Արարատի մարզի համայնքներում կտեղադրվեն 6 հակակարկտային կայաններ


Արարատի մարզի համայնքներում կտեղադրվեն 6 հակակարկտային կայաններ

  • 30-06-2016 17:38:32   | Արարատի մարզ  |  Տնտեսություն

Կառավարության որոշմամբ գումար կհատկացվի նաև ՀՀ Արարատի մարզպետարանին՝ մարզում կարկուտի և ուժեղ քամու հասցված վնասի հետևանքով առաջացած հիմնախնդիրների լուծման, Վերին Արտաշատ համայնքի «Լուսնթագ» մանկապարտեզի խաղահրապարակի կառուցման և բակի մասնակի բարեկարգման համար:
 
Հովիկ Աբրահամյանի Արարատի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում հողօգտագործողները ՀՀ վարչապետին ներկայացրել են  մարզում  հակակարկտային   կայաններ  տեղադրելու  խնդրանք: Այսպիսով՝ հետագայում կարկուտի հասցրած վնասներից խուսափելու համար անհրաժեշտ է մարզի Դվին  (2),  Վերին  Արտաշատ  (2)  Հնաբերդ  (1), Այգեզարդ (1) համայնքներում տեղադրել 6 հակակարկտային կայաններ: Իսկ «Լուսնթագ» մանկապարտեզը կառուցվել է 1975թ.-ին: 2011-2012թթ. ՀՀ պետական բյուջեի միջոցներով կատարվել են պատուհանների փոխարինման և ներքին հարդարման, ինչպես նաև համայնքի միջոցներով՝ ջեռուցման անցկացման և խոհանոցի վերանորոգման աշխատանքներ: Անհրաժեշտ է կատարել նաև խաղահրապարակի կառուցման և բակի մասնակի բարեկարգման աշխատանքներ:
Գործադիրի մեկ այլ որոշմամբ գումար կհատկացվի ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը՝ Արարատի մարզի Հնաբերդ համայնքում հողերի մշակության և գյուղատնտեսական աշխատանքների լիարժեք կազմակերպումն ապահովելու նպատակով գյուղատնտեսական տեխնիկա ձեռք բերելու համար: Հիմնավորման համաձայն՝  համայնքի գյուղատնտեսական տեխնիկան ֆիզիկապես մաշված է, հաճախակի խափանման պատճառով  գյուղատնտեսական աշխատանքները լիարժեք չեն իրականացվում և վարելահողերի զգալի մասը չի մշակվում: Ընդունված որոշումը հնարավորություն կընձեռի ցանքաշրջանառության մեջ ընդգրկել համայնքի չօգտագործվող վարելահողերը, մշակաբույսերի վեգետացիայի ընթացքում կիրառվող ագրոտեխնիկական աշխատանքներն իրականացնել որակով, ինչն էլ իր հերթին կնպաստի բերքատվության բարձրացմանը:
 
 
Կլուծվեն հանրակացարաններում երկար տարիներ բնակվող ընտանիքների  բնակարանային խնդիրները
 
Հանրակացարաններում երկար տարիներ բնակվող տեղաբնակ բնակիչների և նրանց ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Որոշմամբ՝  ՀՀ Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի ուսուցչի տանը և Երևան քաղաքի Մոլդովական փող. թիվ 70 հասցեում գտնվող հանրակացարանային թիվ 1 մասնաշենքում բնակվող ՀՀ քաղաքացիներին (6 ընտանիք) կնվիրաբերվեն իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները: 
Գործադիրի մեկ այլ որոշմամբ ՀՀ Արագածոտնի մարզի Աղձք համայքին կնվիրաբերվի տարածք՝ համայնքային մանկապարտեզ կառուցելու նպատակով: Մանկապարտեզը կկառուցվի «Հայաստան համահայկական հիմնադրամի» միջոցով: Աղձքի նորակառույց մանկապարտեզ կհաճախեն նաև հարևան Ագարակ, Օրգով և Տեղեր համայնքների երեխաները:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն