Երևանում անցկացվելու է «Անվտանգ հղիություն, առողջ մանկություն» խորագրով «Կոալա» փառատոնը (տեսանյութ)
16-06-2016 12:49:10 | Հայաստան | Հասարակություն
Երևանում առաջին անգամ հունիսի 18-19-ն անցկացվելու է հղի կանանց և մանուկների առողջության պահպանման և այլ խնդիրներին նվիրված «Կոալա» փառատոնը:
Ինչպես հունիսի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց փառատոնի հեղինակ, «Ինդիգո» մանկական ակումբի հիմնադիր Իրինա Փահլևանյանը, «Անվտանգ հղիություն, առողջ մանկություն» խորագրով փառատոնն անցկացվելու է Հայաստանի նկարիչների միությունում, իսկ նպատակն է աջակցել ապագա մայրերին և երիտասարդ ծնողներին գտնել առաջնային հարցերի լուծումներ ընտանիքի պլանավորման, երեխայի ծննդի, խնամքի և դաստիարակության վերաբերյալ:
Ըստ նրա` փառատոնի գաղափարը վաղուց է առաջացել, սակայն հաջողվել է այս տարի կյանքի կոչել:
«Նպատակն է ստեղծել մի հարթակ, որտեղ տարբեր ոլորտի մասնագետներն ու փորձագետներն իրենց խորհուրդներով և փորձով կաջակցեն նորաստեղծ ընտանիքներին և երիտասարդ ծնողներին»,- ասաց նա` հավելելով, որ փառատոնի շրջանակներում գործելու է շուկայում առկա մանուկներին ուղղված տարբեր կազմակերպությունների ապրանքների ցուցահանդես-վաճառք:
Ի. Փահլևանյանի փոխանցմամբ` «Անվտանգ հղիություն, առողջ մանկություն» փառատոնի շրջանակներում ծնողներին կընձեռնվի բացառիկ հնարավորություն ստանալ խորհրդատվութուն մանկաբարձության, մանկաբուժության, սննդաբանության, ատամնաբուժության, հոգեբանության և այլ բնագավառների առաջատար մասնագետներից, մասնակցել նորածնի առաջնային խնամքի, հիգիենայի պահպանման վերաբերյալ և հղիների յոգայի վարպետության դասի, լսել պորտալարի միջոցով ցողունային բջիջների պահպանման, ճիշտ սնվելու և կերակրելու, երեխայի դաստիարակման նրբությունների, խոսքի զարգացման և այլ կարևոր թեմաների մասին:
Ի դեպ` փառատոնին մասնակցել ցանկացող ծնողները և հատկապես մայրերը կարող են Հայաստանի նկարիչների միություն այցելել իրենց փոքրիկների հետ. Վերջիններիս համար փառատոնի մեկ այլ աջակից, «Մեգա թոյս» խաղալիքների մասնագիտացված խանութ-սրահը ստեղծել է հատուկ անկյուն երեխաներին զբաղեցնելու և զվարճացնելու համար: Ամբողջ օրվա ընթացքում անցկացվելու են նաև մրցույթներ, ֆոտոսեսիաներ, վարպետության դասեր և պարզապես կատարել շահավետ գնումներ տեղում:
Հղի կանանց և մանուկների փառատոնին իր աջակցություն է ցուցաբերել նաև Միավորված ազգերի կազմակերպության Մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ):
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Սարգսյանի խոսքերով` փառատոնը մայրանալ պատրաստվող կանանց և երիտասարդ մայերի համար հանդիսանում է երեխաների հետ կապված տեղեկատվություն ստանալու այլընտրանքային աղբյուր:
Ըստ նրա` երեխայի սնուցման ոլորտում կան ինչպես ձեռքբերումներ, այնպես էլ չլուծված հիմնախնդիրներ, որոնցից են սոցիալ-տնտեսական վատ պայմաններով, ոչ ճիշտ սննդի օգտագործմամբ , ինչպես նաև մայերի ոչ բավարար գիտելիքներ ունենալու համգամանքներով պայմանավորված երեխաների թերաճը կամ գերաճը:
«Հույս ունենք այս փառատոնի և նմանատիպ այլ միջոցառումների միջոցով նախևառաջ բարձրացնել մայրիկների իրազեկվածության մակարդակը և ավելացնել համապատասխան գիտելիքների պաշարը»,- ընդգծեց Զ. Սարգսյանը:
Փառատոնի օրակարգին և մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ