խաղաղապահների դիմաց» ծրագիրը: ԵԱՀԿ մեխանիզմների ներդրումը փաստացի փակում է այս հնարավորությունը, որը սահմանափակում է Ռուսաստանի քաղաքականությունը թե Ղարաբաղի հարցում, թե Հարավային Կովկասում ընդհանրապես:
Ապրիլյան պատերազմից հետո Ռուսաստանն ու Ադրբեջանն այս իմաստով հայտնվել են բավական բարդ իրավիճակում, երբ այդ մեխանիզմների ներդրումը նրանց ներկայիս քաղաքականության վերջը կարող է դառնալ: Բացի այդ՝ Հայաստանում ու հատկապես Արցախում լիովին փոխվել են տրամադրությունները, ուժեղացել է անզիջում դիրքորոշումը, չնայած ՀՀ իշխանությունների՝ խնդիրը կրկին Ռուսաստանի «մենաշնորհին» վերադարձնելուն ուղղված քայլերին:
Ռուսաստանն ու Ադրբեջանն ակնհայտորեն հետ չեն կանգնելու իրենց մտադրություններից ու փորձելու են ամեն կերպ խոչընդոտել հետաքննության մեխանիզմների ներդրմանը: Հայաստանը պետք է պատրաստ լինի ցանկացած սադրանքի եւ իրադարձությունների ցանկացած զարգացման: Ապրիլյան պատերազմից հետո Հայաստանի հնարավորություններն այս ուղղությամբ մեծացել են:
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play