8 մլն դրամ «Տաշիրի» կողմից՝ բոլոր մանկատների շրջանավարտներին


8 մլն դրամ «Տաշիրի» կողմից՝ բոլոր մանկատների շրջանավարտներին

  • 15-06-2016 15:40:49   | Հայաստան  |  Բարեգործություն

 
 
Հայաստանի բոլոր մանկատների 2015-16 ուսումնական տարվա բոլոր 40 շրջանավարտները «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից գումարային պարգևատրման արժանացան՝ ընդհանուր առմամբ 8 մլն դրամի չափով:
 
Ամեն տարի տասնյակ հազարավոր երիտասարդներ ավարտում են դպրոցն ու ոտք դնում նոր կյանքի շեմին: Նրանք տարբեր են՝ թե որպես անհատներ, թե սոցալական ծագումով, թե ընտրած ճանապարհով: Բայց կան երեխաներ, որոնք գոնե մի հարցում ճակատագրով նույնն են: Նրանք մանկատների սաներն են, երեխաներ, որոնց մանկության մոլորակն այնքան անաղարտ չի եղել, որքան իրենց բազմահազար այլ հասակակիցներինը, որքան էլ ջերմությամբ ու հոգատարությամբ շրջապատված լինեն մանկատների պատերից ներս: Եվ ավարտելուց հետո էլ նրանցից շատերի ապագան հաճախ մշուշոտ է ցավոք: Ուստի երևի թե առաջին հերթին հենց նրանք ունեն յուրաքանչյուրիս կարիքը: Այդ իսկ պատճառով Կարապետյանների ընտանիքի նախաձեռնությամբ արդեն ինը տարի շարունակ Հայաստանի բոլոր մանկատների բոլոր շրջանավարտների անուններով բացվում են հաշվեհամարներ, որոնց համաչափորեն ուստարվա ընթացքում բաշխվում է ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի աշխատավարձը: Ուստարվա վերջում որոշակի գումար հավելվում է «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից:
Այս ուստարվա մանկատների շրջանավարտներն իրենց գումարներն ստացան «Տաշիր սթրիթ» սրճարանում: Հիմնադրամի ներկայացուցիչները նշեցին, որ տարիներ շարունակ իրականացվող այս ծրագիրը նպատակ ունի իրենց ինքնուրույն կյանքի առաջին քայլերում հնարավորինս աջակցել այս պատանիներին, ինչը ֆինանսականից զատ նաև հոգեբանական նշանակություն ունի, քանզի նրանք գիտակցում են, որ ի դեմս Կարապետյանների ընտանիքի, իրենք նեցուկ ու աջակից ունեն, որ իրենք միայնակ չեն կյանքի դժվարություններին դեմ հանդիման:
Հիմնադրամի ներկայացուցիչները նաև տեղեկացրեցին, որ ինչպես նախորդ տարիներին, այսուհետ ևս իրենք հետևելու են մանկատների սաների կյանքի ընթացքին, ու եթե կլինեն բարձր առաջադիմությամբ բուհերում սովորողներ, ովքեր դժվարություններ կունենան ուսման վարձի հետ կապված, Կարապետյանների ընտանիքի կողմից դարձյալ աջակցություն կստանան:
Ի դեպ, միջոցառմանը մասնակցում էին նաև տարիներ առաջ այս ծրագրից օգտված երիտասարդներ, ովքեր այսօր ուսանող են, աշխատում են, մի խոսքով, կյանքում գտել են իրենց ուրույն տեղը: Նրանք հիշում էին այն օրերը, երբ իրենք էլ ստացան իրենց քարտերը Կարապետյանների կողմից:
Այնուհետ մանկատների երեխաները ջերմ ու անմիջական մթնոլորտում անցած ճաշի ընթացքում շփվեցին միմյանց ու հիմնադրամի ներկայացուցիչների հետ, նոր ծանոթություններ հաստատեցին և վերադարձան՝ պատրաստվելու հաջորդ քննություններին:
 
«Տաշիր» բարեգործական հիմնադրամի մամուլի ծառայություն
 
Նոյյան տապան  -   Բարեգործություն