ԴիջիԹեք բիզնես ֆորումն այս տարի առանձնահատուկ էր մասնագիտական քննարկումների ակտիվությամբ


ԴիջիԹեք բիզնես ֆորումն այս տարի առանձնահատուկ էր մասնագիտական քննարկումների ակտիվությամբ

  • 24-06-2016 12:46:04   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Նախորդ շաբաթ՝ «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում կայացած երկօրյա ԴիջիԹեք բիզնես ֆորումն այս տարի առանձնահատուկ էր պետական բարձրաստիճան պաշտոնյաների, ՏՏ և տնտեսության այլ ճյուղերի ներկայացուցիչների ակտիվ մասնակցությամբ, թեմատիկ քննարկումների ակտիվությամբ և արդյունավետությամբ: Թեմատիկ քննարկումներին ընդհանուր թվով ներգրավված են եղել 900-1000 մասնակից:
 
9-րդ ամենամյա ԴիջիԹեք բիզնես ֆորումի առանցքում այս տարի եղել են  բացառապես թեմատիկ քննարկումներ տեղեկատվական տեխնոլոգիաների  և ՀՀ տնտեսության այլ ճյուղերի համագործակցության շուրջ:  Ի տարբերություն նախորդների՝ այս տարի բիզնես ֆորումում ՏՏ լուծումների ցուցահանդեսային մաս նախատեսված չէր (տարածքի սղության պատճառով):
Բիզնես ֆորումի շրջանակում անցկացվող Ռազմարդյունաբերական համալիրի և ՏՏ ոլորտի համագործակցության ձևաչափի քննարկմանը  մասնակցել են տեխնոլոգիական ոլորտի և ԶՈւ ներկայացուցիչներ: Միությունը  ֆորումի մասնակիցներին ներկայացրել է ռազմարդյունաբերության և տեխնոլոգիական ոլորտի համագործակցության միջնաժամկետ ծրագիր, որտեղ մասնավորապես  նշվել է հանրակրթական համակարգում նախնական ռազմական պատրաստվածության խորացված ուսուցման, ՀՊՃՀ-ում կրթական, գիտահետազոտական խնդիրների և ԶՈւ խնդիրների համապատասխանեցման, ռազմական ինկուբատորների ստեղծման, ռազմարդյունաբերության գնումների համակարգերի արդիականացման, ռազմարդյունաբերության բնագավառի գաղտնիության և անվտանգության ենթակառուցվածքի արդիականացման, ռազմարդյունաբերական արտադրանքի  տեխնոլոգիական  և  արտադրական պրոցեսների խիստ գաղտնիության ապահովման, տեղեկատվական արտահոսքի անթուլատրելիության, ռազմարդյունաբերությունը որպես տնտեսության գերակա ճյուղ հայտարարելու, ռազմական արտադրանքի արտահանման ուղղորդվածության և այլ հիմնախնդիրենրի մասին: ԴիջիԹեք բիսնես ֆորումի քննարկման արդյունքում մասնակիցները որոշել են նշված ծրագիրը ներկայացնել ՀՀ պաշտպանության նախարարությանը և խնդրել համապաստախան ստորաբաժանումներին՝ քննարկել ու ապահովել համագործակցություն նշված հարցերի շուրջ: 
Ստեղծված ռազմաքաղական իրավիճակում, առանձնահատուկ կարևորելով կիբեր անվտանգություն մարտահրավերներն ու լուծումները, մասնագետները քննարկել են նաև ոլորտի սպառնալիքների հանրային իրազեկման, օֆլայն (առանց կապուղիների) Հայաստանի, էլեկտրոնային կառավարման համակարգում մուտքի և արտոնությունների կառավարման, բաց աղբյուրներից ստացած հետախուզական տվյալների վերուլուծության և այլ խնդիրներ:
ԴիջիԹեք բիզնես ֆորումում ՏՏ և բիզնեսի այլ ճյուղերի ներկայացուցիչները ՏՏ ներդրումային էկոհամակարգի ստեղծման անհրաժեշտության թեմայով անցկացրել են քննարկում ՀՀ Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի մասնակցությամբ: Միջոցառման մասնակիցները քննարկել են մասնավորապես ՏՏ ոլորտի ներդրումային դաշտի ներկա իրավիճակը, ոլորտում ներդրումներ ներգրավելու գրավիչ միջավայրի ստեղծումը և այլ հիմնահարցեր: Էկոնոմիկայի նախարարը իր հերթին նշել է, որ նման հանդիպումներն արդյունավետ են ՏՏ ոլորտին ուղղված ռազմավարություն մշակելիս և ընդգծել է, որ  պատրաստակամ է մշտապես հանդիպումներ անցկացնել ոլորտի ներկայացուցիչների հետ առկա հիմնախնդիրները քննարկելու համար: 
Էլեկտրոնային կառավարմանը նվիրված քննարկմանը հատկապես  մեծ ուշադրություն է դարձվել Հայաստանում գործող էլեկտրոնային կառավարման համակարգերին, էլ. կառավարման ոլորտում ՀՀ-ում գործող նորարար լուծումներին և էլ. կառավարման լուծումների արտահանման հնարավորություններին (Եթովպիա, Եվրոպական տնտեսական հանձնաժողով):
ՏՏ և բանկային ոլորրտի ներկայացուցիչները բարձրաձայնել են նաև ֆինանսաբանկային ոլորտի, նոր սերնդի բանկային համակարգի, վերջինիս կիրառության կարևորության հիմնախնդիրների մասին:  
Հայաստանում սկսնակ ձեռներեցների և երիտասարդ գործարարների հիմնախնդիրներին նվիրած թեմատիկ քննարկանը անդրադարձ է կատարվել Հայաստանում բիզնես սկսելու նախադրյալներին, նոր համագործակցությունների ու գործընկերների ձեռքբերման հնարավորություններին: Քննարկվել են նաև հայրենադարձ գործարարների խնդիրները համապատասխան գերատեսչություններին ներկայացնելու նպատակով:
Միջազգային փորձի ներկայացմանը մասնակցել են Բալկանյան երկրների ներկայացուցիչներ, ովքեր ներկայացրել են ՏՀՏ ոլորտի իրենց փորձը:  
Բիզնես ֆորումի մասնակիցները մեծ հոտաքրքրությամբ քննարկել են նաև Տվյալների կառավարման գիտության անհրաժեշտության ու հանրայացման, ինչպես նաև կրթական ձեռնարկի մշակման հիմնախդիրները: Հատկանշական է, որ այսօր աշխարհում հաշվվում է տվյալների գիտնականների շուրջ 1,5 միլիոն թափուր աշխատատեղ, որը, համապատասխան միջավայր ստեղծելու դեպքում, մեծ հաջողությամբ կարող է համալրվել հայ մասնագետներով:
Դիջիթեք բիզնես ֆորումի շրջանակում ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունը կազմակերպել էր «Մաքուր տեխնոլոգիաների տարածաշրջանային հարթակի ձևավորման հեռանկարները» թեմայով աշխատաժողով: Աշխատաժողովի նպատակն էր քննարկել ԱՊՀ տարածաշրջանում մաքուր տեխնոլոգիաների ընդհանուր հարթակի ստեղծման գաղափարը, որը հնարավորություն կտա տեղական և տարածաշրջանային կազմակերպություններին ներգրավվել տարածաշրջանային և միջազգային ցանցերում, ուսումնասիրել և կիրառել այլ երկրների փորձը նորարարությունների, դրանց կիրառման ոլորտներում: Միևնույն ժամանակ քննարկումները հեռահար նպատակ ունեին ամրապնդել գործընկերային կապերը, ներգրավել ներդրումներ, նախանշել համատեղ ձեռնարկությունների ստեղծման հնաչավորությունները և այլն: Աշխատաժողովի ժամանակ ներկայացվել են ծրագրի մասնակից երկրների (Հայաստան, Բելոռուս, Ղազախստան, Ղրղզստան, Ռուսաստան և Ուկրաինա) հաջողված փորձը, նախանշվեցին նոր գործընկերային կապերը, կարծիքներ փոխանակվեցին տարածաշրջանային և միջազգային համագործակցության վերաբերյալ :
ԴիջիԹեք բիզնես ֆորումի ընթացքում անկացնվել են նաև սեմինարներ բիզնեսի աջակցման ծառայությունների, մարդկային ռեսուսների կառավարման և ռազմավարական մտածողության թեմաներով:
Հավելենք, որ «Խելացի լուծումներ՝ խելացի բիզնեսի համար» խորագիրը կրող ԴիջիԹեք բիզնես ֆորումն անց է կացվում 2008 թ-ից: Բիզնեսի և տեխնոլոգիաների երկխոսության այս առանձնահատուկ ֆորումն ավանդաբար իրականացվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կողմից՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո:
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play