Երիտասարդ մասնագետները բացահայտել են աստղագիտության և մշակույթի կապը հայկական լեռնաշխարհում (տեսանյութ)
25-06-2016 20:05:00 | Հայաստան | Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Օրերս Հայաստանում անցկացվեց «Մշակութային աստղագիտությունը հայկական լեռնաշխարհում» գիտաժողովը, որը նվիրված էր աստղագիտական երևույթների արտացոլմանը ժողովուրդների մշակույթի զանազան ոլորտներում:
Երիտասարդ հայ աստղագետները, հնագետները, բանասերները, արվեստագետները և այլ մասնագետներ երեք օր շարունակ իրենց զեկույցներով ներկայացրել են աստղագիտության առնչությունը հասարակական գիտությունների և արվեստի տարբեր ճյուղերի հետ:
Մշակույթի մեջ տիեզերական գիտելիքների կամ աստղագիտության արտացոլումն արդեն մի քանի տասնամյակ է, ինչ առանձնացվել է որպես գիտության ինքնուրույն բնագավառ: Միջազգային գրականության մեջ այս բնագավառն անվանում են նաև «Աստղագիտությունը մշակույթում» կամ «Աստղագիտություն և մշակույթ»: Այս ոլորտին Հայաստանում ուշադրություն սկսել են դարձնել 2007 թվականից:
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ), Հայակական աստղագիտական ընկերության (ՀԱԸ), Բյուրականի աստղադիտարանի, Բյուրական արվեստի ակադեմիայի, ՀՀ Մշակույթի նախարարության և «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի նախաձեռնությամբ անցկացված գիտաժողովի նպատակն է երիտասարդ մասնագետների ժամանակակից գիտելիքների ներկայացման և համատեղ քննարկումների միջոցով մշակել Հայաստանում միջճյուղային գիտությունների, մասնավորապես, մշակութային աստղագիտության հիմնահարցերը` հիմք նախապատրաստելով հետագա հնարավոր համագործակցության համար:
Եռօրյա գիտաժողովի թեմաներից են եղել Հայաստանի աստղագիտական ժառանգությունը, հնագույն աստղագիտությունը, աստղագիտությունը միջնադարում և հնագույն մշակույթներում, էթնոաստղագիտությունը, փիլիսոփայության աստղագիտական հիմքերը, կրոնը և աստղագիտությունը, աստղալեզվաբանությունը, աստղահերալդիկան, հանրամատչելի աստղագիտությունը, ինչպես նաև աստղագիտությունը բանահյուսությունում և պոեզիայում:
Հայակական աստղագիտական ընկերությունը նախատեսում է հաջորդ տարի ևս անցկացնել միջազգային գիտաժողով, որը նվիրված կլինի տարածաշրջանի աստղագիտությանը: