Նարե Մկրտչյանի «Տան մյուս կողմը» ֆիլմն ինքնության և հերքման համապարփակ պատմություն է


Նարե Մկրտչյանի «Տան մյուս կողմը» ֆիլմն ինքնության և հերքման համապարփակ պատմություն է

  • 12-07-2016 14:46:26   | Հայաստան  |  Մշակույթ

Լոս Անջելեսում ապրող հայ ռեժիսոր  Նարե Մկրտչյանի պապիկն ու տատիկը փրկվել են Հայոց ցեղասպանությունից: Այդ մեծ ողբերգության 100-րդ տարելիցի կապակցությամբ  վերջինս ցանկացել է նկարահանել մի ֆիլմ  ոչ թե կոնկերտ Հայոց ցեղասպանության, այլ ավելի շատ մարդկային տանջանքի պատմության մասին, որն ուղղված կլինի  օտարներին: Այս մասին հուլիսի 12-ին լրագրողների հետ հանդիպմանը  անդրադառնալով իր «Տան մյուս կողմը» ֆիլմին,  որը ներկայացված է փառատոնի  Հայկական համայնապատկեր մրցույթում նշեց  կինեմատոգրաֆիստը:
 
 Վերջինս ներկայացնելով ֆիլմն տեղեկացրեց, որ այն Մայա անունով մի թրքուհու  մասին է, ով  2015 թ-ին պարզում է, որ իր  մեծ տատը ցեղասպանությունը վերապրողներից մեկն է, և որոշում է մեկնել Հայաստան՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին: 
 
«Մայան այս խնդրի մարմնավորումն է, քանի որ և՛ հայ է, և՛ թուրք: Նրա ներսում երկու թշնամի է ապրում. մեկը տառապում է ցեղասպանության պատճառով, իսկ մյուսը՝ հերքում  այդ փաստը»,-ասաց Ն. Մկրտչյանը հավելելով, որ այս վավերագրական ֆիլմն ինքնության և հերքման համապարփակ պատմություն է. մի պատմություն, թե ինչպես է ցեղասպանության փորձառությունը երկուստեք ալիք-ալիք տարածվում  ապագա սերունդների վրա:
 
Ըստ Ն. Մկրտչյանի, ինքն  ցանկացել է նկարահանել մարդկային  ֆիլմ , որի համար էլ փորձել է  գտնել մի թուրքի, ով պարզում է, որ իր մեջ հայի արյուն կա: ու թեեւ դժվար էր  գտնել մի թուրքիով տեսախցիկի առաջ բարձրաձայն կխոսի Ցեղասպանության մասին .«Ինձ հետաքրքրում էր այդ ներքին հակամարտությունը:  Տատիկիս ընտանիքին փրկել են թուրքերը, իսկ պապիկիս ընտանիքի բոլոր անդամներին սպանել են թուրքերը: Այսինքն կրկին մթի ու լույսի պատմություն է: Գտա Մայային: Չգիտեի, որ նա չի ընդունում Հայոց ցեղասպանությունը, քանի որ մեր նամակագրության ժամանակ ասում էր ցեղասպանություն: Շոկ էր ինձ համար, որ նա տեսախցիկի առաջ չասաց ցեղասպանություն բառը: Վատ զգացի: Այս ֆիլմն ինձ համար  նամակ է ուղղված Մայային: Սակայն ֆիլմի նկարահանումից մեկ տարի անց նա խոստովանեց, որ ահավոր վատ է զգում, որ չկարողացավ ասել ցեղասպանություն  բառը՝ վախի պատճառով»,- ասաց նա:
 
Նա ֆիլմը հանդիսատեսի դատին հանձնելուց հետո եկել է այն եզրահանգման որ  երկու ազգի միջև փոփոխություն, ամենայն հավանականությամբ, չի գալու նախագահներից, այլ այն մարդկանցից, ովքեր Հրանտ Դինքի մահից հետո դուրս էին եկել փողոց ու հայտարարում էին, որ իրենք Հրանտ Դինք են, հայ են:
 
«Պետք է սկսել երկխոսություն մարդկային լեզվով: Հույս ունեմ, որ մարդկությունը կհաղթի»,- ընդգծեց ռեժիսորը:
 
Տեղեկացնենք, որ ֆիլմի պրեմիերան կայացել է ԱՄՆ-ում, իսկ հայաստանյան պրեմիերան  տեղի կունենա  «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում:  
 
Մերի Հունանյան «Նոյայն Տապան»
 
Նոյյան տապան  -   Մշակույթ