42.000 մարդ աշխարհի 44 երկրում պարում է նույն պարը


42.000 մարդ աշխարհի 44 երկրում պարում է նույն պարը

  • 28-06-2016 17:57:51   | Հայաստան  |  Մշակույթ

Բրիտանական խորhրդի նախաձեռնությամբ և աջակցությամբ հունիսի 28-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի բացօթյա հարթակում Սոֆի Դեւոյանի «Պարի եւ հոգու թատրոնը» միացավ Միացյալ Թագավորության «Մեծ պարահանդես» փառատոնին և ներկայացրեց միջագային ճանաչում ունեցող պարուսույց Աքրամ Խանի բեմադրած պարը:
 
«Մեծ պարահանդես» փառատոնն անցկացվում է արդեն տասներորդ անգամ և իր շուրջն է համախմբել 42.000 մարդու աշխարհի 44 երկրից: Լոնդոնում հատուկ բեմադրված պարը սովորել և իրենց երկրներում ներկայացրել են Լատինական Ամերիկայի, Ավստրալիայի, Աֆրիկայի, Հեռավոր Արևելքի և ԱՄՆի բնակիչները:  
 
Հայաստանը ևս միանում է այս շարժմանը և ներկայացնում Աքրամ Խանի պարային բեմադրությունը, որը նախատեսված է պարային հմտությունների տարբեր մակարդակներին տիրապետող մարդկանց համար, սակայն միաժամանակ այն հնարավորություն է տալիս բոլոր մասնակիցներին լինել փոխկապակցված և մեծ շարժման անփոխարինելի մասնիկ:
 
«Սա հրաշալի նախաձեռնություն է, որին ուրախ ենք միանալ Բրիտանական խորհրդի աջակցությամբ: Այս պարը կարող են պարել բոլոր ցանկացողները անկախ տարիքից, փորձից և կարողություններից: Մեր հիմնական նպատակն է պարելու հաճույքն ու բավականությունը վայելելը, և լինել մեծ շարժման մաս», - ասում է «Պարի եւ հոգու թատրոն»-ի հիմնադիր ղեկավար Սոֆի Դևոյանը:
 
«Պարզապես հրաշալի զգացողություն է բեմադրել պար և այնուհետև տեսնել, թե ինչպես է այն բեմադրվում աշխարհի տարբեր անկյուններում`ամենուր յուրովի և յուրօրինակ»,-ասում է պարուսույց Աքրամ Խանը: Բազմաթիվ մրցանակների արժանացած պարուսույցը 2000 թվականին հիմնադրել է իր պարային խումբը և շրջել աշխարհի տարբեր երկրներում: 2012 թվականին նրան պարախումբը հանդես է եկել Լոնդոնի Օլիմպիական խաղերի բացման արարողությանը: 
 
Փառատոնը մեկնարկել է Լոնդոնում մայիսի 20-ին, երբ հազարավոր անգլիացիներ միացել են շարժմանը, և պարը ներկայացրել ոչ միայն Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում, այլև իրենց համայնքներում:
 
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ