ՀՀ-ում օտարերկրյա կազմակերպությունների աջակցությամբ «Ոսկե ծիրան»-ի մասնակիցները կդիտեն արտասահմանյան նոր ֆիլմեր


ՀՀ-ում օտարերկրյա կազմակերպությունների աջակցությամբ «Ոսկե ծիրան»-ի մասնակիցները կդիտեն արտասահմանյան նոր ֆիլմեր

  • 06-07-2016 15:27:50   | Հայաստան  |  Հասարակություն

«Ոսկե ծիրան» Երևանի 13-րդ միջազագային կինոփառատոնն ինչպես նախկինում, այնպես էլ այս տարի համագործակցելու է Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների հետ, որի շրջանակներում ցուցադրվելու են Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի լավագույն նոր ֆիլմերը: Ինչպես հուլիսի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը, ավանդույթի համաձայն` այս տարի ևս ՀՀ-ում մի շարք արտասահմանյան կազմակերպությունների աջակցությամբ անցկացվելու է «Ֆրանսիական նոր կինո», «Գերմանական կինոյի օր», «Շեքսպիրն ապրում է կինոյում» ծրագրերը, ինպես նաև ցուցադրվելու են ռուսական արտադրության մի շարք ֆիլմեր:   
 
«Ինչպես արդեն տեղեկացրել ենք այս տարի «Ոսկե Ծիրան»-ի բացումը տեղի կունենա Մոսկվա կինոթատրոնում: Ցանկանում եմ Ձեզ ներկայացնել ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության Արտակարգ եւ լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերին, ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության ժամանակավոր հավատարմատար Նիկոլա Ֆային, Հայաստանում Բրիտանական խորհրդի ներկայացուցիչ Նարեկ Թովմասյանին և Երևանում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի տնօրեն Մարկ Կալինինին. նրանց ներկայացրած կազմակերպությունների հետ համագործակցությունը շարունակում է աճել և նոր պտուղներ տալ:,- ընդգծեց Ս. Հարությունյանը` հավելելով, որ փառատոնի մասնակիցները հնարավորություն են ունենալու դիտելու և վայելելու գերմանական ու ֆրանսիական լավագույն ֆիլմերը, ռուսական ֆիլմերի պրեմիերաները:
Ի դեպ, այս տարի փառատոնը լուսաբանելու է նաև ռուսական մշակութային «Կուլտուրա» հեռուստաալիքը: Այդ նպատակով Երևան են ժամանելու հայտնի կինոքննադատներ և լրագրողներ Կիրիլ Ռազգլովը, Բորիս Նելեպոն, Եվգենի Մայզլը և Աննա Ուրմանցևան: 
Ս. Հարությունյանը նաև նշեց, որ հայ կինեմատոգրաֆիստների աշխատանքների միջոցով քրդական թեման կբարձրանա էկրան, և աշխարհը ևս մեկ անգամ կտեղեկանա, որ հայկական կինոն դեռևս 90 տարի առաջ է անդրադարձել քրդերի ու եզդիների թեմային:
Հայաստանում Գերմանիայի Դաշնային հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը նշեց, որ ուրախ է անձամբ ներկա գտնվել Հայաստանում՝ «Ոսկե ծիրան»-ի հերթական ասուլիսին:
«Ես համոզվեցի, թե որքան հեղինակավոր է «Ոսկե ծիրան» կինոփառատոնը, որքան պրոֆեսիոնալ են աշխատում այստեղ. հաշվի առնելով փառատոնի հռչակը, մեր դեսպանատունը շահագրգիռ է աջակցել փառատոնին»,- ասաց Մ. Քիսլերը` տեղեկացնելով, որ 2004 թվականից ի վեր Գերմանիան փառատոնին ներկայանում է Գյոթե ինստիտուտի հետ համատեղ:
«Մենք 13 տարիների ընթացքում 200 գերմանական ու համատեղ արտադրության ֆիլմեր ենք ցուցադրել: Այս տարի փառատոնին կլինի երեք ֆիլմ. առաջինը`  «24 շաբաթ»-ն է, որը Բեռլինի կինոփառատոնում է ցուցադրվել. այն Գերմանիայում էկրան կբարձրանա միայն այս տարվա աշնանը: Երկրորդ ֆիլմը՝ «Թոնի Էրդմանն» է, որը Կաննի կինոփառատոնի շրջանակում է էկրան բարձրացել, կներկայացնենք նաև Ֆրեդ Քելեմենի ֆիլմերը»,- ասա Մ. Քիսլերը:
 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության ժամանակավոր հավատարմատար Նիկոլա Ֆայի խոսքերով` իրենց համար պարզապես հաճույք է մասնակցել «Ոսկե ծիրան» կինոփառատոնին, որը համախմբում է կինոյի սիրահարներին՝ հայկական ծիրանի անգնահատելի բույրով համեմված:
Ըստ նրա, Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ կկայանա «Ֆրանսիական նոր կինո» ծրագիրը, որը ներառում է վերջին շրջանում նկարահանված լավագույն ֆիլմերը:
«Այս տարի ֆրանսիական ֆիլմերի հարուստ և որակյալ ներկայություն կլինի փառատոնին, ընդհանուր առմամբ՝ 12 ֆիլմ կցուցադրվի, որոնցից 6-ը՝ վավերագրական ֆիլմեր են: Մրցութային է Միա Հանսեն-Լյովեի «Գալիք» ֆիլմը՝ Իզաբել Յուպերի դերակատարմամբ»,-ասաց նա,  ավելացնելով, որ փառատոնը կհյուրընկալի հանրահայտ դերասանուհի Ժակլին Բիսեթին: 
Հայաստանում Բրիտանական խորհրդի ծրագրերի պատասխանատու Նարեկ Թովմասյանի տեղեկացմամբ`  փառատոնը Բրիտանական խորհրդի և դեսպանատան հետ միասին կներկայացնի «Շեքսպիրն ապրում է կինոյում» ծրագիրը՝  նվիրված անգլիացի հռչակավոր գրող Վիլյամ Շեքսպիրի մահվան 400-րդ տարելիցին. «Դա կլինի հրաշալի ծրագիր, որի ընթացքում յուրաքանչյուր օր վարպետների կողմից նկարահանված մեկ ֆիլմ կներկայացվի»,- ասաց նա: 
2016 թվականին Ռուսաստանում հայտարարված է կինոյի տարի: 
Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի տնօրեն Մարկ Կալինինի փոխանցմամբ` շատ կարևոր է, որպեսզի ռուսական կինոն լավ ներկայանա ոչ միայն իրենց երկրի ներսում, այլև դրսի հեղինակավոր հարթակներում:
«Ոսկե ծիրան»-ի շրջանակներում կներկայացվի 5 ռուսական արտադրության ֆիլմ, որոնցից 4-ը` մրցութային է: 
Բացի վերոնշյալ կազմակերպությունների հետ համագործակցությունից, «Ոսկե ծիրան»-ը արտամրցութային ծրագրում Լեհաստանի դեսպանության հետ համատեղ իրականացնելու է «Լեհական կինոյի օր» ծրագիրը, որի ընթացքում ցուցադրվելու է Լոկառնոյի կինոփառատոնում լավագույն ռեժիսուրայի համար մրցանակ ստացած Անջեյ Ժուլավսկու «Կոսմոս» ֆիլմը: 
Հիշեցնենք, որ այս տարի  հուլիսի 10-ին «Մոսկվա» կինոթատրոնում «Զարեհ» ֆիլմով կազդարարավի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողության մեկնարկը: 
 
Մերի Հունանյան, «Նոյյան Տապան»  
 
Նոյյան տապան  -   Հասարակություն