«Ժամանակակից հայ գրականությունը գոլ ջրի կարգավիճակում է». Սոնա Վան


«Ժամանակակից հայ գրականությունը գոլ ջրի կարգավիճակում է». Սոնա Վան

  • 06-07-2016 15:19:29   | ԱՄՆ  |  Մշակույթ

«Առավոտը» բանաստեղծուհի Սոնա Վանից հետաքրքրվեց՝ արդյոք իր կարծիքով այսօր աշխարհում մրցունա՞կ է արդի հայ գրականությունը, մենք նշմարվո՞ւմ ենք աշխարհի գրական քարտեզի վրա, թե՞ դա միայն օտար հողում ծնված հայազգիներին է վերաբերում, օրինակ, Փիթեր Բալաքյանին:
 
«Կրկի՛ն շնորհավորեմ Փիթերին, մրցանակը ազգային հպարտության է արժանի, հատկապես որ գիրքը Ցեղասպանության թեման է շոշափում: Փիթերին ես հրաշամանուկ եմ անվանում (մի քանի օր եմ անցկացրել նրա տանը, ճանաչում եմ նրա կենսաձեւը): Նա էպոսի հերոսի կերպար է, խենթուկ` օժտված խղճի բանականությամբ, բնածին նախնականությամբ եւ ձեռբերովի քաղաքակրթությամբ: Ցավոք սրտի, ինչպես եւ Սարոյանը, նրա ձեռքբերումը եւս հայ գրականության ձեռքբերում չի կարելի համարել, եւ այդ առումով բացի ազգային հպարտությունից, մեր մշակութային քարտեզի վրա ոչինչ չի հավելում: Ժամանակակից հայ գրականությունը գոլ ջրի կարգավիճակում է, եւ ես դա բացատրում եմ հայ գրողի հոգում տիրող նույնանման ջերմաստիճանով: Բնատուր տաղանդը եւ գրական շնորհներ կրողները շատ կան, բայց չկա բառային ու ձայնային քաոսից առանձնացող ձայն: Սրանում մեղավոր է նաեւ համահավասարեցման սկզբունքով աշխատող քննադատական տրակտորը, հավերժական արժեքները միայն անցյալում որոնողի ծույլ աչքը: Գրողը կորցրել է իր արարքի առաքելության զգացումը, գրում է ինքն իր համար, կարդում միայն իրեն: Չկա անհանգստության ու վերաբերմունքի կիրքը եւ եթե կա` ապա դա ոչ թե իրականությանն է ուղղված, այլ իր կողքի գրողին: Այլապես իշխողը հիմնականում հաշտվողականությունն է եւ վերաբերմունքի պակասը` ինչը շատ ձեռնտու է գլխացավանքից փախչող իշխանությանը, բայց ոչ` երկրին ու հատկապես գրականությանը: Սա, իհարկե, ընդհանո՛ւր դիտարկում է եւ բացառություններին չի վերաբերում: Ես, անձամբ, չեմ դադարում հայ հանճարի հավերժականությանը հավատալուց»,-ասաց բանաստեղծուհին:
 
Հարցազրույցի մանրամասները՝ հուլիսի 7-ի տպագիր «Առավոտում»:  
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play