Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Հռոմի Պապն այցելել են Ծիծեռնակաբերդ


Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Հռոմի Պապն այցելել են Ծիծեռնակաբերդ

  • 25-06-2016 13:23:44   | Հայաստան  |  Հասարակություն

 
Հունիսի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Հռոմի Սրբազան Քահանայապետ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապն այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ուր երկու Հովվապետերին դիմավորեցին Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը և առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:
 
Եկեղեցականների թափորը պատվո պահակների առաջնորդությամբ ուղղվեց դեպի Հայոց Ցեղասպանության նահատակների հուշարձան: Հուշակոթող տանող ճանապարհին կանգնած էին մանուկներ Հայոց Ցեղասպանության նահատակների սրբապատկերներով: Ի հիշատակ նահատակների ծաղկեպսակի զետեղումից հետո հնչեց Վատիկանի պետական օրհներգը: 
Այնուհետև անմար կրակի առջև, հանդիսապետությամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ու Հռոմի Ֆրանցիսկոս Պապի, կատարվեց բարեխոսական կարգ, որի ժամանակ հնչեց Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակներին նվիրված «Հրաշացան պակուցմամբ» շարականը, երկու Եկեղեցիների հոգևորականների կողմից ընթերցվեցին սուրբգրային հատվածներ, սաղմոսներ և քարոզներ: 
Արարողությունն ամփոփվեց Հռոմի Ֆրանցիսկոս Պապի աղոթքով, որով Սրբազան Քահանայապետը հայցեց հանուն հավատքի և հայրենյաց իրենց կյանքն ընծայաբերած սուրբ նահատակների բարեխոսությունը հայոց ազգի և համայն աշխարհի համար: Արարողության ավարտին հնչեց հայկական դուդուկ Հայաստանի ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանի, վաստակավոր արտիստներ Գևորգ Դաբաղյանի և Կամո Սեյրանյանի կատարմամբ:
Վերջում ՀՀ Նախագահը և երկու Հովվապետերն այցելեցին Հիշողությունների պուրակ, որտեղ Ֆրանցիսկոս Պապը ջրեց իր անվամբ տնկված մշտադալար եղևնին:
Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցի ավարտին Ֆրանցիսկոս Պապին մոտեցան Հայոց ցեղասպանությունը վերապրածների մի խումբ ժառանգներ, որոնց նախնիները Մեծ Եղեռնի տարիներին Պիուս ԺԱ Պապի որոշմամբ ապաստան էին գտել պապական Կաստել Գանդոլֆո դղյակ-ամառանոցում:
Հռոմի Սրբազան Քահանայապետը նաև գրառում կատարեց պատվո հյուրերի մատյանում. «Այստեղ աղոթում եմ՝ ցավը սրտիս մեջ, որպեսզի այլևս երբեք նման ողբերգություններ, ինչպիսին սա է, չկրկնվեն, որպեսզի մարդկությունը չմոռանա և իմանա չարությանը բարությամբ հաղթել: Թող Աստված պարգևի սիրեցյալ հայ ժողովրդին և ամբողջ աշխարհին խաղաղություն և մխիթարություն: Աստված պահպանի հայ ժողովրդի հիշողությունը: Հիշողությունը չի կարելի ոչ պղտորել, ոչ մոռանալ: Հիշողությունը խաղաղության և ապագայի աղբյուրն է»:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն