Անդրանիկ Աբովյանը փայլել է «Աշխարհի երիտասարդ բալետ»-ում.«Առավոտ»


Անդրանիկ Աբովյանը փայլել է «Աշխարհի երիտասարդ բալետ»-ում.«Առավոտ»

  • 07-07-2016 18:16:19   | Հայաստան  |  Մշակույթ

«Առավոտ». Վերջերս Սոչիում կայացավ բալետի արտիստների Յուրի Գրիգորովիչի անվան «Աշխարհի երիտասարդ բալետ» 6-րդ միջազգային մրցույթը, որին 2008թ. հայաստանցի բալետի արտիստներ Ռուբեն Մուրադյանը եւ Սեւակ Ավետիսյանն արժանացել էին ոսկե եւ արծաթե մեդալների:
 
Այս անգամ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենապարող Անդրանիկ Աբովյանն արժանացավ առաջին կարգի դիպլոմի: Անդրանիկ Աբովյանը Երեւանի օպերային թատրոնում է 2002թ.-ից, այս ժամանակահատվածում մասնագետներն ու հանդիսատեսը գնահատել են նրա հատկապես սպայի եւ Էսկամիլիոյի դերապարերը Բիզե- Ռոդիոն Շչեդրինի «Կարմեն» սյուիտում, Խաչատրյանի «Սպարտակում»՝ հովիվը… «Առավոտի» հետ զրույցում էլ արվեստագետն ասաց, որ պատրաստվում է գալիք թատերաշրջանում հանդես գալ Ադանի «Ժիզելում» (պա-դե-դե), խաչատրյանական ներկայացումներում՝ «Գայանեում»՝ Կարեն, «Դիմակահանդեսում»՝ խեղկատակ, ինչպես նաեւ ընդգրկված է օգոստոսի վերջին կայանալիք Հարո Ստեփանյանի «Սասունցի Դավիթ» օպերային ներկայացման մեջ: հայ արտիստը մրցելույթների ժամանակ: Անդրանիկ Աբովյանը (աջից)՝ Մարինա Լեոնովայի եւ Յուրի Գրիգորովիչի հետ: Հետաքրքրվեցինք՝ ինչպես եղավ իր թեկնածությունը Գրիգորովիչի անվան մրցույթին մասնակցելու համար: Անդրանիկ Աբովյանն ասաց, որ գարնանը օպերային թատրոնը ստացել էր մրցույթի հրավեր, իսկ իր թեկնածությունն առաջադրել է գլխավոր բալետմայստեր Վիլեն Գալստյանը: Երիտասարդ արվեստագետը նշեց, որ մրցույթի հեղինակավոր ժյուրին գլխավորել է մեծանուն Յուրի Գրիգորովիչը, իսկ անդամներն էին հայտնի անուններ՝ խորեոգրաֆներ Բելառուսից Վալենտին Ելիզարեւը, Մոսկվայի պետական խորեոգրաֆիկ ակադեմիայի ռեկտոր, պրոֆեսոր Մարինա Լեոնովան, Ճապոնիայի Նագո բալետի գեղարվեստական ղեկավար Կումիկո Օչին, Դոնեցկի օպերայի եւ բալետի գեղարվեստական ղեկավար Վադիմ Պիսարյովը, Ֆրանսիայից Օլիվիեր Պատիեն, Սան Ֆրանցիսկո բալետի պրեմիեր պարող Վադիմ Սոլոմախինը եւ բալետային մրցույթների միջազգային ֆեդերացիայի գլխավոր տնօրեն, խորեոգրաֆիայի գործիչների միջազգային միության փոխնախագահ, Գրիգորովիչի մրցույթի ժյուրիի պատասխանատու քարտուղար Սերգեյ Ուսանովը: «Վստահ եմ՝ ժյուրիի անդամների անունները ավելի քան խոսուն են: Ես հանդես եկա դասական, ջազ, մոդեռն ոճերում 8 վարիացիաներով, այդ թվում՝ Պետիպայի խորեոգրաֆիայով Բազիլի դերապարով՝ Մինկուսի «Դոն Կիխոտում», Արտյոմ Գեւորգյանի բեմադրությամբ Ջոն Կանդերի ջազային համարով, Արսեն Մեհրաբյանի Տոտո Կուբենչիկի երաժշտությամբ՝ մոդեռն ոճում: Աննկարագրելի մրցակցություն էր տիրում, մասնակցում էին բարձրարվեստ ու բարձրակարգ պարողներ ԱՄՆ-ից, Ճապոնիայից, Իտալիայից, Ռուսաստանից եւ այլ երկրներից»,- հայտնեց Անդրանիկը: Դիտարկմանը՝ սովորաբար ցանկացած մրցույթների ժամանակ պրոդյուսերների կողմից լինում են առաջարկներ, մեր զրուցակիցը հավաստիացրեց, որ 1-2 առաջարկ ինքն էլ է ստացել, բայց դրանք առայժմ «բանավոր» բանակցություններ են, օրինակ, ճանաչված պարող Դիրկ Բադենհորստը հրավիրել է իրեն առաջիկայում մասնակցել մեկ այլ միջազգային մրցույթի: Բադենհորստն առաջինն էր, որ 2012թ. նշանակվեց Հարավային Աֆրիկայի Mzansi Ballet-ի գլխավոր տնօրեն, հետո էլ Joburg Ballet-ի: «Յուրի Գրիգորովիչը հիշեց Երեւանի օպերային թատրոնում 2009թ. իր բեմադրած «Սպարտակը»: Իր ասիստենտ Ռուսլան Պրոնինի միջոցով տեղեկացված էր, որ իր «Սպարտակի» ներկայացումները հաջողությամբ են ընթանում Երեւանում, քանի որ գարնանը Պրոնինը անձամբ էր մեր թատրոնում անցկացրել «Սպարտակի» փորձերը: Ի դեպ, մրցույթի ավարտին Պրոնինն ինձ հրավիրեց մասնակցել առաջիկայում Մոսկվայում կայանալիք մրցույթներից մեկին…»,- հայտնեց Անդրանիկ Աբովյանը: 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ