Թբիլիսիում քննարկվել է վրացական տարանցիկ միջանցքով բեռնափոխադրումների և մայրուղիների հարցը
06-07-2016 18:33:02 | Վրաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Հուլիսի 6-ին Թբիլիսիում հանդիպում է կայացել Վրաստանի վարչապետի և Հայաստանի Հանրապետության Տրանսպորտի հարցերով նախարարի միջև:
«Հանդիպման ընթացքում խոսքը վերաբերել է վրացական տարանցիկ միջանցքով բեռնափոխադրումներին և մայրուղիներին, որոնց զարգացումը միջազգային չափանիշների համաձայն՝ Վրաստանի առաջնայնությունն է: Քննարկվել է տարանցիկ միջանցքի հարցը (Е-60 մայրուղի), ինչպես նաև Մցխեթա-Լարս և Թբիլիսի-Լագոդեխի: Հատկանշվել է, որ Հայաստանի համար բեռնափոխադրումների տարանցիկությունը հարմար է Ռուսթավի-Սադախլո և Թբիլիսի Գեգութի մայրուղիներով: Հանդիպման ընթացքում նաև քննարկվել են Խաշուրի-Ախալցխա-Նինոծմինդա մայրուղու զարգացման հեռանկարները: Հանդիպմանը ներկա էին նաև Վրաստանի Տնտեսության նախարարը, Վրաստանի Տարածաշրջանային զարգացման նախարարը և Ավտոմեքենաների ճանապարհների հարցերով դեպարտամենտի նախագահը», -ասված է Վրաստանի Կառավարության մամլո-ծառայության տարածած հայտարարությունում:
Ռուսական սահմանի ուղղությամբ երթևեկությունը կրկին վերականգնված է: «Դարիալի կիրճով անցնող մայրուղու երթևեկությունը վերականգնված է: Տեղաշարժը կիրականացվի հատուկ ռեժիմով՝ առավոտյան 05:30-ից մինչ երեկոյան 20:00: Հաճախակի անձրևների սկսման դեպքում Վրաստանի օդևերևութաբանների երաշխավորմամբ տվյալ մայրուղու երթևեկությունը հնարավոր է ժամանակավորապես սահմանափակվի», -ասված է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման նախարարության հայտարարությունում:
Հուլիսի 6-ին Վրաստան է ժամանել ԱՄՆ-ի պետքարտուղարը: «Ես ուրախ եմ, որ այցելել եմ Վրաստան ՆԱՏՕ-ի անդամ-երկրների գագաթաժողովի նախաշեմին, քանի որ հիանալի հասկանում եմ, որ ՆԱՏՕ-ին անդամակցությունը ձեր երկրի առաջնայնությունն է: Մենք ընդունում ենք ձեր պետությունում անցկացված բարեփոխումները», -վարչապետի հետ հանդիպման ընթացքում հայտնել է Ջոն Քերին:
«Մենք հպարտանում ենք այն ներդրումով, որը դուք իրականացնում եք Վրաստանի ապագայի սահմանազատման համար: Այսօրվա դրությամբ մեր ներդրումը կազմում է 4 500 000 000 դոլար: Մենք անխոնջ աշխատում ենք մեր ռազմավարական համագործակցի համար այնպիսի կարևոր բաղադրիչի համար, ինչպիսին է անվտանգության բաղադրիչը», -հուլիսի 6-ին հայտնել է ԱՄՆ-ի Պետքարտուղարը:
«Սա Վրաստան կատարած իմ երկրորդ այցելությունն է, և առաջինը Պետքարտուղարի պաշտոնում: Ես համտեսել եմ խաչապուրի և յուրահատուկ գինի: Չեմ հասկանում, թե ինչու այստեղ չէի վերադարձել ավելի շուտ: Եթե ինձ հարկավոր չլիներ մեկնել Կիև հանդիպումներ անցկացնելու համար, ես հաճույքով այստեղ ավելի երկար կմնայի: Հնարավոր է, երբ ես ավարտեմ այցելությունները, հնարավորություն ունենամ այստեղ վերադառնալ», -Վրաստանի վարչապետի հետ հանդիպման ավարտին հայտնել է ԱՄՆ-ի Պետքարտուղարը:
«ԱՄՆ-ի պետքարտուղարի այցելությունը Վրաստան ԱՄՆ-ի և Վրաստանի միջև ռազմավարական ակտիվ համագործակցության հերթական ապացույցն է», -հուլիսի 6-ին հայտնել է Վրաստանի Արտաքին Գործերի նախարարը: