Գառնիում եւ Գեղարդում տեղի ունեցավ «Ազգային ավանդական խաղեր» խորագրով «Վարդավառ» միջազգային փառատոնը


Գառնիում եւ Գեղարդում տեղի ունեցավ «Ազգային ավանդական խաղեր» խորագրով «Վարդավառ» միջազգային փառատոնը

  • 04-07-2016 01:19:32   | Հայաստան  |  Մշակույթ

Ամենամյա «Վարդավառ» միջազգային փառատոնն այս տարի անցկացվեց հուլիսի 3-ին  մշակույթի գանձարանի մասը կազմող հուշարձաններում՝ Գեղարդում և Գառնիում:
 
Փառատոնի բացման հանդիսավոր արարողության մեկնարկը տրվեց  ՀՀ Կոտայքի մարզի փոխմարզպետ Կարեն Մարգարյանի և Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանի կողմից: Փառատոնի բացմանը  ներկաներին եւ արտերկրից ժամանած հյուրերին ներկայացվեցին  Վարդավառին նվիրված տաղավարներ, որոնցից ամեն մեկը հյուրերին ներկայացնում էր Վարդավառի տոնի մեկ տարրը: Տաղավարներում Հայաստանի տարբեր մարզեր ներկայացնում էին Վարդավառ տոնի իրենց բնորոշ ավանդույթները, ուտեստները, ձեռագործ աշխատանքները: 
 
Փառատոնին  Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ, «Վարդավառ» միջազգային փառատոնի ղեկավար Ատոմ Մխիթարյանը նշեց, որ ամեն տարի փառատոնը ունենում է տարվա խորագիր, իսկ  այս  տարի փառատոնը կրում է  «Ազգային ավանդական խաղեր» խորգիրը: Նա տեղեկացրեց նաեւ, որ փառատոնը նշելու հետ մեկտեղ իրենք ներկայացնելու են  հայկական  ավանդական խաղերը: « Մենք փորձել ենք  երիտասարդ խաղավարների միջոցով վեր հանել այն խաղերը, որոնք մեր նախնիներն են խաղացել»,- ասաց Ա. Մխիթարյանը միեւնույն ժամանակ նշելով, որ  փառատոնին ամեն տարի մասնակցում են հարյուրավոր եվրոպացի երիտասարդներ, որն էլ իր հերթին  մեծապես նպաստում է հայկական մշակույթի, ավանդույթների տարածմանն ու Հայաստանի կերպարի ձևավորմանն այլազգիների շրջանում:  Ինչպես նաեւ պատրաստելու ենք ամբողջ փառատոնը ամփոփող ֆիլմ, որը հետագայում տարածելու ենք և նվիրելու ենք բոլոր մասնակիցներին»,- ասաց Ա. Մխիթարյանը հավելելով որ այս ամենը կունենա ուսուցողական, ճանաչողական, կրթական և մշակույթային բնույթ:
 
ՀՀ Կոտայքի փոխմարզպետ Կարեն Մարգարյանն էլ  շրջելով տաղավարներով, իր գոհունակությունը հայտնեց,  որ տաղավարներում պահպանվել են յուրաքանչյուր մարզին բնորոշ ազգային ավանդույթները: «Փառատոնը մշակույթային երկխոսություն է ձեռք բերել Հայաստանի այլ մարզերի միջև և մենք սիրով ընդունում ենք նրանց մեր մարզում: Միջոցառումը միտված է մեր ազգային ավանդույթների պահպանմանը, պատշաճ ներկայացմանը և այդ բազայի հիման վրա նոր ավանդույթների ստեղծմանը»,-ասաց  փոխմարզպետ:
 
«Նոյյան Տապան »-ի թղթկցի հետ զրույցում Արագածոտնի ներկայացուցիչ Նարինե  Մեսրոպյանը տեղեկացրեց, որ իրենց տաղավարում հյուրերը  Վարդավառի սովորություններն ու խորհրդանիշերը` խնձորը, վարդաջուրը, վարդերը եւ նաեւ խաչերը, որոնք կապված են ցորենի հասկերից. «Ինչպես նաեւ ունենք բարեմաղթանքներ, որոնք խնձորների հետ մենք նվիրում ենք մեր հյուրերին»: վերջինիս խոսքերով այն ինչ իրենք իրենց տաղավարում այսօր ներկայացրել են հանրությանը , այս ամենը բնորոշէ հենց Արագածոտնին:
 
Նշենք, որ միեւնույն ժամանակ միջոցառումներ էին ընթանում նաև Գեղարդի վանքում: Այստեղ տեղի ունեցավ Տիրոջ Պայծառակերպությանը նվիրված Սբ Պատարագ, որին հաջորդեց մատաղի օրհնության արարողությունը: Ինչից հետո այն բաժանվեց ժողովրդին: 
Մատաղի օրհնության արարողության ավարտին  վանքի բակում «Վան», «Ակունք» ազգագարական երգի¬պարի համույթների և «Վահագն» դհոլահարների անսամբլի մասնակցությամբ հնչեց ազգային երգ¬-երաժշտությունը: 
 
Նշենք, որ միջոցառման ընթացքում  Գառնու տաճարի տարածքում բացվեց ՀՀ 125 մետրանոց եռագույն դրոշը, որը փառատոնի մասնակիցնեը իրենց գլխավերևում պահած պտտվեցին տաճարի շուրջը: Այնուհետև «Վան», «Ակունք», «Վերադարձ» և «Մասունք» ազգագրական երգի¬պարի համույթների դերասանների մասնակցությամբ ցուցադրվեց իրենց բեմականացրած ծիսակատարություն, որի նպատակն էր պատմել Վարդավառի ավանդական պատմությունը, որին հաջորդեցին  Վարդավառի տոնին նվիրված ազգային պարեր և շուրջպարն ինչպես նաեւ ազգային ավանդական խաղերը, որտեղ իրենց մասնակցությունն ունեցան նաև փառատոնի մասնակիցները: 
 
Մերի Հունանյան«Նոյյան Տապան »
 
Նոյյան տապան  -   Մշակույթ