Կիրականացվի Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի վերականգնման և բարելավման ծրագիրը


Կիրականացվի Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի վերականգնման և բարելավման ծրագիրը

  • 16-06-2016 15:00:56   | Հայաստան  |  Տնտեսություն

Կառավարությունն ընդունել է «Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման  միջպետական  ճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակում հաղորդակցուղիների տեղափոխման նախագծային աշխատանքների և տեխնիկական հսկողության ծառայության գնման գործընթացներ կազմակերպելու մասին» որոշում:
 
Ըստ հիմնավորման՝ ներկայում նախապատրաստվում է Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի վերականգնման և բարելավման ծրագիրը, որի նպատակն է հիմնանորոգել և արդիականացնել Հայաստանի Հանրապետությունը Վրաստանի հետ կապող Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման շուրջ 90 կմ ընդհանուր երկարությամբ հիմնական տարանցիկ մայրուղին:  Նախնական գնահատմամբ  ծրագրի համար վարկային ներդրումները կկազմեն 102 մլն եվրո: Ծրագիրը ֆինանսավորվելու է Եվրոպական ներդրումային բանկի և Ասիական զարգացման բանկի կողմից: Ծրագրի շրջանակում նախատեսվում է շինարարական աշխատանքներն  իրականացնել շուրջ 36 ամիս՝ 2017-2020թթ. ընթացքում: Ճանապարհի վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերը մշակել է իտալական «Լոտտի Ինժեներիա» կազմակերպությունը՝ վերջինիս և Եվրոպական ներդրումային բանկի միջև կնքված պայմանագրի համաձայն: Կազմված նախագիծը ներառում է միայն ճանապարհահատվածի՝ ներառյալ կամուրջների, թունելների վերականգնման աշխատանքները, սակայն ճանապարհին առկա հաղորդակցուղիների (գազատար, կապի մալուղ, ջրագիծ) տեղափոխման  աշխատանքների վերաբերյալ նախագծանախահաշվային փաստաթղթեր չեն մշակվել: Ելնելով դրանից՝ ծրագրի գնումների պլանում նախատեսվել է հաղորդակցուղիների տեղափոխման նախագծման, շինարարական աշխատանքների և տեխնիկական հսկողության ծառայությունների գնումները: Որոշմամբ նախատեսվում է գնումները կազմակերպել «Գնումների մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիման վրա՝ գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու միջոցով բանակցային  ընթացակարգով: Ըստ ՀՀ Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության մամլո հաղորդագրության, ըստ այդմ՝  հնարավոր կլինի ճանապարհի շինաշխատանքներին  զուգընթաց իրականացնել ճանապարհին առկա հաղորդակցուղիների տեղափոխման աշխատանքներն՝ ապահովելով նաև պատշաճ տեխնիկական հսկողություն շինարարության ընթացքում:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն